Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին անվստահության հայտնելու մասին. «Այդպիսի գործընթաց այս պահին մեր օրակարգում չկա». «Հայկական ժամանակ»

Մայիս 07,2019 13:27

Վերջին շրջանում մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցությանը պատրաստվում է դեկտեմբերին վարչապետ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթաց սկսել։ Սակայն Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետին անվստահություն կարող են հայտնել միայն խորհրդարանական ուժերը, ավելի կոնկրետ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու։ Իսկ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո։ Եվ եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո։ ՀՅԴ-ի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հնարավոր մտադրության եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՅԴ նորընտիր ԳՄ անդամ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հետ։

– Պարոն Մինասյան, մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՅԴ-ն պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Արդյոք նման նպատակ ունե՞ք, եւ եթե այո, ինչպե՞ս եք պատկերացնում ընթացակարգը, երբ դրա լիազորությունն ունեն միայն խորհրդարանական ուժերը։

–  Այդպիսի գործընթաց այս պահին մեր օրակարգում չկա։ Մենք հետեւողականորեն քննարկման առարկա ենք. դարձնում կառավարության, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեությունը։ Մեր նպատակն Է ոչ միայն հայտարարված քաղաքականությունը եւ իրականացվողը իրար հետ համադրելի վերլուծել, նաեւ մեր հասարակության, պետության կյանքում բազմաթիվ կարեւոր հարցեր դարձնենք նաեւ կառավարության եւ ԱԺ-ի ուշադրության առարկա: Հիմնական հարցերից մեկն օրինա­կանության հարցն է: Ինչպես որ կառավարու­թյունն ու դրա ղեկավարը մշտապես կարեւորում են սահմանադրականությունն ու օրինա­կանությամբ առաջնորդվելու սկզբունքը, մենք նույնպես սա մեր կենտրոնական հարցերից մեկն ենք համարել: Սա մեզ համար սկզբուն­քային հարց է, որովհետեւ մի երկիր, որտեղ իշ­խանությունն անտեսում է օրինականության սկզբունքը, չի կարող առաջընթաց ունենալ: Գուցե սա է պատճառը, որ նման հրապարա­կումներ են եղել, բայց կարեւոր է նաեւ, որ կարո­ղանանք ճշգրիտ քաղաքական եւ իրավական գնահատական տալ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկրում:

– ՀՅԴ-ն պարբերաբար խոսում է կառավա­րության արած սխալների եւ ձեռքբերումների մասին, բայց այս մեկ տարին բավարա՞ր է ար­դեն անվստահություն հայտնելու մտադրու­թյուն ունենալու համար:

– Անվստահություն հայտնելու գործընթացն առնվազն մեկ տարի հետո կարող է իրակա­նացվել, իսկ դա նշանակում է, որ տրամաբա­նական չէ դեկտեմբերին նման գործընթաց սկ­սել: Մյուս կողմից այս գործընթացը նաեւ են­թադրում է կոնստրուկտիվ անվստահության գործընթաց, այսինքն՝ ցանկացած ժամանակ, եթե խորհրդարանում նախատեսվում է նման գործողություն, պետք է ոչ միայն վարչապետի պաշտոնանկության, այլեւ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի, իսկ սա նշանա­կում է, որ ԱԺ-ում առնվազն 50 պլյուս մեկ տո­կոս վստահություն լինի, բայց այս պահին «Իմ քայլը» տիրապետում է շատ ավելի մեծ քվենե­րի, եւ զուտ իրավական առումով անվստահու­թյուն հայտնելու սահմանադրական ընթացա­կարգը գոնե տեսանելի չի:

Մյուս կողմից՝ սա չի նշանակում, որ քաղաքական գործընթացները միայն խորհրդարանի ներսում են։ Դրանք նաեւ դրսում են, մանավանդ որ ներկա իշխանությունը պրակտիկայում ցույց Է տվել, որ թեեւ կարող է ընտրություններով ձևավորված լեգիտիմ խորհրդարան լինել, բայց կարող Է նաեւ վարչապետը ճնշմամբ հրաժարական տա։ Ես չեմ ուզում կանխատեսել կամ ակնկալել, որ նման իրավիճակ կառաջանա, ի վերջո մեր նպատակն այն է, որ իշխանությունը նույնպես հաջողի եւ երկրում իրականացվեն այն փոփոխությունները, որոնց մասին մշտապես խոսվել է:

Անցած մեկ տարվա ընթացքում եղել են թե՛ թերություններ, թե ինչու չէ՝ ձեռքբերումներ։ Սխալների մասին խոսելիս մենք արձանագրել ենք, որ դրանք նախ եւ առաջ այն անորոշություններն են, որի մեջ գտնվում ենք մենք։ Եվ մենք խուսափողական ենք գնահատում իշխանության վարքագիծը արտաքին ճակատում, հատկապես Արցախի հիմնախնդրի կարգավորման մասով։ Ներքին կյանքում բավական լուրջ խնդիր է անհանդուրժողականությունը եւ ազգային արժեքների նկատմամբ մի շարք ոտնձգությունները, որոնք իշխանության կողմից ժամանակին չեն կանխվում, կամ այդ ուղղությամբ հստակ մոտեցումներ չկան, օրինակ՝ եկեղեցու նկատմամբ արվող ոտնձգությունները։ Սա համարում ենք մեր ազգային միասնականության համար սպառնալիքի ձեւավորում։ Ցանկացած ազգ հաջողության է հասնում, երբ միասնականությունն է գերիշխում այդ ազգի մեջ։

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031