Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները կարող են շաբաթական 15-20 ժամ աշխատել եւ ազատվել եկամտահարկից. «Իմ քայլի» պատգամավորները մանրամասնում են իրենց նախաձեռնությունը

Մայիս 06,2019 12:42

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում, սակայն մասնագետները խոսում են նաեւ հնարավոր ռիսկերից:

«Եթե սա տարածվի բակալավրիատի վրա, հաճախելիության եւ կրթության որակի առումով գուցե խնդիր կունենանք: Ուսանողների հետ ենք հանդիպել, շահառուներն իրենք են եւ շահագրգիռ են, որ դա հենց առաջին կուրսից լինի, բայց պետք է լսենք նաեւ փորձագետների կարծիքը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Սիսակ Գաբրիելյանը: Հավելեց, որ առայժմ կփորձարկեն մագիստրատուրայում` հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար, հաջողելու դեպքում կկիրառվի նաեւ բակալավրիատում:

Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ պատրաստ են փուլերով գնալ եւ տարիքային սահմանափակում չի լինելու:

«Փորձագետների մի մասը նշում է, որ սա կարելի է կիրառել մասնագիտական աշխատանքի դեպքում նույնպես, մյուս մասը նշում է, որ գուցե այնպես լինի, որ մեկ անգամ կարողանաս օգտվել, ինչպես հիպոթեկի պարագայում: Գրեթե բոլոր շահագրգիռ կողմերի հետ ենք հանդիպել, կառավարության նիստին արդեն ամբողջական կլինի պատկերը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Լիլիթ Մակունցն էլ հետեւյալն ընդգծեց. «Սա նաեւ մեկ այլ բան է խթանելու: Այն աշխատողները, որոնք ավարտել են բուհը եւ ուզում են ստանալ երկրորդ մասնագիտություն, օրինակ` ուզում են մագիստրատուրան շարունակել, բայց չեն ունեցել այդ հնարավորությունը, այժմ կունենան: Սա խթանելու է բուհերում կրթությունը, աշխատողները ցանկանալու են սովորել»:

«Հեծանիվ չենք հորինել, այս համակարգը ներդրված է մի շարք երկրներում, ուսանողները կարող են շաբաթական 15-20 ժամ աշխատել եւ ազատվել եկամտահարկից: Նաեւ այստեղ ենք առաջարկում կես դրույքով աշխատելու դեպքում ազատել եկամտահարկից: Մեր տարբերակում ոչ թե ուղղակի ազատում ենք եկամտահարկից, այլ ավելի թիրախային ենք աշխատում:

Նախկինում եթե մարդիկ ստվերում էին աշխատում, չէին վերադառնա օրինական դաշտ, այժմ կցանկանան, կուզենան նաեւ փաստացի գրանցվել այնքան աշխատավարձով, որքան ստանում են: Մենք այժմ 90000 ուսանող ունենք, բակալավրիատում, որոնց 1-2 տոկոսն է աշխատում: Պետք է հասկանալ, թե աշխատող ուսանողներից քանիսն է իսկապես գրանցված աշխատող:

Պետք է նաեւ հասկանաս, թե աշխատավարձդ ինչքան է, եւ արդյոք եկամտահարկդ բավականացնելու է ողջ ուսման վարձը փակելուն…Եվ եթե մեր կառավարությունը գտնի, որ արժե 10 կամ 5 մլրդ տարեկան հատկացնել քաղաքացիների կրթությանը, կարծում եմ կունենանք բյուջեի հետ համահունչ նախագիծ»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հավելում է, որ ի տարբերություն բակալավրիատի, մագիստրատուրայում սովորողների թիվը մեծ չէ, հստակ հաշվարկներով կարելի է կառավարությանը ներկայացնել, թե ինչ արդյունավետություն է ապահովում նախագիծը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031