Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Քեռյան. «Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի ծով, և պետք է փորձել Թուրքիայի հետ բանակցություններ սկսել այդ հարցով»

Մայիս 06,2019 11:56

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՆ մայիսի 4-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրել էր քաղաքական դասախոսություն-քննարկում՝ «Կարսի և Մոսկվայի պայմանագրերը. դրանց պատմաքաղաքական հետևանքները և արդիականությունը» թեմայով:  Բանախոսը ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն էր: Քննարկմանը մասնակցում էին նաև Հայաստանի եվրոպական կուսակցության և «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները:

Բացելով քննարկումը՝ «Քաղաքական լիգայի» համակարգող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը նշեց, որ շուրջ 100 տարի անց այս թեմայի քննարկումը վկայում է դրա պատմաքաղաքական չհաղթահարված հետևանքների և խնդրի արդիականության մասին: «Եվ օրինաչափ է, որ ժամանակ առ ժամանակ այս թեման Հայաստանի քաղաքական կյանքում ծառանում է ողջ սրությամբ, և այս քննարկումը նպատակ ունի խնդրի մասնագիտական-փորձագիտական վերլուծությունն ու գնահատականները հանրայնացել, քննարկել պայմանագրերի առաջ բերած խնդիրները և հնարավոր սցենարները դրանց վերանայման համար: Միով բանիվ, Հայաստանի քաղաքական օրակարգ վերադարձնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հարցերը»,-ընդգծեց Ն. Մկրտչյանը:

Հիմնական զեկուցողը՝ պրոֆ. Գարիկ Քեռյանը, իր դասախոսության սկզբում նկատեց. «Մենք միշտ ուշադրություն ենք դարձրել Հայաստանի անվտանգության խնդիրներին, բայց ուշադրություն չենք դարձրել սահմանների խնդրին: Մինչդեռ սահմանային խնդիրները, անգամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո, կարող են դառնալ բարդությունների առարկա»: Ներկայացնելով Կարսի և Մոսկվայի պայմանագրերի պատմական փաստերը և դրանց վերլուծությունը՝ Քեռյանն անդրադարձավ 20-րդ դարասկզբի իրադարձություններին, նշելով, որ երկու իրադարձություններ ճակատագրական նշանակություն ունեցան Հայաստանի և հայ ժողովրդի համար. Թուրքիայում Քեմալականների Ազգային մեծ ժողովի ձևավորումը և 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունը, որոնք կործանարար հետևանքներ ունեցան Հայաստանի տարածքների և սահմանների համար: Քեմալ-Լենին դաշինքով, «համաշխարհային հեղափոխության լենինյան ծրագրի» իրականացմամբ փաստացի գծվեցին հայ-թուրքական սահմանները: 1920թ. ապրիլին Քեմալը նամակ գրեց Լենին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերութուններ հաստատելու մասին: Հայաստանի խորհրդայնացումից հետո պայմանավորվածությունների անիվը կտրուկ շրջվեց: Քեմալ-բոլշևիկյան համագործակցությունը կայացավ առաջինը հենց Ադրբեջանի հարցով: Քեռյանը հիշեցրեց, որ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանները գծվել են, մանրամասն սահմանազատվել են ԽՍՀՄ-Իրան, ԽՍՀՄ-Թուրքիա պայմանագրերի հիման վրա: «Միաժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք պատասխանել հետևյալ հարցին. ճանաչու՞մ ենք հայ թուրքական այդ սահմանը»,-ընդգծեց Քեռյանը:

Նա ավելացրեց, որ Թուրքիան հաղթեց նաև իր հմուտ դիվանագիտության շնորհիվ, մինչդեռ Հայաստանի դաշնակցական կառավարությունը ցուցաբերեց քաղաքական անհեռատեսություն: Զեկուցողն անդրադարձավ օգոստոսի 14-ին Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի կառավարությունների միջև կնքված «Սրտագին և անկեղծ բարեկամության պայմանագրին», որով Ռուսաստանը պարտավորվում էր Քեմալին մատակարարել զենք և զինամթերք, և խոսքը գնում էր 1914թ. սահմանների վերականգման մասին; Լենինի նպատակն էր ապահովել ռուս-թուրքական հակաիմպերալիստական դաշինքը:

