Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը տերտեր է սիրում, մեկը՝ տերտերի կնիկ, հմի ո՞նց ասեմ ձեզ». Ֆելիքս Ցոլակյանը՝ Փաշինյանին ուղղված գնահատականների մասին

Մայիս 06,2019 17:56

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ նրան ներկայացրեցին ԱԻՆ հրշեջ նոր ավտոմեքենաները: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից այդ մեքենաները ՀՀ-ին որպես աջակցություն են տրամադրվել: Ըստ այդմ, ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումները արդիականացվելու են: Ճապոնիայի կառավարությունը տրամադրում է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 սանդուղքավոր մեքենա, պահեստամասեր եւ այլն: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 14,5 մլն դոլար

Իր ելույթում վարչապետը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող օգնության համար:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ այժմ խոսվում է պետական համակարգում աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, ԱԻՆ-ում աշխատավարձերը բարձրանալո՞ւ են, թե՞ չեն բարձրանալու՝ պատասխանեց, որ առաջարկը ներկայացրել են, բայց չեն կարող ասել՝ ինչ չափով կբարձրանա: Նա ասաց, որ ներկայումս, հաշվի առնելով, որ շարքային անձնակազմի աշխատավարձը շատ ցածր է, փորձում են պարգեւավճարներ տալ եռամսյակը մեկ, որի հաշվին աշխատավարձը մոտ 30 տոկոսով ավելանում է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդեն մեկ տարի է անցել, ինչ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, այս մեկ տարին ինչպե՞ս կգնահատեք՝ Ցոլակյանը պատասխանեց, որ շատ լավ. «Արվել են գործեր, որոնք շատ օգտակար են եղել բնակչության համար: Մենք փորձել ենք ավելի մոտենալ մարդկանց, շարունակվում են այդ փոփոխությունները»:

Հարցին՝ բնակչության սպասելիքները վարչապետ Փաշինյանից, ըստ ձեզ, այս մեկ տարվա ընթացքում արդարացա՞ն, իրականացա՞ն, թե՞ ավելին կարելի էր անել՝ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Մեկը տերտեր է սիրում, մեկը՝ տերտերի կնիկ, հմի ո՞նց ասեմ ձեզ: Մեկը սենց է սպասում, մեկը՝ նենց է սպասում, հիմա մեկն ուզում է տեսնել, որ շատ լավ է ամեն ինչ, մյուսը՝ չէ: Մարդկանց տարբեր գնահատականներ կան, բայց ես գնահատում եմ լավ, դրական, այսպես էլ պետք է լիներ, ես այսպես էլ սպասում էի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031