Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկեր ունեցող նպաստառուների նպաստը կտրելու որոշում դեռ չի կայացվել

Մայիս 06,2019 13:59

Այսօր լրագրողների հարցին, թե վարչապետի մատնանշած 11 հազարից ավելի վարկեր մարող նպաստառուները նպաստից զրկվելո՞ւ են, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որն ասուլիս էր հրավիրել իր 100-օրյա գործունեության առիթով, պատասխանեց, որ վարկեր մարող նպաստառուների համար նպաստից զրկելու որոշում դեռ չի կայացվել:
Նախարարի խոսքով, ստեղծվել է աշխատանքային խումբ, հարցը քննարկվում է. «Վարչապետի հանձնարարությամբ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Սրա վերանայման արդյունքում պետք է ընտանեկան նպաստի համակարգը դարձնենք ավելի հասցեական, ճկուն: Վարչապետի գրառման նպատակը քննարկում կազմակերպելն էր եւ կարծիքներ հարցնելը, ինչը շատ կարեւոր եմ համարում: Այս պահին որեւէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը, այս հարցը պետք է քննարկի, եւ մենք պետք է ունենանք հստակ չափորոշիչներ, պետք է այդ ամբողջ համակարգը վերանայվի»:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս պահին 6 նպաստառու ամսական 1 միլիոն դրամ եւ ավելի վարկ է մարում: Ըստ նախարարի՝ այդ տեղեկությունը թվային տեսքով տրամադրել է Կենտրոնական բանկը: Այդուհանդերձ՝ նման նպաստառուների գործերը վերանայելիս համահարթ մոտեցում, նախարարի կարծիքով, չպիտի լինի, որովհետեւ, հնարավոր է, որ նպաստառուն վարկը վերցրել է առողջական խնդիրների լուծման համար կամ որեւէ այլ դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառով. «Սա այլ տարբերակ է, բայց եթե կան մարդիկ, որ իսկապես չարաշահելով՝ օգտվում են նպաստի համակարգից եւ միեւնույն ժամանակ ամսական 1 միլիոն դրամից ավելի վարկ են մարում, սա այլ հարց է»:

Մինչեւ այս տարվա սեպտեմբեր աշխատանքային խումբը վերանայած կլինի նպաստների ամբողջ համակարգը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031