Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս ի՞նչ եք խոսում. Ս. Սարգսյանն անվերադարձ գնացել է, հիմա ձեզ է վտանգ սպառնում». Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Մայիս 07,2019 13:44

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ցանկանալով մատնանշել, թե նախարարություն դառնալու դեպքում ինչպես են ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, ծառայում մեկ քաղաքական ուժի, մատնանշեց. «Հիշում ենք, թե ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ Ազգային անվտանգության նախարար, Ներքին գործերի նախարար, Պաշտպանության նախարար, վարչապետ, նախագահ: Ուժային կառույցները գործիք են քաղաքական դաշտի մանիպուլացման եւ քաղաքական առաջխաղացման համար»:

Հիշեցնենք, որ ըստ նշյալ նախագծի՝ ուժային կառույցները մնում են որպես վարչապետին ենթակա մարմիններ:

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ուժային կառույցները քաղաքական մարմիններ՝ նախարարություններ դարձնելով, նորից մտնելու ենք նախկին խեղաթյուրված քաղաքական միջավայր:

Աբրահամյանի ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն էր առաջարկում ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ՝ այդ կերպ բացառելով այդ մարմինների՝ վարչապետին ենթակա լինելը:

Մարուքյանը նշեց. «Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ ասում էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ: Բայց այսօր այս դահլիճում այդ թեզիսները դավաճանվում են ձեր կողմից, ո՞նց հասկանանք»:

Էդմոն Մարուքյանը դարձավ նաեւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ Գայանե Աբրահամյանի հիշատակումներին. «Ձեր ելույթից տպավորություն ստացա, թե մտավախություն ունեք, որ Սերժ Սարգսյանը նորից կարող է դառնալ ԱԱԾ պետ, հետո վերամիավորի ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, հետո դառնա Պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ, նախագահ, վարչապետ…ժողովուրդ ջան, այս ինչի՞ մասին եք խոսում…Ախր այդ վտանգները հիմա ձեզ են սպառնում: Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել է, իսկ դուք եկել եք այստեղ ու ասում եք՝ նա ԱԱԾ ղեկավար է եղել, դրա համար պետք չի հիմա ԱԱԾ-ն դարձնել նախարարություն: Դա ի՞նչ ասելու բան է: Նախ Նիկոլ Փաշինյանի խոստումը կատարեք եւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձրեք նախարարություններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031