Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջորջ Քենթ. ԱՄՆ-ն հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների զարգացմամբ և Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ

Մայիս 06,2019 17:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի  համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ ուրախ է կրկին այցելել մեր երկիր՝ այս անգամ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո և հայկական կողմի հետ քննարկել համագործակցության օրակարգը: Ջորջ Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների զարգացմամբ և մեր երկրի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր:

Որպես ինստիտուցիոնալ կարևոր ուղղություն՝ Նիկոլ Փաշինյանը նշել է դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև ընտրական և ոստիկանական ոլորտներում գործակցությունը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ և ժողովրդավարական ընտրություններ, որոնք պետք է երաշխավորվեն ինստիտուցիոնալ առումով, և այս ուղղություններով բարեփոխումների իրականացումը զգալի կարևորություն ունեն:  Անդրադառնալով տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել ջրամբարաշինության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցությունը:

Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի՝ ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև տարբեր ուղղություններով քայլերը և պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել  նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային մարտահրավերների և գործընթացների շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել միջկառավարական հանձնաժողովի՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վաղը կայանալիք նիստին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031