Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործով՝ ՍԴ-ի կայացրած որոշման էությունը. «Կալանքի հարցը չեք կարող ուղարկել Վճռաբեկից Վերաքննիչ քրեական դատարան»

Մայիս 07,2019 14:09

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում կայացրեց:

Այսօր գրավոր կարգով ՀՀ Սահմանադրական դատարանը քննեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ընթերցեց որոշման տեքստը: Նա մասնավորապես հայտարարեց. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործը չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները  դիմողի նկատմամբ կիրառվել են այդ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Որոշման հրապարակումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ ՀՀ ՍԴ կայացված որոշման էությունն այն է, որ կալանքի հարցը չեք կարող ուղարկել Վճռաբեկ դատարանից նորից Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետև մանրամասնեց. «Կալանքի նախնական որոշումը կայացվել է հունիս- հուլիսին, հետո որոշում էր կայացվել անձեռնմխելիության մասին, որ չի կարող կալանք կիրառվել, հետո նոյեմբերին Վճռաբեկը կրկին գործն ուղարկում է  Վերաքննիչ քրեական դատարան այն նույն կալանքի հարցով, որը բարձրաձայնվել էր դեռ հունիս- հուլիսին: Հենց արդեն դատական օրենսգրքի նորմի էությունն այն է, որ չի կարող գործընթացն այդքան երկար տևել: Այո, վճռաբեկ դատարանը չէր կարող ուղարկել վերաքննիչ քրեական դատարան, երկրորդ՝  այն այլ կերպ է իրացվել երկրորդ նախագահի նկատմամբ: Հետևաբար` այն նոր հանգամանք է հանդիսանում և ենթակա է վերանայման: Վճռաբեկ դատարանն ինքը պետք է կայացներ վերջնական դատական ակտ, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում վճռաբեկ դատարանն այն ուղարկել է Վերաքննիչ քրեական դատարան նորից քննության: Կալանքի հարցը չեք կարող ուղարկել Վճռաբեկից նորից Վերաքննիչ քրեական դատարան: Սա էր ՍԴ-ի որոշման էությունը: Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերին կայացված որոշումը պետք է վերանայվի: Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ չի եղել, որ Վճռաբեկ դատարանում կալանքի վերաբերյալ որոշում կայացվի, հետո ուղարկի Վերաքննիչ, հետո ամիսներ անց կայացվի որոշում, և փաստացի սխալ մեկնաբանմամբ իրացված լինի վերջնական որոշումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031