Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի և Իրանի տնտեսական առճակատումը, հակամարտության վերջին փուլը

Մայիս 06,2019 15:39

ԱՄՆ-ն անցյալ տարի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնը հրաժարվել է իրանական նավթի գնորդ ութ երկրներին ազատել իր արտոնություններից, հայտարարելով, որ մտադիր է Իրանի նավթի արտահանումը զրոյականացնել: Վաշինգտոնը նաեւ ահաբեկչական կազմակերպություններում տեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

2019 թ.-ի սկզբին Միացյալ Նահանգները կտրականապես քննադատեց իր եվրոպական դաշնակիցներին Իրանի նավթի վաճառքի ապահովման հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծման պատճառով: Այս քայլով ԱՄՆ-ը փորձում է սահմանափակել Իրանի ֆինանսական փոխանակումները աշխարհի ցանկացած ահաբեկչության մեջ կասկածվող խմբակցությունների կամ Հեզբոլլահի շարժման ղեկավարների հետ:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս ունեցած իր ելույթում ընդգծել է. «Միացյալ Նահանգները և Իսրայելը բոլոր ոլորտներում հակաիրանական նախագծեր են մշակում ու քայլեր ձեռնարկում, սակայն ամերիկացիները դա միայնակ չեն անում»:

Ավելի վաղ Խամենեին, ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթի արտահանումը էմբարգոյի ենթարկելու կապակցությամբ ասել էր, որ ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն կանցնեն և Իրանը կանի ամեն ինչ՝ ցանկացած քանակով նավթ արտահանելու համար: Իհարկե, Իրանի նախկին նախագահ՝ Մահմուդ Ահմադինեժադի վարչակարգի ժամանակ, Իրանը կարողանում էր միջազգային որոշ խողովակների միջոցով նավթ արտահանել միջազգային շուկաները և արտարժույթային գումարները փոխանցել Մերձավոր Արևելքում Իրանի կողմից հովանավորվող շիական խմբերին: Սակայն ներկայիս պայմաններում, երբ ԱՄՆ-ի ճնշումները արդեն շատ լուրջ և գործնական տեսք են ստացել, Իրանի գերագույն առաջնորդի պնդումները թվում է, որ հերթական հռետորաբանությունից ավելի արժեք չեն ներկայացնում և դա վկայում է, որ Իրանի տնտեսական և պետական եկամուտները իրոք ցամաքում են:

Մարտի 29-ին, Պոմպեոն հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանին և Իրանին վռնդելն է Սիրիայից։

«Մենք աշխատում ենք մեր բոլոր դաշնակիցների հետ, որպեսզի Սիրիայում ընթացող իրադարձությունները չհանգեցնեն այնտեղ Իրանի և Ռուսաստանի ամրապնդմանը,- ընդգծել է Պոմպեոն։- Սա համակողմանի ռազմավարություն է»։ Անկասկած ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի ակնարկը՝ ԱՄՆ-ի դաշնակիցների վերաբերյալ, վերաբերում է Վաշինգտոնի Մերձավոր Արևելյան արաբական երկրների և մասնավորապես Իսրայելի դերակատարության մասին՝ տարածաշրջանում Իրանի ծավալապաշտական նկրտումները կանխելու ուղղությամբ:

2019 թ.-ի ապրիլի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառեց «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում։

Ավելի քան 40 տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարների միջև ընթացող սառը պատերազմը և միմյանց սպառնացող հռետորաբանությունը վերջին շրջանում թևակոխել է նոր փուլ, որի գործնական դրսևորումն է՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված բազմակողմանի պատժամիջոցները, ինչն իրոք զգալի ազդեցություն է ունեցել Իրանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության և տարածաշրջանային մոտեցումների վրա:

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հրահրած տնտեսական եւ հոգեբանական պատերազմը վերջին 40 տարիների համեմատությամբ, մեծապես թուլացրել է Իրանի տնտեսությունը և հանգել է հասարակական լուրջ դժգոհությունների երկրի ներսում: Սակայն, Իրանի հոգևոր ղեկավարությունը շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սահմանված ջախջախիչ պատժամիջոցները չեն կարող ազդել իսլամական համակարգի քաղաքական նպատակների և կողմնորոշումների էական փոփոխության վրա: Սակայն անցյալի փորձը վկայում է, որ ամենաուժեղ ճնշումների ազդեցության տակ, երբ Իրանի համակարգը զգում է, որ այլևս անկարող է դիմադրել արտաքին ճնշումներին և դա կարող է հանգեցնել ներքին լուրջ դժգոհությունների և ժողովրդի ապստամբությանը, պատրաստ է եղել ամենամեծ զիջումներն անել արևմտյան և տարածաշրջանային իր թշնամիներին: Այս անգամ ևս չի բացառվում, որ արտաքին և ներքին լուրջ ճնշումների ազդեցության տակ Իրանի համակարգը պատրաստվի մարտավարական ճկուն նահանջ անել իր դիրքերում:

