Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի կարելի ընդգրկվել որեւէ կառույցի մեջ՝ հաշվի չառնելով քո երկրի շահը»

Մայիս 06,2019 14:00

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ զրույցում անդրադարձել ենք հայ-ռուսական հարաբերություններին եւ Երեւանում կայացած ԵԱՏՄ վարչապետների նիստին

«Այդ խնդիրների հիմքում այն է, որ մտնելով ԵԱՏՄ, Հայաստանը որեւէ բանակցություն չի վարել: Հիշեք, Հայաստանը 3,5 տարի բանակցություններ էր վարում ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ, որը, տնտեսական տեսանկյունից, գրեթե անթերի էր: Բայց, հանկարծ, մեկ օրում, Հայաստանը մտավ այլ դաշտ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն`անդրադառնալով այն ահազանգերին, որ 2020 թվականի հունվարի 1-ից, ԵԱՏՄ-ի տարածքում ուժի մեջ կմտնեն մաքսատուրքերի նոր դրույքաչափերը, ինչի արդյունքում, մոտ 700 անուն ապրանքատեսակներ Հայաստանի բնակիչների համար կթանկանան: Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է՝ ժամանակին ինքը քննադատում էր ոչ միայն Մաքսային միության խնդրահարույց լինելը, այլ նաեւ այն, որ չի կարելի ընդգրկվել որեւէ կառույցի մեջ՝ հաշվի չառնելով քո երկրի շահը: Հիշեցնենք, ԵԱՏՄ-ում սահմանված մաքսային դրույքաչափերի կիրառումն այն ժամանակ հետաձգվեցին 3-5 տարով եւ դրանց, այսպես ասած, հիմնական բեռն ընկնում է այս ժամանակահատվածի վրա: Հարցին`կա՞ն հնարավորություններ, այդ պայմանագրերում վերանայումներ անելու, քանի որ Հայաստանում իրավիճակ եւ իշխանություն է փոխվել, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Հայաստանի ռազմավարությունը, դրվածքը, կեցվածքը հետեւյալն է`ամեն ինչ անում ենք օրենքով: Ուզենք, թե`չէ, պետք է հարգենք բոլոր այդ պարտավորությունները, որտեղ Հայաստանը, նույնիսկ անցյալի Հայաստանը, օրինական ձեւով ստորագրել եւ վավերացրել է: Բայց, իհարկե, զուգահեռ, պետք է փորձենք վերանայել, որովհետեւ մենք գտնվում ենք մի դաշտում, որտեղ միմյանց համարում են ընկեր եւ դաշնակից: Ինձ թվում է, եթե կարողանանք մեր դաշնակից պետություններին բացատրել, որ այս կամ այն մեր շահն ուղղված է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ նպաստում է մեր զարգացմանը… իսկ զարգացած դաշնակից ունենալն ավելի լավ է»: Մեր զրուցակիցն անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխությունից հետո ՌԴ-ի հետ, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում, ՀՀ նոր իշխանությունների հարաբերությունների որոշակի լարվածությանը: Դա բացատրում է այսպես. «Որովհետեւ բոլորը սովոր էին, որ Հայաստանը լուռ նստած է այնտեղ եւ, ուղղակի, ձեռք է բարձրացնում այն ժամանակ, երբ իրեն ստիպում են կամ խնդրում են: Հայաստանը երբեք չի պայքարել իր շահի համար: Սերժ Սարգսյանը լուռ նստած էր նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն վիրավորական հայտարարություններով Ղազախստանի նախագահը ոչ ճիշտ բաներ էր ասում: Այսօր, փոխվել է իրավիճակը, Հայաստանը խոսում է: Սկզբնական շրջանում դա մի քիչ նյարդայնացնում էր որոշ մեր, այսպես ասած, բարեկամներին»: Հովհաննես Իգիթյանը նաեւ նկատում է, նախկինում, ոչ միայն Հայաստանը, այլ ԵԱՏՄ մյուս անդամ պետություններում իրենց շահերը չէին կապում ԵԱՏՄ-ի «խմբակային որոշումների» հետ, այլ ՌԴ-ի հետ առանձին-առանձին փորձում էին երկկողմանի հարաբերություններով լուծել իրենց հարցերը: Վերջին շրջանում, ըստ նրա, հարցերը բարձրացվում են ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ այդ հարցերն արձագանք են գտնում նաեւ այլ անդամ երկրների կողմից: Օրինակ է բերում Հայաստանի եւ Բելառուսի, մասնավորաբար, էներգետիկ ռեսուրսների եւ գազի շուկայի վերաբերյալ բարձրաձայնած խնդիրը: Մեր զրուցակիցը շեշտադրում է այն հանգամանքը, որ ծառայությունների, ապրանքի, տեղաշարժի համար ԵԱՏՄ գոտին պետք է լինի ազատ եւ համաչափ, իսկ դրա համար, բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է հավասար պայմաններում լինեն: Մինչդեռ, գազի գնի բարձր լինելու պարագայում հնարավոր չէ այդ պայմաններն ապահովել:

