Լիլիթ Գալոյանը իր նամակում ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը, փորձ է անում իրավիճակը ներկայացնել իրեն ձեռնտու լույսի ներքո՝ անհիմն մեղադրանքներ և պահանջներ ներկայացնելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային և շախմատային համայնքին:
Հաշվի առնելով, որ իրավիճակը նամակում ներկայացված է աղճատված և միակողմանիորեն, ինչը հանրության շրջանում կարող է անարդարացիորեն սխալ ընկալում ձևավորվել, ստորև ներկայացնում ենք Շախմատի ֆեդերացիայի պարզաբանումը:
2017 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհուրդը որոշում է կայացրել 2018 թվականի Հայաստանի կանանց հավաքականը կազմավորել է հետևյալ կերպ.
2 շախմատիստ՝ 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներով,
Կարդացեք նաև
1 շախմատիստ՝ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունքով.
2 շախմատիստ՝ մարզիչների առաջարկությամբ՝ ֆեդերացիայի որոշմամբ: Թիմի երկու անդամների ընտրության համար հիմք ընդունելով 2018 թվականի հունվարից մայիս ամիսներ ընկած ժամանակահատվածի միջազգային ելույթները: 2 շախմատիստների անունները հրապարակել մայիս ամսին:
Լիլիթ Գալոյանը 2017թ. իր ունեցած ցածր միջազգային վարկանիշի և 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ տեղի պատճառով չի ընդգրկվել 2018 թվականի Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում: Ավելացնենք նաև, որ Գալոյանը 2018 թվականին չի մասնակցել որևէ միջազգային մրցաշարի:
2017 թվականի դեկտեմբերի 16-ին ֆեդերացիայի խորհրդի նիստի անդամները ՀՀ շախմատի ազգային հավաքականների կազմավորման կարգը որոշելիս ղեկավարվել են 2006 թվականին ընդունած կանոնադրությամբ, այլ ոչ թե ինչպես նշում է Գալոյանը՝ նոր կանոնադրության 8.19 կետի դրույթներով: Եվ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Գալոյանը որոշել, թե փոփոխությունները ընդունվել են նոր կանոնադրության 8.19 կետի համաձայն: Դա ընդամենը իր ենթադրություններն են, որոնք որևէ փաստով չեն հաստատվում:
«Հայաստանի շախմատային ֆեդերացիա»-ի 2006թ. դեկտեմբերի 2-ի կոնֆերանսում հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2006թ. դեկտեմբերի 29-ին: Կազմակերպության նշված հիմնադիր փաստաթուղթը գործել է մինչև 2017 թվականի հուլիսի 8-ը, այդ օրը արտահերթ կոնֆերանսի կողմից հաստատվել է ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Փոփոխված կանոնադրությունը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2018թ. հուլիսի 27-ին:
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:
Նույն իրավանորմի 5-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրության և կառավարման մարմինների իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:
Վերը նշված փաստական հանգամանքների և հիշատակված իրավական նորմերի վերլուծությունը, հնարավորություն է տալիս պնդելու, որ մինչև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի հուլիսի 27-ը, ուժի մեջ է եղել և գործել է ֆեդերացիայի 2006թ. ընդունած կանոնադրությունը:
Հին Կանոնադրությամբ ընդհանրապես ամրագրված չէր, թե ով և ինչպես էր ձևավորում հավաքականների թիմերի կազմը:
Ֆեդերացիան 2018 թվականի հավաքականի կազմավորման կարգի մասին տեղեկացրել էր շախմատիստներին, այդ թվում նաև Գալոյանին, ով հասկանում էր, որ եթե ցանկանում է 2018 թվականին հայտնվել կանանց հավաքականի կազմում, ապա պետք է մասնակցի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին: Մասնակցելով մրցաշարին, Գալոյանը զբաղեցրել էր երրորդ-չորրորդ տեղերը, կիսելով այն Աննա Սարգսյանի հետ: Հավելենք, որ Գալոյանը 2010 թվականից մինչև 2017 թվականի ներառյալ չի մասնակցել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին:
Մրցաշարի ավարտից հետո երկրորդից չորրորդ տեղ գրաված շախմատիստուհիները /այդ թվում նաև Գալոյանը/ կարող էին պայքար տանել հավաքականի երկու թափուր տեղերի համար:
2018 թվականի մարտի սկզբին Ֆեդերացիան առաջարկել էր Գալոյանին իր ընտրությամբ որևէ միջազգային մրցաշարի մասնակցություն՝ ֆեդերացիայի հովանավորությամբ: Այդ փաստն ընդունում է նաև Գալոյանը իր դիմումում: Սակայն, Գալոյանը մերժել էր այդ առաջարկը՝ պատճառաբանելով այն վատառողջությամբ: Ինչպես նշում է Գալոյանը իր դիմումում՝ «իմ կողմից շատ սպասված նոր կարգավիճակս անսպասելիորեն հանդիսացել է խոչընդոտ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցելու համար»:
Այսպիսով Լիլիթ Գալոյանը օբյեկտիվորեն չի ընդգրկվել Հայաստանի շախմատի 2018 թվականի կանանց հավաքականի կազմում, հաշվի առնելով հետևյալ փաստերը.
ա/ 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների ցուցանիշներն են՝ 2277 և 2300, միջինը՝ 2289: Հետևաբար, նա չէր կարող ընդգրկվել 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներ ունեցող 2 շախմատիստների կազմում:
բ/ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունք չի ցուցաբերել՝ զբաղեցրել էր 3-4-րդ հորիզոնականները:
գ/ չի ընդգրվել 2 շախմատիստների կազմում, քանի որ 2018 թվականին չի մասնակցել Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը և միջազգային մրցաշարի / ծախսերը ամբողջությամբ կատարվելու էին ֆեդերացիայի կողմից/:
Հետևաբար, Գալոյանի այն պնդումը, որ Ֆեդերացիայի իրավասու մարմինների ոչ իրավաչափ գործողության արդյունքում նա զրկվել է Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունից՝ փաստազուրկ է և անհիմն: Վերը նշված փաստերը վկայում են այն մասին, որ Լ.Գալոյանը չի ընդգրկվել 2018 թվականի հավաքականի կազմում ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պատճառներով՝
– 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային միջին վարկանիշների ցածր ցուցանիշներ.
– 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ հորիզոնականները.
– 2018 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերում չմասնակցելու հանգամանքը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի շախմատային մեծ ընտանիքում մշտապես դրական մթնոլորտ պահպանելու ցանկությունը հորդորում ենք Լիլիթ Գալոյանին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից և իրավամբ գործել Շախմատային «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ներքո, դժվարին պահին կանգնելով իր ավագ գործընկերների կողքին և ոչ դիմաց:
Հայաստանի շախմատի ֆեդերացիա