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները օրըստօրե սեղմում են առանց այն էլ Իրանի տկարացած տնտեսության կոկորդը, մայիսի 1-ին աշխատավորների միջազգային տոնի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով Իրանից նավթ գնելու հարցում որոշ երկրներին տրված արտոնությունները չերկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը, հայտարարել է, որ ամերիկացիները չեն կարողանում դադարեցնել Իրանի նավթի վաճառքը և Իսլամական Հանրապետությունը շարունակում է վաճառել իր նավթը: Բայց հենց նույն մայիսի 1-ին, երբ Իրանում շշուկ տարածվեց, որ հաջորդ օրը բարձրանալու է բենզինի գինը, մայրաքաղաք Թեհրանում քաոսային դրություն առաջացավ բենզինի լցակայանների դիմաց: Սա նշանակում է, որ Իրանի կառավարությունը այլևս կորցրել է իր վերահսկողության կարողությունը երկրի տնտեսության կառավարման գործում և միայն հենվում է ուժային կառույցների կողմից ժողովրդին սաստելու սպառնալիքի մեխանիզմի վրա:

Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ՝ Մոհամեդ Բաղերին հայտարարել է, որ Վաշինգտոնի՝ Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների խստացման դեպքում երկրի կառավարությունը կարող է արգելափակել Պարսից ծոցից նավթի մատակարարումը;

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին նաև հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով: Իրանի զինված ուժերի և պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների նման ագրեսիվ հայտարարությունները վկայում են այն մասին, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականության միտումները շարժվում են սպառնալիքի և ռազմական գործողությունների ուղղությամբ այն հույսով, որ դա կարող է ազդել ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների մոտեցումների վրա և նրանց գոնե մի առ ժամանակ հեռու պահել Պարսից ծոցում Իրանի տանկերների երթը կանխելու ցանկացած գործողությունից:

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ընդգրկելով 14 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության և իրանական միջուկային ծրագրին մասնակցության համար: Այդ ցանկի մեջ ներգրավված են իսլամական համակարգի հոգևոր իշխանության ներկայացուցիչներ և պահապանների կորպուսի նշանավոր հրամանատարներ կամ նրանց կապված անձինք:

ԱՄՆ-ի այս քայլին հակադարձելով՝ Իրանի ԶՈՒ Գերագույն hրամանատար Այաթոլլահ Խամենեին ստորագրել է հրամանագիր, որում, պահապանների կորպուսի նոր հրամանատար է նշանակել բրիգադային գեներալ Հոսեյն Սալամիին: Վերջինս հայտնի է երկրի ներսում ընդդիմության ճնշման գործողություններում ավելի կոշտ դիրքորոշման և Սիրիայում իրանական ուժերի ավելի կոպիտ ռազմական գործողություններ ձեռնարկելու և ագրեսիվ մոտեցման մեջ:

Մյուս կողմից, «Ռոյթերզին» տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ թեև պատժամիջոցների հաղթահարումը լի է բազմաթիվ դժվարություններով, սակայն Իրանն այս ճանապարհին մեծ փորձ է ձեռք բերել:

Իսկ ավելի ուշ The Independent-ի հետ հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է՝ չի կարծում, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անխուսափելի է, բայց «պատահականությունները հնարավոր են»: Նրա խոսքով՝ չնայած չի կարծում, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անխուսափելի է, «կարող են տեղի ունենալ դժբախտ դեպքեր», որոնք հնարավոր է՝ վերաճեն ռազմական կոնֆլիկտի:

Իրանի արտգործնախարարի նման հայտարարությունը, ցույց է տալիս, որ չնայած պահապանների կորպուսի կողմից հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին, Իրանի պետական համակարգում նախագահության ինստիտուտը և արտգործնախարարությունը փորձում է, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառված առավելագույն ճնշման քաղաքականութան դիմաց, որդեգրել առավելագույն սպասման մարտավարությունը այն հույսով, որ ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կրկին դեմոկրատականների թևի հաղթանակով հնարավորություն կստեղծվի Իրանի համար վերսկսել միջուկային գործարքի և այլ հարցերի շուրջ բանակցությունները Սպիտակ տան հետ:

