Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտպանը տեղեկացրել է, որ հաստատությունն արդյունավետ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, ինչպես նաև ծրագրեր է իրականացնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID):
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խթանման հարցերին: Արման Թաթոյանը նշել է, որ այս պահին ABA ROLI և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ իրականացնում են կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկում ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով:
Պաշտպանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող և այլ հաստատություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին ու մեթոդներին:
Կարդացեք նաև
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերը շեշտել է, որ իրենց համար կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականի հետ քննարկել է համագործակցության ծրագրեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