Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը ոչ մեկին չունի զիջելու ոչ մի բան, այնպես որ, Արցախի հողերը դավադրաբար հանձնելու վտանգ չեմ տեսնում». Մանվել Եղիազարյան

Մայիս 06,2019 16:18

«Ոչ մեկը ոչ մեկին չունի զիջելու ոչ մի բան, այնպես որ, Արցախի հողերը դավադրաբար հանձնելու վտանգ չեմ տեսնում»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» ՀԿ նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Մանվել Եղիազարյանը:

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական նոր իշխանությունների՝ Արցախը բանակցային սեղան բերելու քաղաքականությունը, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ամեն ինչին պետք է մեծ քաղաքականությունը նպաստի, որ լինի իրատեսական ու այդ թեզն առաջ քաշենք, և Արցախը լինի բանակցությունների մաս: Դա պետք է քաղաքական իրավիճակը թույլ տա: Ճիշտ ու տեղին է այն թեզը, որ Արցախը պետք է բանակցությունների մաս դառնա: Եթե խոսում ենք մամուլի, խոսքի ազատության, ազգերի ինքնորոշման մասին, ապա տվյալ ժողովուրդը պարտավոր է բարձրաձայնել, թե ինքն ինչ է ուզում: Եթե մենք իրենց փոխարեն որոշում ենք կայացնում, նրանք կարող են ասել, ոչ, ձեզ հետ համաձայն չենք: Դրա համար Արցախը պետք է ներկա լինի բանակցություններին»:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե այն, որ այժմ սահմանին հանգիստ է, ուրեմն դա գին ունի, ինչի մասին մենք չգիտենք, Մանվել Եղիազարյանն ասաց. «Ադրբեջանը մի ժողովուրդ է, որ ամեն տեղ սուտ տեղեկություն է տարածում, կեղծում ամեն ինչ, նման ժողովրդի հետ թաքուն բան պայմանավորվել հնարավոր չէ: Նրանք անպայման կբարձրաձայնեին և այնպիսի մի պատկեր կներկայացնեին, որ անգամ մենք դրանից կսարսափեինք: Վաղը մյուս օր պարզ կլինի, թաքուն պահողը անհարմար վիճակի մեջ կհայտնվի: Նախկին իշխանություններն ուզում են նոր իշխանությունների վախը բռնել, վախեցնել, բայց նոր իշխանությունները ցույց են տալիս իրենց հայտարարություններով, որ ոչ մի բան չունեն զիջելու»:

Մանվել Եղիազարյանը վստահեցրեց՝ որևէ բան զիջելու խնդիր չկա. «Ես երբ խոսք եմ տեսնում, լսում եմ, երբ ասում են, թե պետք լինի կհարձակվենք, հարձակվողական պայքար ենք մղելու, դա պարզ է, որ մարդիկ չեն ուզում, զիջելու միտք էլ չունեն ոչ մի բանի: Ի՞նչ կա հստակ չլինելու: Կարծում եք անցյալ իշխանությունների վարած քաղաքականությո՞ւնն էր հստակ Արցախի հարցով: Ոչ մի անգամ էլ հստակ չի եղել: Դիվանագիտություն է դա»:

Հարցին՝ ռազմական հարձակում սահմանին կանխատեսվո՞ւմ է, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ամեն վայրկյան էլ ռազմական հարձակում հնարավոր է: Ադրբեջանը ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի հետ զորավարժություն է անցկացնում, ունենք հարևան, որոնք անհուսալի մարդիկ են: Եթե մի ժողովուրդ ասում է ամբողջ աշխարհին, որ հայերը 200 տարի առաջ են եղել այս տարածաշրջանում, այդպիսի հարևանի հետ ինչքա՞ն կարող ես լուրջ բաներ խոսել: Այնպես որ, ամենալուրջ բանը խրամատներն ամրացնելն ու Արցախի անվտանգություն ապահովելն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031