Վերջին մի քանի ամիսներին, Իրանի հետ կապված ներքին ու միջազգային զարգացումների համատեքստում, կարող ենք ասել, որ Իրանի ներքին քաղաքական դաշտում դերակատար ուժերի մասնակցությամբ փորձեր են արվում՝ հոգևորականների գլխավորությամբ իսլամական գաղափարախոսության հավատարիմ մնալով, ավելի չափավոր կառավարության ձևավորել, իսկ մյուս կողմից իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների գլխավորությամբ փորձեր են արվում միլիտարիստական ծայրահեղական վարչակարգի ձևավորման ուղղությամբ: ԱՄՆ-ի կողմից սահմանված խիստ պատժամիջոցների և ներքին դժգոհությունների և ճնշումների հետևանքով՝ եթե Իրանում իրավիճակ պետք է փոխվի, ապա դա այս երկու մրցակից ուժերի ձեռքով է իրականանալու: Ներկայումս պահապանների կորպուսը լիովին հավատարիմ է գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հեղափոխական և ծայրահեղական մոտեցումներին, իսկ մյուս կողմում հոգևորականների այսպես ասած չափավոր իշխանության ներկայացուցիչը համարվող նախագահ Ռոհանին փորձում է շարունակել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների նորմալացման ապարդյուն քաղաքականությունը, այն հույսով, որ կկարողանա համակարգը փրկել հոգևորականների թևի օգտին:

Հատկանշական է, որ չափավոր հոգևորականների և ծայրահեղ հոգևորականների և պահապանների կորպուսի մրցակցության դաշտում, արմատական հոգևորականները համախմբվել են գերագույն առաջնորդի դրոշի շուրջ: Այնպես, որ մի նոր դաշինք է կազմավորվել արմատական հոգևորականների, գերագույն առաջնորդի և պահապանների կորպուսի միջև:

ԻԻՀ գերագույն առաջնորդը կարևորել է դատաիրավական մարմնում փոփոխությունների անհրաժեշտությունը և իրեն հավատարիմ հոգևորական հոջաթոլէսլամ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին նշանակել է Իրանի դատական համակարգի ղեկավար:

Իրանի առաջնորդը, դիմելով երկրի դատական իշխանության նոր ղեկավարին, նշել է.«Հեղափոխության և իսլամական օրենքների վրա հիմնված արդարադատության համակարգի 40 տարվա փորձը, պահանջում են կարիքներին ու խնդիրներին համապատասխան, փոփոխություններ իրականացնել՝ դատաիրավական ոլորտի առաջընթացն ապահովելու նպատակով»: Այաթոլլահ Խամենիի այս խոսքերը և որոշումը վկայում են այն մասին, որ Իրանի իսլամական համակարգում գերակա ուժը հանձնվում է հեղափոխության հավատարիմ մերձավորներին, և պահապանների կորպուսում ԱՄՆ-ի հետ ռազմական բախման կողմնակից գեներալներին: Այսպես, Իրանի համակարգը չի պատրաստվում ներքին ճակատում զարգացնել իր քաղաքականությունը և իրականացնել բարեփոխումներ, սակայն արտաքին ճնշումներին դիմակայելով՝ շարունակել համակարգի գոյատևման ձգտումները, այն հույսով, որ անցյալի նման միջազգային և տարածաշրջանային քաղաքականությունների հավանական փոփոխությունների և մեծ ուժերի տարաձայնությունների կամ համաձայնությունների հավասարումների փոփոխության հետևանքով հնարավոր կլինի ինչ որ մի տեղ բաց և փակ բանակցությունների, գաղտնի գործարքների կամ զգալի զիջումների միջոցով շարունակել համակարգի պահպանումը և իսլամական հեղափոխության հիմնական նպատակները տարածել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և ավելին՝ իսլամական աշխարհում: Բայց այս անգամ Իրանի իսլամական համակարգի ավանդական քաղաքականությանը որքանով կհաջողի դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հարվածներին, իսկ արդյոք Իրանը պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի կողմից առաջադրած 12 պայմանները, պետք է սպասել ու տեսնել արդյունքը:

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031