Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի ռեժիմը բարձրացնում է խաղադրույքները

Մայիս 07,2019 22:00

Վերջին օրերին, չնայած Բաքվի «ազնիվ խոսքին», ադրբեջանական զինված ուժերը զգալիորեն ակտիվացել են առաջնագծում թե՛ Հայաստանի հետ սահմանին, թե՛ Պաշտպանության Բանակի հետ շփման գծի վրա։

Անցյալ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ էապես նվազեցին սահմանային միջադեպերը, հակառակորդի կրակոցից զոհեր գործնականում չկան։ Սակայն, սա հարցի զուտ վիճակագրական կողմն է։ Գործնականում, այս հարաբերական անդորրն Ադրբեջանն օգտագործեց իր դիրքերում ինժեներական աշխատանքներն ինտենսիվացնելու համար, եւ այդ առումով ակտիվացումն, ըստ մամուլով շրջանառվող տեղեկությունների, նկատվել է սահմանի ողջ երկայնքով՝ Նախիջեւանի հատվածում, Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին եւ Արցախի Պաշտպանության Բանակի դիրքերի դիմաց։ Այնուամենայնիվ, մինչեւ վերջին օրերը հակառակորդը ձեռնպահ էր մնում նշանառու կրակից։

Իրավիճակն, ըստ էության, փոխվեց Հայաստան Դմիտրի Մեդվեդեւի այցի օրվանից, երբ ադրբեջանական զինուժն օրը ցերեկով մի-քանի ժամ կրակի տակ պահեց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Տավուշում՝ կրակ բացելով նաեւ մի քանի հայկական գյուղերի ուղղությամբ։ Իսկ ապրիլի 30-ին հակառակորդի կրակից հայ զինվոր վիրավորվեց Տավուշում։ Սա եզակի միջադեպ չէր, եւ մայիսի 5-ին ծանր վիրավորում ստացավ հայ պայմանագրային զինծառայողն Արցախում։

Իսկ մինչ այդ, մայիսի 3-ին, Արցախի Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, ըստ որի, վերջին շրջանում Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսեւորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով։ Ավելին, նշվում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն Պաշտպանության բանակի առաջնային դիրքերը, այլեւ մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արեւելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արեւելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց։ Արցախի ռազմական գերատեսչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրել վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»: Նույն օրը, մայիսի 3-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է հանդիպել Անջեյ Կասպրշիկի հետ եւ քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին։ Համաձայն հաղորդագրության, նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող, իսկ Կասպրշիկը ներկայացրել է բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները։ Սակայն, ինչպես տեսնում ենք, իրավիճակը դրանից չլիցքաթափվեց, եւ երկու օր անց ադրբեջանական կողմի կրակից արցախյան դիրքերում ծանր վիրավորվեց հայ զինծառայող։

Եվ ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում։ Ակնհայտ է, որ Ալիեւի ռեժիմի մոտ ստեղծվել է մտայնություն, որ այն դրդապատճառները, որոնք նրան ստիպեցին Հայաստանի նոր ղեկավարության կողմից թելադրված օրակարգին ընդառաջել՝ այլեւս չեն գերակշռում, եւ կարելի է գործընթացը տանել ավելի սովորական եւ «հոգեհարազատ» հունով, այն է՝ կառավարելի անկայունության պայմաններում ուժի դիրքերից Հայաստանին ստիպել գնալ ինչ-ինչ միակողմանի զիջումների, դրա հետ մեկտեղ փորձելով ռազմավարությունը ներդաշնակեցնել Մոսկվայի կայսերապաշտական ախորժակի հետ։

Իսկ սա նաեւ նշանակում է, որ Հայաստանի փաստարկները, որոնք ստիպում էին Ալիեւին այլ ելք չունենալով ընդառաջել Երեւանին՝ այլեւս բավականաչափ ազդու չեն, գոնե Բաքվում այդպիսի տպավորություն է ստեղծվում։

Հետեւաբար, Երեւանին այլ ելք չի մնում, քան «ուժեղացնել» այդ փաստարկները քաղաքական քայլերով, Բաքվին «օգնել» վերադարձնել իրականության զգացողությունը եւ ավելորդ անգամ բախտը չփորձել։ Սա՛ է քաղաքական ճանապարհով պատերազմի ճանապարհի փակման միակ եղանակը։ Ըստ այդմ, ռուսական կողմի «օգտակարությունը», առանց որի Բաքուն որեւէ շանս ունենալ չի կարող, պետք է չեզոքացվի։ Իսկ դրա համար հայկական կողմը պետք է ինտենսիվացնի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունների դիվերսիֆիկացումը, հավասարակշռելով Մոսկվայի աննորմալ եւ ասիմետրիկ ազդեցությունը գործընթացի վրա։ Ի վերջո, կյանքը ցույց է տալիս, որ Մոսկվան չափավորում է իր վարքը ոչ թե այն ժամանակ, երբ համարում է, որ մենք իրենցից «ոչ մի տեղ չենք փախչի», այլ այն ժամանակ, երբ համարում է, որ այնուամենայնիվ «կփախչենք», եւ դա հաստատ տեղի կունենա, եթե իր պահվածքով մեզ այլ ելք չթողնի։ Եվ իմաստ չունի կրկնելու այլեւս չարչրկված պոստուլատներն առ այն, թե վճռական պահին քանի ռուսական կոպեկ արժեն «դարավոր բարեկամության» մասին դատարկաբանությունները։

Բացի դրանից, Հայաստանի՝ ռազմավարական առումով մինչ օրս անհստակ քաղաքականությունն ամերիկյան եւ եվրոպական ուղղություններով Մոսկվայում եւ Բաքվում կարող է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը կարող է «անելանելիությունից» ընկրկել իրենց համատեղ շանտաժի առաջ։ Ի դեպ, ամերիկյան եւ եվրոպական քաղաքականությունը տարածաշրջանում, մյուս կողմից, ե՛ւս անհստակ է, ինչն իր հերթին կարող է «ձեռքերի ազատության» տպավորություն ստեղծել Մոսկվայի եւ Բաքվի բռնապետերի մոտ։ Այո, տպավորություն, քանզի իրականությունն ավելի բարդ է, քան նրանց տպավորությունները։
Իհարկե, զինվորականներն իրենք կորոշեն, թե երբ է համարժեք պատասխան տալու ճիշտ տեղը եւ ժամանակը, բայց եւ այնպես, պարզ է, որ որքան էլ խոսում ենք խաղաղության մասին, խաղաղությանը ձգտելու մասին, ինչն անշուշտ իրականություն է, բայց երբ սա դիտարկվում է որպես թուլություն եւ լկտիանալու հնարավորություն, ապա այդ խաղաղության ձգտումը պիտի ամրապնդվի պատերազմին ցանկացած վայրկյան պատրաստ լինելով։ Եվ թող ոչ ոք կասկած չունենա, որ հայկական քաղաքական կաբինետներում եւ ռազմական շտաբերում այդ բոլոր անհրաժեշտ հաշվարկները սեղանին են։ Եվ որքան էլ «խողովակի տիրակալ» բռնապետերը բարձրացնեն խաղադրույքները, հաստատապես պատասխան տալու թե ուժ կա, թե կամք, թե կարողություն, եւ բազմամիլիոն հայության ցասումը գլխին ստանալու հեռանկարը մնում եւ դեռ երկար ժամանակ մնալու է լավագույն եւ ամենաարդյունավետ զսպող գործոնը տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու գործում։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

«Առավոտ» օրաթերթ, 

07.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031