ՀՀ վարչապետի առաջարկի` ԵԱՏՄ տարածքում էներգակիրների եւ գազի միասնական սակագնի վերաբերյալ, դրական հանգուցալուծման ի՞նչ հնարավորություններ կան, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՌԴ-ում չեն թաքցնում`գազն ու նավթն իրենց համար քաղաքական գործոններ են, մեր հարցին, Հովհաննես Իգիթյանը հակադարձում է`այդ տակտիկան ՌԴ-ն կիրառում էր իր «հակառակորդ աշխարհի»`Արեւմուտքի նկատմամբ: ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը ՌԴ-ի համար դաշնակիցներ են, ԵԱՏՄ-ն էլ գործընկեր պետությունների միություն է, որտեղ այդ մոտեցումը ընդունելի չէ. «Անիմաստ է ունենալ տնտեսական միություն, եթե այդպիսի հարցերը լուծում չեն ստանալու: Նանո-տեխնոլոգիաների հարցում կարծես հաջողվեց ընդհանուր պայմաններ ապահովել, գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում էլ միտումները դրական են, բայց էներգակիրների հարցում, բոլորս պետք է աշխատենք, մանավադ, որ կան այլ երկրներ էլ, որ ընդհանուր շահերը համընկնում են: Եվ սա բնավ ՌԴ-ի դեմ միավորում չէ: Սա է Հայաստանի մասնակցության նորույթը եւ չեմ բացառում հաջողությունը հեռանկարում»:
Հետաքրքրվեցինք`արդյոք հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական մակարդակում են, ինչպես հայտարարվեց տասնամյակներ առաջ, թե՞ փոփոխությունների են ենթարկվել: Հիշեցնենք, հետհեղափոխական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գերազանց մակարդակ ունեն: Մինչդեռ, վերջերս, ՀՀ վարչապետն առանձնացրեց`այդ հարաբերությունները երկու հարթություն ունեն`երկրների ղեկավարներ`Փաշինյան-Պուտին, որտեղ որեւէ խնդիր չկա եւ ինստիտուտների մակարդակ, որտեղ անվստահության խնդիր կա հայկական կողմի նկատմամբ: Հովհաննես Իգիթյանն էլ երկու հարթություն է առանձնացնում, որտեղ խնդիր չկա`ժողովուրդների եւ բարձր մակարդակի հարաբերությունները`պաշտոնական Երեւանը եւ պաշտոնական Մոսկվան. «Այստեղ, եթե հարցեր կան, դրանք բարձրացվում են, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասում`բաց, անկեղծ եւ եթե միանգամից լուծում չեն ստանում, գոնե միանգամից չեն մերժվում այս կամ մյուս կողմից»: Քաղաքագետների, լրատվամիջոցների, ընդ որում այն լրատվամիջոցների, որոնք համարվում են այս կամ այն կերպ պետության հետ կապ ունեցող հարթությունում, մեր զրուցակիցը առանձնացնում է հետեւյալը. «Կան տարբեր կարծիք ունեցող գործիչներ կամ ուղղորդված: Նույն ՌԴ-ում կան պրոադրբեջանական, հայասեր համարվող քաղաքական գործիչներ`տարբեր պատճառներով: Բայց կա նաեւ երրորդ հանգամանքը. շատ խորը չեմ գնա, բայց կան նաեւ պատվիրված տեսակետներ, հարցազրույցներ, որոնք գալիս են Հայաստանից: Հայաստանում կան մարդիկ, քաղաքական գործիչներ ասենք, թե գործիչներ, որոնք գտնում են, թե Հայաստանում հաջողության բանալին գտնվում է ՌԴ-ում եւ նրանք, այսպես ասած, ալիք են բարձրացնում ՌԴ-ում`մտածելով, որ այդ ալիքը կգա Հայաստան, որն իրենք կօգտագործեն, թե ՌԴ-ից «դաբրո» ունեն: Այս հին մտածելակերպը, ինձ թվում է, արդեն չի գործում»:

