«Կառավարությունը շարունակում է ինձ զարմացնել: Ես մշակել էի «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկս պարզ էր՝ կենդանիների խոշտանգման համար սահմանել քրեական պատասխանատվություն՝ ազատազրկում: Կառավարությունն այն քննարկեց, այդ քննարկումների ժամանակ մեր որոշ գործընկերներ, չգիտես ինչու, ուրախանում էին: Նախագիծը դրական ուղերձներով առաջարկներ ստացավ, անգամ ասացին, որ քիչ պատիժ եմ առաջարկում, բայց երեկ կառավարությունից լրացուցիչ գրություն եմ ստանում այն մասին, որ ես պետք է ձեռնպահ մնամ այս նախագծից, քանի որ ԱԺ աշխատանքային խումբը զբաղվում է նման օրենքի մշակմամբ»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ շարունակեց. «Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում եւ ուզում, որ անպայման «Իմ քայլի» կողմից ներկայացվի նման նախագիծ, արեք: Եթե մտածում եք, որ շներն ու կատուներն էլ պետք է շնորհակալություն հայտնեն ձեզ, արեք, բայց արեք արագ, որովհետեւ վիճակագրությունը սարսափելի է: Երեւի մտածեցիք՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն լավ բան անի, հենա մենք կանենք: Արե՜ք: Ես նախագիծս չեմ հանելու շրջանառությունից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