Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանտեռա Սիքյուրիթիի» աշխատակցի քրեական գործը դատարանում է

Մայիս 06,2019 13:00

Քննիչը զննել է կասկածյալի եւ նրա փաստաբանի միջեւ իր իրավունքների պաշտպանության շրջանակներում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները

2018թ. օգոստոսի 30-ի առավոտյան Կարեն Հովհաննիսյանը, ժ.7:30-ի սահմաններում, ավտոմեքենայով գնացել է Մ. Դանիելյանի տուն, որպեսզի վերջինիս ճանապարհի օդանավակայան: Վերջինս Կարենի 3-ամյա դստեր կենսաբանական մայրն է, եւ նախապես խնդրել էր՝ իրեն ճանապարհ դնել:

Երբ դուռը Կարենը թակել է, բացել է Մ. Դանիելյանը, որը տնային շորերով էր եւ բակն էր ավլում: Կարենը զարմացած հարցրել է, թե ինչո՞ւ Մ. Դանիելյանը հագնված չէ, վերջինս ասել է, որ հիմա արագ կհագնվի, առաջարկել է նրան սուրճ, սակայն ինքը հրաժարվել է, միայն մոխրաման է խնդրել, որպեսզի ծխի: Մ. Դանիելյանը որպես մոխրաման բերել է սուրճի ափսե եւ դուրս եկել: Մ. Դանիելյանի դուրս գալուն պես ներս են մտել 4 տղամարդ, նրանցից մեկը, որը ավելի ագրեսիվ է եղել, տեսնելով Կ. Հովհաննիսյանին՝ հայհոյել է, հարվածել է, որից հետո մոտը գտնվող դանակով մոտեցել է եւ փորձել հարվածել Կ. Հովհաննիսյանին: Կարենը ձախ ձեռքի ափով պահել է դանակը, որի պատճառով ձախ ձեռքի ափը վնասվել է: Կ. Հովհաննիսյանին այդ երիտասարդներից երկուսը մարմնական բազմաթիվ վնասվածքներ են պատճառել:

Երիտասարդները հրահանգել են Կարենին դուրս գալ այդ տնից: Կարենը դուռը չի փակել, արագ դուրս է եկել, իսկ հետագայում ոստիկանության բաժնում հայտնել էր, որ իր հեռանալու պահին Մարիամը ողջ էր, բազմոցին նստած՝ խնդրել է վերջ տալ այդ ամենին, հարցրել է՝ «էս ի՞նչ եք անում»: Կ. Հովհաննիսյանը հասել է իր աշխատավայր, աշխատավայրից զանգահարել է ոստիկանություն, հայտնել տեղի ունեցածը, խնդրել է պարզել իրեն ծեծի ենթարկողների տվյալները, պատճառները, թե ինչու են իրեն ծեծի ենթարկել եւ ինչու էին ուզում դանակահարել: Միեւնույն ժամանակ խնդրել է ապահովել իր անվտանգությունը:

Ոստիկանությունից հետաքրքրվել են նրա գտնվելու վայրի մասին, եկել են աշխատավայր, տեսնելով վնասվածքները՝ հայտնել են, որ Կ. Հովհաննիսյանը պետք է գա ոստիկանության բաժին, որպեսզի բացատրություն վերցնեն, դատաբժշկի ուղեգիր տան եւ իրականացնեն այլ գործողություններ: Ոստիկանության բաժին Կ. Հովհաննիսյանը գնացել է իր աշխատավայրի ավտոմեքենայով: Սակայն ոստիկանության բաժին հասնելով՝ որեւէ գործողություն չեն կատարել իրեն ծեծի ենթարկողների, մարմնական վնասվածքներ պատճառողների ինքնության վերաբերյալ, բացատրություն չեն վերցրել, դատաբժշկի ուղեգիր չեն տվել եւ մինչեւ պաշտպանական կողմի բողոքները եւ միջնորդությունները չեն նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

Մինչեւ Կ. Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելը վերջինիս չեն հարցաքննել իրեն ծեծի ենթարկելու հանգամանքների շուրջ:

