Մայիսի 3-ից 10-ը Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի անվասայլակներով բասկետբոլի երեք թիմեր առաջին անգամ համատեղ հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Այն կազմակերպել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը հակիրճ ներկայացրեց՝ հանրապետությունում անվասայլակներով բասկետբոլի առջեւ ծառացող խնդիրներն առկա են նաեւ հիմա ու կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում հաշմանդամային սպորտին: Նրա խոսքով, առաջին փորձը եղել է 1990 թվականին, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մարզումները պարբերաբար տեւական ժամանակով ընդհատվել են: «2006 թվականին վերակազմավորեցինք մեր բասկետբոլի թիմը եւ սկսեցինք մարզումները, որոնք ընդհատումներով շարունակեցինք մոտ 10 տարի: Մեզ շատ օգնեց Գերմանիայի դեսպանությունը՝ աջակցելով ձեռք բերել թանկարժեք 14 սայլակներ: Հիմա Հայաստանում գործում է անվասայլակներով բասկետբոլի երկու թիմ՝ ԱԻՆ-ում եւ ՊՆ-ում: Աշխատում ենք 3-րդ թիմ ստեղծելու ուղղությամբ, որն ամենայն հավանականությամբ կլինի Գյումրիում», – ասաց Հ. Աբրահամյանը:
Իրանի Մազանդարան գավառի սպորտի պատասխանատու Նաղի Մահդավին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին իրենց հյուրընկալելու համար, գոհունակություն եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպական աշխատանքների մակարդակից: Նա նշեց, որ իրենք առաջին անգամ են եկել Հայաստան, որ ժամանած իրենց թիմի կազմում կան Իրանի ազգային հավաքականի չորս անդամներ, երկու խաղացող իրենց բարձրագույն լիգայից: Այնպես որ, վաղը նախատեսված ընկերական խաղերում շատ թեժ պայքար է սպասվում:
Վրաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Գիորգի Ակմետելին ասաց, որ իրենք երկրորդ անգամ են Հայաստանում: Նրա համոզմամբ, մրցումների պակասը խիստ բացասական է ազդում թիմի զարգացման վրա: Նա այս հավաքին մասնակցելով ակնկալում է, որ ավելի շատ մրցումների մասնակցելու հնարավորություններ կստեղծվեն: Եվ քանի որ Իրանում գոյություն ունի անվասայլակներով բասկետբոլի առանձին լիգա, իսկ Հայաստանում եւ Վրաստանում այդպիսի բան դեռ չկա, հույս ունի, որ այսպիսի ճամբարների, հավաքների միջոցով հնարավոր կլինի այս երկու երկրներում եւ տարածաշրջանում անվասայլակներով բասկետբոլն ավելի ակտիվացնելու:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