Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոկորդից գնդակահարված եւ չսատկած կենդանին փողոցում արյունահոսում է, երեխաները՝ նկարում». Տիգրան Ուրիխանյան

Մայիս 07,2019 11:06

Խորհրդարանն այսօր քննարկեց «ՀՀ կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենքի նախագիծը 7-րդ գումարման ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Նախագիծը բացասական եզրակացության է արժանացել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Ներկայացնելով նախագիծը՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Գրեթե մեկ տասնամյակ մշտապես քննարկվել է թափառող կենդանիների խնդիրը: Այո, դա խնդիր է, որն ունի կարգավորման անհրաժեշտություն, բայց տարիներ շարունակ մի քանի հարյուր միլիոն դրամներ են հատկացվել, եւ փոխանակ տեղի ունենային ստերջացումներ, տարածքների հատկացումներ, կենդանիները գնդակահարվել են, մարմինները նետվել են բնակավայրեր` երեխաներին մոտ»:

Ուրիխանյանը մատնանշեց դաժանության այն դեպքերը, որոնք կարելի է տեսնել համացանցում. «Կոկորդից գնդակահարված եւ չսատկած կենդանին փողոցում արյունահոսում էր, երեխաները նկարում էին եւ գցում համացանց: Ահա սրա հետեւանքով առաջարկում ենք արգելել կենդանիներին զենքով ոչնչացնելը: Որպես զարգացած հասարակություն՝ մենք պետք է ունենանք նման դրույթ: Սա բարոյական քայլ է, որից հետո, համաձայն եմ, մայր օրենք պետք է քննարկել»:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտնեց՝ «դեմ» են քվեարկել, քանի որ մատնանշված օրենքն առաջնահերթ կարգավորում է վայրի կենդանիներին առնչվող հարցերը. «Կիսում ենք ձեր մտահոգությունը, բայց տրամաբանական չէ այդ օրենքում նման կետ ավելացնելը: Հիմա ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբն աշխատում է թափառող կենդանիներին առնչվող օրենքի մշակմամբ, Տիգրան Ուրիխանյանին էլ հրավիրում ենք մասնակցել»:

Ուրիխանյանի նախագիծը լիագումար նիստում քննարկելուն «դեմ» քվեարկեց 68, «կողմ»՝ 35 եւ «ձեռնպահ»՝ 4 պատգամավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031