Կարենը կալանավորվել է Մարիամին սպանելու համար:

Ի դեպ, մարմնական վնասվածքների հետ կապված կան դատաբժշկի եւ ի լրացումն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, համաձայն որի՝ փորձագետը իր հետեւությունները բաժնում նշել է, որ Կարեն Հովհաննիսյանի մարմնական վնասվածքները ձախ դաստակի ափային մակերեսի սալջարդ վերքերի՝ ներկայումս սպիների ձեւով, պատճառվել են բութ առարկայի (ների) կամ սղոցանման եզր ունեցող առարկայի ներգործությամբ, չի բացառվում նաեւ դանակների շեղբերի սղոցանման եզր ունեցող առարկայի ներգործությամբ, չի բացառվում նաեւ ներկայացված դանակների շեղբերի սղոցանման եզրերի՝ մաշկի մակերեսի նկատմամբ սուր անկյան տակ ներգործության հետեւանքով, հնարավոր է փորձաքննվողի կողմից նշված ժամանակին եւ հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Նրա պաշտպանությունը ստանձնել էր երկու փաստաբան, եւ չնայած պաշտպանական կողմի եւ Կ. Հովհաննիսյանի բազմաթիվ միջնորդություններին, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Կարեն Հովհաննիսյանին նախաքննական մարմինը նրան ծեծելու դրվագով չի ներգրավել որպես տուժող:

«Առավոտը» ամիսներ առաջ զրուցել էր Կարենի կնոջ՝ Արեւիկ Շախբարյանի հետ, որը հայտնել էր, որ Մարիամի սպանությունից հետո երեխային ինքն է պահում:

Արեւիկի խնամքին են այս պահին եւս երեք անչափահաս երեխաներ, եւ Կարենի հիվանդ մայրը:

Երեխայի հետ կապված, տիկին Արեւիկը հայտնել էր, որ Մարիամի ցանկությամբ, հաշտության համաձայնության հիման վրա, փոքրիկը բնակվել է Կարենի մոտ: Մարիամը կապ է պաշտպանել իրենց երեխայի հետ, տեսել, երբ ցանկացել է: Մահվան նախորդ օրը՝ օգոստոսի 29-ին, Մարիամը գնացել է Կարենի աշխատավայր, ինչին ականատես են եղել Կ. Հովհաննիսյանի գործընկերները եւ ընկերները: Կարենը նախաքննության ժամանակ նկարագրել էր իրենց հանդիպումը, նա հայտնել էր, որ Մարիամը տագնապի եւ վախի անհասկանալի նշաններ է ցուցաբերել:

Մարիամը ասել է, որ հաջորդ օրը պատրաստվում է մեկնել ՌԴ, խնդրել է լավ նայել իրենց դստերը՝ եւ հոգ տանել նրա մասին, խնդրել է, որպեսզի Կ. Հովհաննիսյանը իրեն ճանապարհի օդանավակայան:

Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, ի սկզբանե խոչընդոտներ են ստեղծվել իրենց ու Կարենի հետ առանձնատեսակցության հարցում, պաշտպանները ստիպված են եղել ահազանգել ՀՀ ոստիկանություն: Առանձնատեսակցությունը թույլատրվել է: Ոստիկանության Շենգավիթի բաժնում աշխատակիցներն առաջարկել էին Կարենին ընդունել, որ ինքն է Մարիամին սպանել: Կարենը պնդել է, երկարաժամկետ հացադուլի դիմելու ժամանակ էլ պնդեց, որ որեւէ կապ չունի սպանության հետ:

Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը նախաքննության ամբողջ փուլում ձեռք չի բերել որեւէ ապացույց, որով կհաստատվի առանձին դաժանությամբ սպանության կատարումը, փորձագետը հրաժարվել է պատասխանել քննիչի այդ հարցին, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որով խնդրել են փորձագետին առաջադրել հարցադրում, թե սպանությունը մեկ, թե մի քանի անձանց կողմից է կատարվել, քննիչը պաշտպանական կողմի այդ միջնորդությունը, ինչպես նաեւ մյուս բոլոր միջնորդությունները մերժել է: Մերժել է նույնիսկ առերես հարցաքննություններ իրականացնելու, տրամադրված ապացույցները քրեական գործին կցելու եւ այլ միջնորդությունները, որոնց հիմքում նշված հանգամանքները էական նշանակություն ունեն սույն քրեական գործի եւ հանցագործության բացահայտման համար:

