Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը ստանալու է ճիշտ այնքան աշխատավարձ, որքան ստանում է ՀՀ վարչապետը. «Ժողովուրդ»

Մայիս 07,2019 11:44

Վաղը տեղի է ունենալու. Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ փոփոխություններ կարվեն ավագանու նախկինում ընդունված որոշումներից մեկում։ Բանն այն է, որ այդ նախագծով, որը քննարկվելու եւ քվեարկության է դրվելու հենց վաղը, քաղաքային իշխանությունում ավելանալու են հաստիքներ, եւ բարձրանալու են աշխատավարձերը։

Եվ այդ փոփոխություններով ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 575 հազար դրամի փոխարեն ստանալու է ամսական 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։ Ստացվում է՝ նա ստանալու է ճիշտ այնքան աշխատավարձ, որքան ստանում է ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահն էլ ստանում է 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձ։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար, վարչական շրջանների ղեկավարները՝ 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Եվ քաղաքապետարանի հաստիքացուցակև էլ է աճել, նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։

Ստացվում է, օրինակ, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊՎԾ պետը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ Կամ համեմատության համար նշենք, որ մարզպետները եւ պատգամավորները եւս ավելի քիչ գումար են ստանալու, քան քաղաքապետարանի շատ պաշտոնյաներ։

Ներկայացնենք մի քանի օրինակ. ԱԺ նախագահի տեղակալները ստանում են 925 հազար 960 դրամ, իսկ, օրինակ, քաղաքապետի առաջին տեղակալը՝ 947 հազար, տեղակալները՝ 912 հազար դրամ։ Շատ ավելի հետաքրքիր են, սակայն, այս օրինակները. վարչական շրջանների ղեկավարները ստանալու են 773 հազար դրամ աշխատավարձ, տեղակալները՝ 668 հազար դրամ, աշխատակազմերի քարտուղարները եւս, եւ համեմատության համար նշենք,որ ԱԺ պատգամավորի, մարզպետի, քրեակատարողական ծառայության պետի, փրկարար ծառայության տնօրենի, ոստիկանության պետի առաջին տեղակալի, վարչական եւ առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետեւաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ։ Իսկ նախարարների, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ոստիկանության պետի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ՍԴ դատավորի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի, Հատուկ քննչական ծառայության պետի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի եւ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, հետեւաբար նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ։ Իհարկե, սրանք, այսպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձերն են, եւ պահումներից հետո այլ պատկեր է ստացվում։

Մեկ հետաքրքիր փաստ եւս. քաղաքապետը, է՛լ ավելի ուռճացնելով աշխատակազմը այլ մասերով նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի հետեւանքով այդ կարեւորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի։ Որեւէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031