Լրահոս
Օրվա լրահոսը

Լիոնի հպարտությունը` կինեմատոգրաֆի հայրեր Լյումիեր եղբայրների տուն-թանգարան

Մայիս 06,2019 12:00

Լիոնում (Ֆրանսիա) գտնվում է կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Օգյուստ եւ Լուի Լյումիեր եղբայրների տուն-թանգարան-ինստիտուտը: Այստեղ նրանք հայտնագործել են կինոն, եւ բազմաթիվ այլ գյուտեր են արել: Հետաքրքիր է ինչպես նրանց` Art Nouveau ոճով կառուցած գեղեցիկ դղյակը, այնպես էլ այնտեղ պահվող բացառիկ ցուցանմուշները` սկսած ամենատարբեր նկարահանող սարքերից, վերջացրած օրիգինալ տեսանյութերով ու ժապավեններով, հին ազդագրերով ու լուսանկարներով, այսինքն՝ այն ամենը, ինչի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել կինեմատոգրաֆի էվոլյուցիայի մասին: Թանգարանում բաժին կա, որտեղ կարելի է դիտել ավելի քան 100-ամյա վաղեմություն ունեցող կարճամետրաժ ֆիլմեր, եւ գաղափար կազմել, թե ինչպիսին են եղել, օրինակ, Վենետիկը, Լիոնը, Հռոմը 100 տարի առաջ:

Ընդհանուր առմամբ, 1895-ից սկսած Լյումիեր եղբայրները նկարահանել են մոտավորապես 1800 ֆիլմ, որոնք 1946 թվականին Լուի Լյումիերի կողմից հանձնվեցին ֆրանսիական սինեմատեկին: Ի դեպ, Լյումիեր եղբայրների հետ է կապված աշխարհում առաջին կինոազդագիրը, որը 1895 թ. «Ջրված ջրողը» (L Arroseur arrose) ֆիլմը գովազդող ցուցանակն է: Այն 2018 թ. աճուրդում վաճառվել է 160000 ֆունտ ստեռլինգով: «Ջրված ջրողը» աշխարհում առաջին կինոկատակերգությունն է, Լյումիերների առաջին կինոնկարներից մեկը:

2009 թվականից Լիոնում անցկացվում է նաեւ Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոն, եւ այդ առիթով քաղաքի խոշոր հրապարակները վերածվում են դասական (մոռացված, նաեւ շատ հայտնի) ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների վայրի, իսկ կինեմատոգրաֆում ունեցած ներդրումի համար կինոյի երեւելիներին շնորհվում է «Լյումիեր» մրցանակ, որը տեղի «Օսկարն» է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լիոն-Երեւան

Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ,

04.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031