Գործը դատարան ուղարկվելուց հետո Կարենի ընտանիքը հիմնավոր կասկածներ ունի, որ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ նախաքննությունն իրականացրած մարմինը ցանկացել է քննություն չիրականացնել իրական հանցագործներին բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննության ժամանակ Մարիամի քույրը վարկած է առաջ քաշել, որը չի ստուգվել, հայտնել էր՝ «կասկածում է սպանության մեջ բոլորովին այլ անձի, որը իրոք ուներ Մ. Դանիելյանին կյանքից զրկելու պատճառներ»:

Մեկ այլ շրջիկ վարկածի համաձայն էլ՝ Մարիամն ուներ խառն անձնական- գործնական կապեր տարբեր զբաղմունքի, նախասիրությունների տեր անձանց հետ, ինչը վրդովվեցրել է նրա ընկերոջը, որը Կարենը չէր: Չնայած ստացվել են Մարիամի հեռախոսի մուտքային եւ ելքային զանգերի վերծանումները, սակայն, պաշտպանների տեղեկացմամբ, հեռախոսահամարների օգտատերերը չեն հարցաքննվել, դրանով կբացահայտվեր հանգուցյալի կապը նրանց հետ:

Ավելի խայտառակ փաստ է արձանագրվել. քննիչը զննել է Կ. Հովհաննիսյանի եւ նրա փաստաբանի միջեւ իր իրավունքների պաշտպանության շրջանակներում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները:
Կ.Հովհաննիսյանի կինն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հիշեցրեց, որ քննիչի անօրինական գործողությունների դեմ իրենք բողոքի ցույց են արել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, հայտնել, որ «քննիչը, խախտելով նախաքննության գաղտնիք չհրապարակելու, անձի անմեղության կանխավարկածի սկզբունքները, «Սուր անկյուն» հաղորդաշարին տեղեկություններ էր տրամադրել, թե իբր հանցանքը կատարել է Կ. Հովհաննիսյանը, տրամադրել էր նրա վերաբերյալ կենսաչափական տվյալներ, որի արդյունքում այդ հաղորդման ընթացքում նաեւ ներկայացվել էին Կարենի լուսանկարները: Այդ հաղորդումը դիտել էին երեխաները, որոնք դպրոց են հաճախում, բարեկամները, գործընկերները, հարեւանները, որոնք ամուսնուն ճանաչել են որպես օրինակելի ծնող, զավակ, հարեւան, բարեկամ, գործընկեր»:

ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Կարեն Հովհաննիսյանի մոտ առկա է ՀՀ կառավարության կողմից 26.05.2006 թ. ընդունված «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ N 825-Ն որոշման համաձայն՝ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Կ. Հովհաննիսյանը, գտնվելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես պահանջում է չափել իր ճնշումը, ինչն իրականացվում է արդեն վաղուց բժշկության մեջ չկիրառվող գործիքակազմով, պահանջում է իր բուժումը իրականացնել իր ընտրած բժիշկների միջոցով, որոնք, սակայն, հրաժարվում են այն իրականացնել քրեակատարողական հիմնարկում, նախ խուսափելով ՔԿՀ մուտք գործել, ինչպես նաեւ պատճառաբանում են, որ ցանկացած ՔԿՀ-ում չեն կարող բավարար պայմաններ լինել նման հիվանդությունների զննության եւ բուժման կամ հսկողություն իրականացնելու համար:

Քննիչը, պաշտպանական կողմի տեղեկացմամբ, Կ. Հովհաննիսյանին չէր հայտնել նախաքննության ավարտի մասին, դրանից հետո չի տրամադրել քրեական գործի նյութերը՝ զրկելով նրան իրեն առնչվող քրեական գործի նյութերին ծանոթանալու, դրանց վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031