«Դե ֆակտո առկա իրողությունները դե յուրե դաշտում չամրագրելը կաշկանդում է մեր գործողություններն ու իրարամերժ իրավիճակներ ստեղծում: Քանզի ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ուղտը նստած, կուզեկուզ ման գալ չենք կարող»,- այսօր Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ, իր ելույթում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Ավելին, ոչ միացում, ոչ անկախության ճանաչում վիճակը, ոչ միայն չի կարող այսպես շարունակվել, այլեւ աշխատում է մեր դեմ»,- հավելեց նա:
Հիմնավորելով դաշինքի կայացման անհրաժեշտությունը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՀ եւ ԱՀ միջեւ համապարփակ համագործակցության եւ փոխհարաբերությունների կարգավորման համար իրավապայմանագրային հիմքեր ապահովելը հրամայական անհրաժեշտություն է եւ այս նպատակադրումը լիովին համահունչ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ բխում է արցախյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացով պայմանավորված մարտահրավերներից եւ խնդիրներից:
«Ակնհայտ է, որ մարդու տարրական իրավունքները չեն կարող շարունակաբար ոտնահարվել կամ անտեսվել, իսկ հումանիտար ծրագրերը արգելափակվել կամ կասեցվել միայն այն պատճառով, որ շուրջ 30 տարի է, ինչ չի հաջողվում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Արցախի Հանրապետության ամբողջ մի սերունդ զրկված է տարրական իր այս լեգիտիմ իրավունքները լիարժեք իրացնելու եւ միջազգային հումանիտար ծրագրերից լիիրավ օգտվելու հնարավորությունից: Այս անարդարությանը վերջ դնելը ոչ միայն հայ ժողովրդի անքակտելի իրավունքն է, այլեւ միջազգային հանրության եւ միջնորդ կողմերի հիմնական պարտավորությունը: Ակնհայտ է նաեւ, որ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված որեւէ ռազմական ագրեսիա կամ սպառնալիք միեւնույն ժամանակ ուղղված է լինելու անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը: Հետևաբար` երկու հայկական պետությունների համար, միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգ ձեւավորելը բնական ու կենսական պահանջ է»,- ասաց նա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
«Այսպիսի դաշինքի կնքումը ոչ միայն կոչված է կարգավորելու Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների հանրային կյանքին առնչվող խնդիրներն ու ապահովելու նրանց իրավունքների անկաշկանդ իրացումը երկու հանրապետություններում եւ արտերկրում, այլեւ նպաստելու հայկական կողմերի համարժեք եւ իրավաչափ մարտավարության իրագործմանը հակամարտության կարգավորման գործընթացում առաջացող տարաբնույթ զարգացումների պարագայում»,- ասաց բանախոսը` հավելելով, որ այսպիսի իրավաչափության եւ համարժեքության հիմքը Ադրբեջանի փաստացի հրաժարումն է խաղաղ կարգավորման պահանջներից եւ լիարժեք բանակցություններից, ինչպես նաեւ նրա կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հարցը լուծելու մարտավարությունը, ըստ որի, Ադրբեջանի անփոփոխ նպատակը եղել եւ մնում է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել սեփական «ադրբեջանական մոդուսին» համապատասխան: Այս պայմաններում, ըստ նրա, լիովին արդարացված են բոլոր այն միջոցները, որոնք կոչված են ամրապնդելու Հայաստանի եւ Արցախի սուվերեն իրավունքից եւ կենսական անհրաժեշտությունից բխող միասնական անվտանգությունն ու լեգիտիմ ինքնապաշտպանությունը: Հետեւաբար, Հայաստանի եւ Արցախի շուրջը շրջափակման եւ պատերազմական իրավիճակով ձեւավորված թշնամական միջավայրում հայ ժողովրդի անօտարելի իրավունքն է միջազգային ճանաչում, հարգանք եւ աջակցություն հայցել իր անվտանգությունն ու զարգացումն ապահովելուն ուղղված քայլերի ու նախաձեռնությունների վերաբերյալ:
Արմեն Ռուստամյանը փաստում է` դաշինքի կնքումը հիմք չի կարող ծառայել հայկական կողմերին մեղադրելու բանակցային գործընթացը խափանելու մեջ. «Նախ եւ առաջ, այն պարզ պատճառով, որ առանց միջազգայնորեն ճանաչված լիարժեք եռակողմ ձեւաչափը վերականգնելու ընթացող հանդիպումները չեն կարող համարվել ամբողջական եւ իրական բանակցություններ, իսկ այդպիսիք տեղի չեն ունենում միմիայն Ադրբեջանի ոչ բանակցելի կեցվածքի պատճառով: 2016թ. ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանի ագրեսիան կանխելու եւ հետ մղելու միակ գործուն միջոցը եղել է, կա եւ մնալու է Հայկական բանակը: Միջնորդ կողմերը դա չկարողացան կանխել եւ չորս օր ուշացան: Հետեւաբար չի բացառվում, որ նույնը կրկնվի: Այսպիսի դաշինքի կնքումը համահունչ է 1994 թ. ստորագրված հրադադարի մասին պայմանագրին, ի դեպ, որի 25- ամյակն է լրանում այս օրերին, լիովին համապատասխանում է այն ստորագրած երեք կողմերի, այդ թվում Ադրբեջանի ստանձնած հանձնառությանը՝ բանակցությունների միջոցով հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու վերջնական հաշտությանը: Ֆորմալ առումով, այսպիսի համաձայնագիրը լիովին համապատասխանում է նաեւ «միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին, ինչը հնարավորություն է ընձեռնում Հայաստանի Հանրապետությանը խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական, տեխնիկական աջակցության եւ այլ հարցերով պայմանագիր ստորագրել անգամ միջազգային իրավունքի սուբյեկտ չճանաչված կողմի հետ»:
Միեւնույն ժամանակ, դաշինքի անհարժեշտությունն ու նշանակությունը բանախոսը փաստում է հետեւյալ տեսանկյուններից. «Ադրբեջանին հակազդելու տեսանկյունից, որը օգտագործում է իր քարոզչության մեջ Արցախի եւ Հայաստանի փոխհարաբերությունների եւ կարգավիճակների չհստակեցված վիճակը: Մասնավորապես, Արցախի որպես սուբյեկտի անտեսումը, Արցախի տարածք այցելությունները անօրինական հռչակելը, հիմնախնդիրը որպես իր ներքին հարց ներկայացնելը եւ խնդրի միջազգային կարգավորումը Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու գործընթացով փոխարինելու քայլերը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հակամարտության որպես միակ կողմ Հայաստանին ճանաչելու հնարավորությունը: Երկրորդ` միջազգային նորմերին եւ ընդունված պրակտիկային համապատասխան կարգավորումներ ապահովելու տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է այն, ինչը պարտավոր էին անել միջազգային կառույցներն ու միջնորդ կողմերը. ապահովել տվյալ տարածքում բնակվող մարդկանց տարրական իրավունքների ու ազատությունների իրացումը՝ անկախ հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքից: Եվ երրորդ`Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգությունը ու պաշտպանությունը ապահովելու տարբեր բնագավառներում երկու կողմերի փոխհարաբերությունները կարգավորելու եւ մեր համազգային կենսական շահերն ու նպատակները արդյունավետ պաշտպանելու եւ հետապնդելու տեսանկյունից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