Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանյան հեքիաթներին» աջակցել է նաեւ սփյուռքահայությունը

Մայիս 06,2019 12:30

Ռեժիսոր Արփի Մաղաքյանի գրական նախաձեռնությունը կներկայացվի երաժշտական ձեւաչափով

Հեքիաթը ներառում է դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված եւ բյուրեղացած ճշմարտություններ:

Վերջին շրջանում մասնագետները պնդում են, որ ժամանակակից հեքիաթը ուսումնասիրությունների շրջանակներից հիմնականում դուրս է մնում: Ասում են, որ մեր օրերում հեքիաթասացության աստիճանական մարման պայմաններում բավական մեծ ժանրային-որակական փոփոխությունների է ենթարկվում այն՝ ինչպես քայքայման, այնպես էլ նոր որակներով հարստացման առումով:

Փաստում են նաեւ, թե համացանցային շփման արդյունքում բանասացությունը նոր, գրավոր դրսեւորում է գտնում այստեղ: Եթե չենք սխալվում, 4-5 տարի առաջ անցկացվեց միջոցառում «Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» գիտական թեմայով: Ոչ հաճախ, բայց անցկացվել է մրցույթ, թե մեր հրատարակչությունների թողարկած հեքիաթների որ գիրքը ինչ հորիզոնական է զբաղեցնում: Առանց մեկնաբանության նշենք, որ հիմնականում առաջին հորիզոնականում են հայտնվում օտար գրողների, օրինակ՝ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները, որին հաջորդում են բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից Թումանյանի, Աղայանի ստեղծագործությունները եւ այլն:

«Առավոտը» հյուրընկալել էր ռեժիսոր Արփի Մաղաքյանին, որի՝ Արարատ Մինասյանի նկարազարդումներով, 7-100 տարեկան երեխաներին ուղղված «Երեւանյան հեքիաթներ» գիրքն արդեն պատրաստ է, շնորհանդեսն էլ երաժշտական ձեւաչափով կկայանա Երեխաների իրավունքների միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ միջոցառման աջակից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Դիտարկմանը, թե մինչ օրս չենք լսել երեւանյան հեքիաթներ, մեր զրուցակիցը նախ ասաց, թե երկար տարիներ աշխատել է հայաստանյան TV-ներում, իր հեղինակային հաղորդումների հիմնական թեման եղել է Երեւանը, նաեւ իրականացրել է բազմաթիվ նախագծեր երեխաների համար, հետո էլ պատասխանեց. «Գրքում ութ հեքիաթ է, որոնց հիմքում իրական պատմություններ են: Օրինակ, «Կարմիր բլուրում» ներկայացնում եմ այնտեղ պեղումներ անցկացրած Կարո Ղաֆադարյանի մանկությունը, որը մի օր իր բակում ննջելիս լսում է կախարդական ձայն, ինչը նրան ուղեկցում է Կարմիր բլուր ու փոքրիկ Կարոն ծանոթանում է ամբողջովին ալ կակաչներով պատված բլուրի խորհրդավոր պատմությանը, կամ մեր օպերային շենքի կառուցման պատմությունը ներկայացնում է Սարյանի «Պետթատրոնի կառուցման հողային աշխատանքները Էրիվանում» կտավում վարպետի կողմից «անմահացած» իշուկը: Մի հեքիաթում էլ ագռավն է պատմում ԱՕՔՍ-ի շենքի պատմությունը, որն ի սկզբանե եղել է հիվանդանոց: Մյուս հեքիաթներիս առանցքում էլ Էրեբունի ամրոցն է, Թումանյանի տուն-թանգարանը, Մատենադարանը …»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե չասենք գիտական, բայց պատմության դասագրքի «մոտիվներով» գիրք է ստեղծել, Արփի Մաղաքյանը պատասխանեց. «Գրքիս խմբագիրը Լեզվի պետական տեսչության նախկին պետ, իմ դասախոս Լեւոն Գալստյանն է, որն առաջինն է ասել, թե «Երեւանյան հեքիաթները» կարելի է ընդգրկել դպրոցական օժանդակ ընթերցանության ցանկում: Մինչ տպագրությունը ստեղծագործություններիս ծանոթացրել եմ հարգարժան մանկավարժներիս, այդ թվում՝ «Արեգնազան» կրթահամալիրից Անահիտ Թադեւոսյանին, որը նախ հորդորեց դրանք անպայման տպագրել, հետո էլ ասաց, որ ինքը աշխարհագրության ժամին Երեւանը կբացահայտի հենց այս հեքիաթների միջոցով»:

Դիտարկմանը՝ համացանցում նկատեցինք, որ իր գրքի տպագրման համար հանգանակություն էր կազմակերպված, արվեստագետը պատասխանեց. «Հանգանակությունը կազմակերպել էր ամերիկաբնակ եղբայրս, քաղաքագետ-գիտնական Սիմոն Մաղաքյանը, որը Կոլորադոյի համալսարանի դասախոս է: Աշխարհասփյուռ հայերի հանգանակած գումարը կազմեց շուրջ 4 հազար ամերիկյան դոլար: Ինձ համար սա ոգեւորիչ փաստ է, որովհետեւ ստացվում է, որ Սփյուռքում բնակվող հայը ցանկություն ունի Երեւանի մասին նույնիսկ հեքիաթ կարդալ: Շուրջ մեկ ամիս կա մինչ գրքի շնորհանդեսը, բայց ինձ ոգեւորում է նաեւ գործընկերներիս, այդ թվում՝ ճանաչված արվեստագետների արձագանքը: Օրինակ, Հրանտ Թոխատյանը ցանկություն հայտնեց առիթի դեպքում հեքիաթները կարդալ երեխաների համար»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հանգանակած գումարը բավարարե՞լ է գրքի տպագրական ծախսերը հոգալու համար, գուցե դիմել է նաեւ հայաստանցի՞ մեծահարուստներին: Արփի Մաղաքյանն ընդամենը հայտնեց. «4 հազար դոլարը հրատարակման ծախսի 40 տոկոսն է, մնացածը հոգացել է ամուսինս»:

Ի դեպ, 2004թ. Երեւանի տիկնիկային թատրոնում Արփի Մաղաքյանի ռեժիսուրայով հանրահայտ «Կարմիր գլխարկը» հեքիաթը մինչ օրս էլ թատրոնի խաղացանկում է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Դասական Սփիւռքի հային համար ամբողջ Հայաստանը ինքնին հեգիաթ մըն է, ու կը մնայ միայն այդ:

  2. Աննա says:

    Ուրիշների գտածը պետք չէ օգտագործել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031