Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Superjet 100 օդանավի անձնակազմի անդամները պատմել են վթարի մասին:
«Մենք թռչում էինք ամպերի միջով, ուժեղ կարկուտ էր: Այդ պահին պայթյուն լսվեց, կարծեցի էլեկտրականությունից էր: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ»,- պատմել է բորտուղակցորդուհի Տատյանա Կասատկինան:
Նրա խոսքով՝ կոշտ վայրէջքից հետո «մարդիկ դուրս են թռել նստարաններից, սկսել առաջ շարժվել, չնայած օդանավը դեռ ընթացքի մեջ էր»:
«Օդանավը կանգ առավ, անմիջապես սկսվեց տարհանումը: Ես դուրս էի բերում ուղևորներին (դեպի վթարային մուտքը-խմբ.)»,- պատմել է նա:
Կարդացեք նաև
Անձնակազմի հրամանատար Դենիս Եվդոկիմովն էլ ասել է, որ կայծակի պատճառով ռադիոկապը կորել է, և օդանավն անցել է վթարային կառավարման ռեժիմի:
«Ռադիոկապ չկար: Այն հաջողվեց վերականգնել ռադիոկայանի վթարային հաճախականությամբ, բայց դա ժամանակավոր էր և ընդհատվող… Մի քանի բառ հաջողվում էր ասել, հետո այն ընդհատվում էր և պետք էր նորից միացնել»,- ասել է նա:
Հիշեցնենք, մայիսիս 5-ի երեկոյան Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած «Աերոֆլոտի» Superjet-100 օդանավում եղած 78 մարդկանցից փրկվել է միայն 37-ը:
«Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Մոսկվա-Մուրմանսկ ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավում եղել է 78 մարդ, այդ թվում անձնակազմի անդամները: Ըստ ճշտված տեղեկությունների, որոնք այս պահին գտնվում են Քննչական կոմիտեի տրամադրության տակ, նրանից ողջ է մնացել 37-ը»,- հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլաննա Պետրենկոն:
Օդանավակայանում հայտնաբերվել են վթարված օդանավի «սև արկղերը», որոնք փոխանցվել են Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետներին: Նշվում է, որ արկղերը անվնաս են: Դրանց վերածանումը կտևի երկու շաբաթից մինչև մեկ ամիս:
SSJ 100 օդանավը «Շերմետևո» օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 18:03-ին, հաջողությամբ պոկվել գետնից և ժամը 18:07 հասել 3600 մետր բարձրության: Այդ պահին անձնակազմի հրամանատարը դիսպետչերին հայտնել է որոշակի անսարքության մասին և վթարային վայրէջքի թույլտվություն խնդրել: Ավելին` նա չի հասցրել ասել ռադիոկապի խաթարման պատճառով:
Ժամը 18:20-ի սահմաններում օդանավը սկսել է վայրէջք կատարել: Թռիչքուղին այդ պահին արդեն ազատ է եղել վայրէջքի համար: Անձնակազմին հաջողվել է օդանավն իջեցնել կրիտիկական պայմաններում՝ 300կմ/ժամ արագությամբ, վատ եղանակի, դիսպետչերի հետ կապի բացակայության պայմաններում և վայրէջքի առավելագույն քաշով (լի բաքերով): Գետնին կոշտ հարվածից, ըստ նախնական տվյալների, շասսիի հենակներից մեկը հարվածել է վառելիքի բաքին, և կրակը վայրկենաբար տարածվել է օդանավի պոչի հատվածում: Թռիչքուղու վրա օդանավը գնացել է արդեն այրվող պոչով: Օդանավի կանգնելուց անմիջապես հետո սկսվել է ուղևորների տարհանումը: Նրանց մեծ մասը հասցրել է վերցնել նաև իրերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