Մեկ այլ դիտարկման`շատ վերլուծաբաններ, ի հակադարձումն վարչապետի`հայ-ռուսական հարաբերությունների գերազանց լինելու մասին հայտարարությունների, նկատում են, որ տարիներ շարունակ այդ հարաբերություններում առանցքային խնդիր հանդիսացող հարցերը`Ադրբեջանին զենքի վաճառքի, գազի գնի եւ այլն, դեռ լուծված չեն, ուստի հարաբերությունները չեն կարող գերազանց լինել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ մարդկանց նախկինում կատարած գործը արդեն պատասխանում է ձեր հարցին: Այդ մարդիկ, ժամանակին Հայաստանի գույքը, այդ թվում նաեւ էներգետիկ համակարգը, տվել են ՌԴ-ին`պարտքի դիմաց` անհեթեթ, չհաշվարկված եւ, ես կասեի, անիմաստ ձեւով: Աննախադեպ է այդ գործարքը աշխարհում կամ մեր տարածաշրջանում, երբ մի երկիր, իբր մի քանի հարյուր միլիոնի, բայց իրականում ավելի շատ, հատկապես էներգետիկ համակարգը տալիս է ՌԴ-ին`պարտքի դիմաց: Սա, արդեն սահմանափակում է Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ղրղըզստանն ավելի մեծ պարտք ուներ, բայց այլ ձեւով վարվեց: Երկրորդը` նույն գործիչները, ՀՀԿ-ի ղեկավարությունն`առաջին դեմքից սկսած, 2013 թվականին, ոչ միայն գազի ամբողջ համակարգը տվել են ՌԴ-ին`«Գազպրոմ Արմենիային», ոչ միայն ՀՀ-ի`պետության մասնաբաժինն այդ ընկերությունում տվել են ՌԴ-ին, տվել են, չեն վաճառել, այլ նաեւ 30 տարով, մինչեւ 2043 թվականը, պարտավորություն են ստորագրել, որ միայն ՌԴ-ից են գազ ստանալու: Ես իրենց երկար կյանք եմ մաղթում, որ տեսնեն իրենց ստորագրած պայմանադրի վերջը: Ես այս ամենն ասում եմ, որովհետեւ նույնիսկ բարեկամ երկրների հարաբերություններում կան որոշ լծակներ. Հայաստանն այսօր զրկված է բոլոր լծակներից եւ հնարավորություններից, որովհետեւ դրանք, ժամանակին, անհիմն եւ անվճար տրվել են ՌԴ-ին»: Պատասխանելով հայ-ռուսական գազային պայմանագրի վերանայման մասին հարցին էլ, Հովհաննես Իգիթյան ասաց, որ ցանկացած վերանայումը դա դեմարշ է. «Նաեւ, եթե իրավական տեսանկյունից նայենք այդ համաձայնագրերը, իսկ մենք նայել ենք, այն գրեթե անթերի են: Նույնիսկ կետեր կան, որոնք նշված են մի քանի անգամ`անհնար դարձնելով վերանայումը»: Մեր զրուցակիցը նաեւ տարակուսում է. «Փոխարենը զղջան կամ ցույց տան իրենց ստորագրած ինչ-որ թույլ կետեր, որ մենք կարողանանք ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը`մեղադրանքներ են ներկայացնում: Էլ չեմ ասում, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը դեռ չլրացած, պայմանագիրը երկարացվեց: Հարցն այն չէ, որ Հայաստանը պատրաստվում էր բազան վերացնել կամ սառեցնել: Բայց աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է եւ ես չեմ բացառում, որ նոր պայմաններով, նոր համաձայնագիր կստորագրվեր ՌԴ-ի հետ, որտեղ հաշվի կառնվեին արդի բոլոր վտանգներն ու անվտանգության նոր հնարավոր միջոցները: Նախորդ իշխանությունը մեզ զրկեց նաեւ այդ հնարավորությունից, իսկ դա կարող էր Հայաստանի եւս մեկ ուժեղ կողմ լինել`հարցեր լուծելու համար»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

04.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031