Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Դուրյան. «Անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների նվազում ունենք»

Մայիս 06,2019 16:34

«Անչափահասների հիմնախնդիրը շարունակում է մնալ ոստիկանության եւ ոստիկանության պետի ուշադրության կենտրոնում, յուրաքանչյուր դեպք, որ կատարվում է անչափահասի կողմից կամ նրա նկատմամբ, վերցվում է հսկողության տակ»,- մայիսի 6-ին կայացած ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքերով. «Պարբերաբար հայտնաբերվում են անչափահասներ, որոնք դանակներ կամ կռփազենք են կրում: Եվ եթե նախորդ տարվա 3 ամիսների ընթացքում հայտնաբերվել է նման 34 անչափահաս, որոնց մոտ եղել է 24 դանակ եւ 10 կռփազենք, ապա այս տարի, այդ թիվը 41 է: 18-ը եղել է կռփազենք: Թիվն ավելացել է: Անչափահասները կռիվ անելիս, ցավոք սրտի, օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած իրերը»,-ասաց տիկին Դուրյանը: Հավելեց, որ ավագ դպրոցներում մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չեն գրանցվել` ոչ դպրոցներում, ոչ հարակից տարածքներում:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ անչափահասների շրջանում թմրամիջոցների հնարավոր օգտագործման կանխելու միամսյակին: Մուրացիկ երեխաներին հայտնաբերելու մասին էլ խոսեց. «Անցյալ տարվա 3 ամիսների ընթացքում հաշվառված է եղել. 3 մուրացիկ երեխա, այս տարի թիվը 5 է: Նրանց հետ իրականացվում են աշխատանքներ հ/կ-ների հետ համատեղ»:

Պատասխանելով սեռական դաստիարակության վերաբերյալ գրքի շնորհանդեսի տապալման եւ վիճակագրության վերաբերյալ հարցին ` Նելլի Դուրյանն ասաց, որ այդ գրականությանը ծանոթ չէ, դրա համար ոչինչ ասել չի կարող:

Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ոստիկանության գնդապետի խոսքով. «2016թ ընթացքում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 80 դեպք է եղել, 2017-ին` 71, 2018-ին` 50 դեպք:

Եթե համեմատենք 2018-ի եւ 2019-ի երեք ամիսները, ապա 2018-ին գրանցվել է 19 դեպք, 2019-ի նույն ժամանակահատվածում` 14: Այսինքն 5-ով նվազում է արձանագրվել 3 ամիսների ընթացքում: Այնպես որ, տարիների կտրվածքով դեպքերի նվազում ունենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031