Մոսկվայի պայմանագիրը կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի Քեմալական կառավարությունների միջև 1921թ. մարտի 16-ին: Պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան և Ռուսաստանը կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ Կարսի մարզը և Բաթումի մարզի հարավային մասը։ Կարսի պայմանագիրը հաստատում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։ Կարսի պայմանագրի կնքմամբ չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը, բացառությամբ՝ Մոսկվայի պայմանագրի։ Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում՝ Թուրքիային են անցել Կարսի մարզը՝ ԿարսՍարիղամիշԱրդահանՕլթիԿաղզվան քաղաքներով, Անիի ավերակներով մոտ 18հազ. քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2հազ քառ. կմ)։ Նախիջևանի մարզը հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։

Վերլուծելով Կարսի և Մոսկվայի պայմանագրերը՝ Քեռյանը ներկայացրեց իր եզրահանգումները:

Առաջին. Հայաստանը կարող է վիճարկել Կարսի պայմանագիրը:

Երկրորդ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով գծված սահմանների հարցը պետք է պահել որպես խաղաքարտ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների դեպքում:

Երրորդ. Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի ծով, և պետք է փորձել Թուրքիայի հետ բանակցություններ սկսել այդ հարցով:

Չորրորդ. չորս հարևանների հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի բացակայությունը լուրջ խնդիրների առջև կարող է կանգնեցնել Հայաստանին:

«Պատմությունը երբեմն այնպիսի անսպասելի անակնկալներ է մատուցում, ՀՀ իշխանությունները պետք է ունենան մի քանի սցենարներ. Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխարհաքաղաքական բոլոր զարգացումներին՝ դրանից էապես շահած դուրս գալու համար»,-զեկուցումն ավարտեց Քեռյանը:

Քննարկման մասնակիցներից մի քանիսը ևս անդրադարձան Կարսի և Մոկվայի պայմանագրերի հետևանքների հաղթահարման խնդիրներին: Մասնավորապես, «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչ, «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամի տնօրեն Ատոմ Մխիթարյանը կարևորեց 100-ամյա իրադարձությունների մանրամասների լավ իմացությունը, դրանց քաղաքագիտական համակողմանի վերլուծությունն ու դրա հիման վրա՝ ՀՀ արտաքին արդյունավետ քաղաքականության իրականացման համար առաջարկությունների փաթեթի մշակումը: Նա կոչ արեց չհապաղել ու երկխոսություն սկսել տարածաշրջանի երկրների ակադեմիկական շրջանակների և քաղհասարակության ներկայացացուցիչների հետ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ևս ընդգծեց, որ պայմանագրերը ՀՀ պատմաբանների, միջազգայնագետների և դիվանագետների կողմից պետք է մանրակրկիտ քննարկվեն. «Անթույլատրելի է հապճեպ գնահատականներ և զգայական պնդումներ կատարելը, որովհետև այս միջպետական պայմանագրերը ողջամիտ մոտեցումների և վերաիմաստավորման դեպքում կարող են հայանպաստ, այս պահին անսպասելի թվացող նոր զարգացումների հիմք դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բարդագույն գործընթացում: Պետական ատյանների և մասնագետների գործակցությունը հաջողության պարտադիր պայմանն է, որը, ցավոք, դեռևս չի կայանում»:

«Քաղաքական լիգայից» ԳԽ նախկին պատգամավոր Արամ Մայիլյյանը նշեց. «Եթե Հայաստանը Կարսի պայմանագրի խնդիրը իր քաղաքական օրակարգում չընդգրկի, ապա ընդունած կլինի հայ ժողովրդի վզին փաթաթած ստորացուցիչ սահմանները, ինչն անընդունելի է յուրաքանչյուր հայի համար, քանի որ այն, ըստ էության, հայկական գործոնի վերացմանն ուղղված միջազգային դավադրության շարունակությունն է՝ Մեծ Եղեռնից սկսած: Հարցն այն է, թե ինչպ՞ես և ե՞րբ հարցը բարձրացնել: Սա, միջազգային իրավունքի առարկա լինելուց բացի նաև Հայաստանի ներքաղաքական և համահայկական հարց է, ուստի նախ պետք է դառնա ներհայաստանյան և ներհայկական քաղաքական օրակարգի խնդիր: Ըստ այդմ, հարցի քննարկման էստաֆետը, որն արդեն, պայմանագրի ստորագրման 100-ամյակի առիթով, սկսում է հետաքրքրել հասարակական լայն խավերի, պետք է ստանձնեն պետական կառույցները, մասնավորապես՝ խորհրդարանը»:

Քաղաքական լիգա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031