Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումը մեկնարկել է. մասնակիցների ցանկը բավական ուշագրավ է

Մայիս 07,2019 12:10

Այսօր Արցախում մեկնարկեց «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումը: Այն կազմակերպել է ՀՅԴ-ն: Ֆորումը տեղի է ունենում Արցախի խորհրդարանի շենքում: Դրան հրավիրված են Արցախի եւ Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, վերլուծաբաններ:

 

Ֆորումին ներկա են Հայաստանի խորհրդարանի իշխող ուժի «Իմ քայլը» խմբակցության, ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները:

Ներկա են արտախորհրդարանական ՀՀԿ-ի, ՀԴԿ-ի եւ այլ հասարակական քաղաքական միավորների ներկայացուցիչներ, Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, խորհրդարանի նախագահը, Արցախի ԱԱԽ ղեկավար Վիտալի Բալասանյանը:

Ներկա է նաեւ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները ֆորումին չեն մասնակցում: Կազմակերպիչներից հետաքրքրվեցինք` հրավեր ուղարկվե՞լ է: Ի պատասխան փոխանցեցին`հրավերներ ուղարկվել են այն ուժերին, որոնց օրակարգում այս հարցն արդիական եւ կարեւոր է:

Հայաստանում իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գոռ Գեւորգյանն Aravot.am-ի զրույցում իրենց մասնակցությունը ֆորումին այսպես բացատրեց. «Մենք, առհասարակ կարծում ենք, որ ցանկացած նմանատիպ միջոցառում կարեւոր է եւ միտված է տարբեր հարցերի ևս մեկ անգամ պարզաբանմանը, քննարկմանը, կողմերի ևս մեկ անգամ լուսաբանմանը եւ դրանց վերլուծությանը»:

Հետաքրքրվեցինք Հայաստանում իշխող ուժի աջակցությունն այս գործընթացը կստանա՞: «Մենք, առհասարակ, շատ դրական ենք վերաբերվում, այն տեսակի միջոցառումներին, որոնք միտված են հարցի վերաբերյալ նոր դիտարկումներ, քննարկումներ եւ նոր մեկնաբանություններ անելուն: Նմանատիպ հարթակները ցույց են տալիս, որ կա հանրությանը հետաքրքրող չափազանց կարեւոր հարց, որն ունի բազմաթիվ կողմեր: Բայց լուծումն, ըստ էության, պետք է լինի մեկը. այն պետք է համապատասխանի Արցախի եւ ՀՀ հանրապետությունների ժողովրդի կամքին»,- ասաց Գոռ Գեւորգյանը:

 

Ֆորումին մասնակցում է նաեւ ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը: Նա պատգամավորական մանդատը վայր դրեց եւ կուսակցությունից դուրս եկավ անցած տարի Հայաստանում մեկնարկած հեղափոխական գործընթացների ընթացքում, երբ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Aravot.am-ի դիտարկմանը`դաշնակցականի նախկինը չի լինում, նա այսպես արձագանքեց. «Բա ե՞ս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031