Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հնդկաձավար արտադրող միակ գործարանը դուրս է մնացել պետության ուշադրությունից

Մայիս 06,2019 19:33

Բավրայում արտադրվող հնդկաձավարը, որն, ի դեպ, միակ տեղական արտադրանքն է, Հայաստանի Հանրապետությունում իրացվում է միայն Երևանում, ընդ որում ոչ մեծ ծավալով ու հիմնականում կանաչ տեսակը։ Բավրայի հնդկացորենի վերամշակման գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 40 խանութի մատակարարում է արտադրանքը, սակայն ամսական 300-400 կիլոգրամ է սպառվում, որը գործարանի հզորության հետ համեմատ աննշան է։

Սակայն մեր զրուցակիցը չի հուսահատվում, ըստ նրա, արհեստական խոչընդոտներ չկան, ուղղակի գործարանը ուշադրությունից դուրս է։ «Ճիշտ է մարզպետ է գալիս, գնում, ինչ հիմնվել է, բոլոր մարզպետներն էլ եկել, գնացել են, փոխվարչապետ ևս այցելել է, բայց նույնիսկ վարկ չեն տրամադրում, որ գոնե արտադրանքը շարունակենք», -ասում է Կորյուն Սումբուլյանը։

Գործարանի ծախսերն ու պարտքերը փակելու համար Սումբուլյան ընտանիքի ողջ եկամուտը, նույնիսկ անասնագլխաքանակն է վաճառվել։

Ըստ մեր զրուցակցի, ծախսածածկումն ապահովելու նպատակով ամսական գոնե մեկ տոննա պիտի սպառվի։ Սակայն, մոտ 400 կիլոգրամ է  սպառվում՝ ծախսի 50 տոկոսը մնալով արտադրողի վրա։

«Այս պահին դրական արդյունք ապահովվում է, բայց ծախսածածկում չի լինում՝ արտադրման, առաքման, լույսի, գազի, ջրի, մնացածի հետ կապված ծախսերը, նաև հարկայինի ու հաշվապահության և այլն, առայժմ մինուսով եմ փակում։ Նույնիսկ միանձնյա եմ աշխատում, որ կարողանամ ծախսերը կրճատել։ Մի օր ես էլ եմ խնդիրներ ունենալու, թեև արդեն ունեմ։ Պատրաստի գործարան է, 3-4 միլիոնի համար փակե՞նք , գնա՞, թե՞ գրավ, դնենք, ծախենք, պրծնենք»,- ասում է Կորյուն Սումբուլյանը։

Ըստ նրա, իրենք արտադրում են շոգեխաշած, կանաչ և  հնդկաձավարի ալյուր տեսակները։

«Ես մտադրվել եմ արտադրել ոսպ, ոլոռ, սովորական ցորենի ձավար, կարմիր, սպիտակ բլղուր, արևածաղիկ, այդ ամենը փաթեթավորման, իրացման, հարկելու, կեղևահանելու կարիք ունի, այս գործարանն ունի բոլոր հնարավորությունները, սակայն վարկ է անհրաժեշտ։ Արդեն մարդիկ հնդկացորեն չեն էլ ցանում, ի՞նչն է շահագրգռում, որ ցանեն, որովհետև գիտեն՝ դրսից պետք է բերեն, լցնեն։ Թիկունքում պետություն չկա․ ներկրման ինքնարժեքը սահմանին 267դրամ է, բայց ներսում վաճառվում է 200 դրամով, հակամրցակցային իրավիճակ են ստեղծել, որ դադարեցնենք արտադրությունը»,- ասում է մեր զրուցակիցը:

Դրսից ևս հնդկաձավար ներկրվում է, սակայն, դրսից ներկրվածը էժան գնով չի վաճառվում․ տեղական արտադրողը մեկ կիլոգրամ շոգեխաշվածը վաճառում է 500 դրամով, կանաչ տեսակը՝ 700 դրամով, համարժեք այլ երկրի արտադրանքի կանաչ տեսակը Հայաստանում վաճառվում է 2000 դրամով, հնդկաձավարի այլուրը՝ 2000 դրամով, շոգեխաշվածը՝ կախված փաթեթավորումից, 200-1300 դրամով։

«Չգիտես էլ՝ ի՞նչ են արտադրում ու ո՞ր պետության պահեստում քանի տարի  մնացած արտադրանք են ներկրում»,-ասում է Կորյուն Սումբուլյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները Կորյուն Սումբուլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031