Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեղատոմսով դեղեր ձեռք բերելու պահանջը դեռ վաղ են համարում

Մայիս 06,2019 13:30

Մարզային բուժհիմնարկները չունեն էլեկտրոնային դեղատոմսեր դուրս գրելու պատրաստ բժշկական անձնակազմ

Մի շարք դեղեր, Դեղերի մասին օրենքի պահանջով, պետք է բաց թողնվի դեղատոմսով, սակայն, դրանք իրացվում են առանց դեղատոմսի` բացառությամբ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող եւ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի:

Երկու տարի առաջ, սակայն, Դեղերի մասին նոր օրենքով եւ հարակից օրենսդրական փաթեթով առողջապահության նախարարության պատասխանատուները փորձեցին այս հարցը կարգավորել եւ շուրջ 2700 անուն դեղ դեղատոմսով բաց թողնել, որոնց թվում էին նաեւ հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը: Սակայն նախարարության այս նախաձեռնությունը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց ոչ միայն քաղաքացիների, որոնք թվարկեցին մի շարք դժվարությունների մասին, այլեւ դեղերի բիզնեսով զբաղվող գործարարների եւ բժիշկների շրջանում: Ինչի հետեւանքով, դեռ նախորդ կառավարության օրոք, դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը:

Մոտ մեկ ամիս առաջ նախարարությունը կրկին այս նախագիծը շրջանառության մեջ է դրել: Նախարարության մասնագետները նշում են, որ այս ընթացքում իրենց դիտողություններն ու առաջարկությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու մասնագիտական միությունները, հասարակական կազմակերպությունները, առողջապահական ամբուլատոր պոլիկլինիկաները եւ հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաեւ պացիենտները:

Ըստ նախագծի հեղինակի, որոշումն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի մեկից: Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման եւ դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:

Այդուհանդերձ, նոր, վերամշակված նախագծի վերաբերյալ էլ կան դժգոհություններ: Բացի այն, որ նախագիծը քննարկվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, որտեղ քվեարկությանը մասնակցած անձանց 33 տոկոսը դեմ է եղել այս տեսքով նախագծի ընդունմանը, մասնագետները նաեւ իրենց կարծիքներն են հայտնել եւ այն այս տեսքով իրատեսական չեն համարել:

Ռազմիկ Զաքարյանի համոզմամբ, ներկա փուլում նախագծի իրագործումն իրատեսական չէ եւ կբերի ահռելի ստվերային ռիսկերի: Ըստ ոլորտի մասնագետի, մարզային բոլոր առողջապահական ամբուլատոր պոլիկլինիկաները եւ հիվանդանոցային օղակները չունեն էլեկտրոնային դեղատոմսեր դուրս գրելու պատրաստ բժշկական անձնակազմ. «Հաշվի առնելով մարզային օղակներում բժիշկների սղությունը, կարծում եմ, որ այս դեպքում նախարարությունը պետք է հաշվի նստի բժիշկների հնարավորության հետ: ԱԱՊ բժիշկները միշտ դժգոհում են փաստաթղթային ծանրաբեռնվածությունից, ուստի դրանց ավելացումը ավելի լուրջ դժգոհության ալիք կբարձրացնի: Մարզային բոլոր դեղատները չէ, որ պատրաստ են աշխատել էլեկտրոնային դեղատոմսով, դրանց քանակը միանշանակ քիչ չէ, իհարկե վերջնական նպատակը խիստ ողջունելով՝ չհիմնավորված համակարգային ազդեցության դեղերի օգտագործումը, դեղատնային աշխատակիցների կամայական նշանակումների բացառումը: Կարծում եմ առայժմ վաղ է այս համակարգի ներդրումը»:
Նախագծի վերաբերյալ կարծիք է հայտնել նաեւ Սուրեն Բաբայանը`նշելով, որ կարգը հաստատելուց հետո պետք է սահմանվի շատ խիստ վերահսկողություն. «Նախ նվազեցնելու համար կեղծ կամ ՀՀ տարածքում չգրանցված դեղերի ապօրինի շրջանառությունը, քանի որ նման ճանապարհով ՀՀ տարածք բերված դեղերը որեւէ տեղ հաշվառված չեն, եւ առանց դեղատոմսի բաց թողնելը որեւիցե բարդություն չի ներկայացնում, եւ երկրորդ` վերահսկողությունը կստեղծի արդար եւ հավասար մրցակցային հարթակ բոլոր դեղատների համար, որը ցավոք, այսօր բացակայում է:

Ու կցանկանայի առաջարկել՝ սահմանել շատ բարձր տուգանքներ, ինչու չէ, նաեւ քրեական պատասխանատվություն, քանի որ գտնում եմ, որ դեղերի պատշաճ պահեստավորումը եւ բաց թողնումը ազգային անվտանգության հարց է, իսկ օրինախախտներին ցածր տուգանքով չես վախեցնի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031