Խորհրդարանն այսօր քննարկեց «ՀՀ Հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օրենքի նախագիծը 7-րդ գումարման ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Ներկայացնելով նախագիծը՝ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ըստ դրա՝ կարկուտի, երաշտի եւ ցրտահարության պատճառով բերքը 50%-ով վնասված գյուղացիական տնտեսությունները պետք է ազատվեն հողի հարկից. «Նախագիծը չի հակասում որեւէ այլ ծրագրի: Ուսումնասիրել եմ տարածաշրջանի փորձը: Վրաստանում այս նորմը սահմանված է: Դրա արդյունքում վերջին ութ տարում այդ երկրում գյուղատնտեսությունը աճ է գրանցել: Հասկանանք, որ եթե գյուղացին վարկ է վերցրել, պետք է այն փակի, տոկոսն էլ հետը: Եթե եկամուտ չունի, նրա ի՞նչն ենք հարկում»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց. «Խոսքը նրա մասին է, որ եթե այգիները 50%-ից ավելի վնասվում են բնական աղետներից, ապա այդ գյուղացիներն ազատվում են հողի հարկից: Օրենքի հեղինակի մտահոգությունները կիսում եմ, բայց հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ այն ոչ միայն խնդիրները չի լուծում, այլեւ ռիսկեր է առաջացնում եւ կարող է հանգեցնել բյուջեի սահմանափակ միջոցների անարդյունավետ ծախսմանը: Բացի այդ, այս տարի մեկնարկում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը: Այնուամենայնիվ, առաջարկում եմ «կողմ» քվեարկել եւ հարցի քննարկումը մտցնել նիստի օրակարգ»: Հարցին «կողմ» քվեարկեց 107, «դեմ»՝ 1 պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