Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը:
Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորեցին Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների պատասխանատուներ, ինչպես նաև այս առիթով Կրետե ժամանած հայ եկեղեցականներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնավորապես ողջունելու էին եկել Հույն Ուղղափառ Եկեղեցու Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը, Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը: Նորին Սրբությանն օդանավի մոտ դիմավորեցին նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանը, Հունահայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Մերուժան Հարթենյանը, Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդին և գանձապահ Սանտի Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Բարիգալստյան խոսքերից և Հայոց Հովվապետի ու Իրենեոս Արքեպիսկոպոսի եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակությունը մեկնեց Հերակլիոն:
Նույն օրը երեկոյան Հերակլիոնի «Աստորիա» թատրոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգին, որին Կրետեի հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին նաև բազում հույներ, տոնախմբության առիթով Աթենքից, Պոլսից և Մոսկվայից ժամանած ուխտավորներ:
Հանդիսությունը բացվեց Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդիի խոսքով: Այնուհետև պաշտոնական խոսքով հանդես եկան Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը և Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը` պատմական նկատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե: ԱԳ փոխնախարարը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Հունաստանի վարչապետի և Արտաքին գործերի նախարարի ողջույնները, ինչպես նաև Աթենք այցելելու` Հունաստանի վարչապետի պաշտոնական հրավերը: Իր խոսքում նա անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի համար ապրիլ 24-ի խորհրդին:
Հայոց Հայրապետի այցի առիթով ուրախություն արտահայտեցին նաև Կրետեի նահանգապետարանի և Հերակլիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները` իրենց զորակցությունը հայտնելով Կրետեի հայությանն իր բոլոր համայնքային նախաձեռնություններում:
Երեկույթի մշակութային հայտագրին իրենց մասնակցությունը բերեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի հայորդյաց տան «Հայասա» պարախումբը և Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև Կրետեի պարային համույթներ:
Համերգն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց Սուրբ Հովհաննու Կարապետի եկեղեցու 350-ամյակի առիթով Կրետե կատարելիք առաջին հովվապետական այցի առնչությամբ` նշելով, որ հայրենիքից և աշխարհի տարբեր երկրներից հայորդիներ եկել են հավելելու Կրետեի հայության ուրախությունը այս պատմական իրադարձության կապակցությամբ:
Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ Կրետեի հայ համայնքը, հակառակ փոքրաթիվ լինելուն, շարունակում է արթուն և աշխույժ պահել իր հավատքը` հավատարմությունը պահպանելով իրենց հայրերի սրբազան ավանդների ու ժառանգության նկատմամբ:
Գոհունակությամբ անդրադառնալով Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կողմից ցուցաբերված ջերմ հյուրաընկալությանը` Նորին Սրբությունը ընդգծեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ավելին` երկու հավատակից ժողովուրդները դարեր շարունակ կողք կողքի են ապրել, արարել ու հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին ընկած փորձություններն ու տառապանքները, վերապրել նաև ցեղասպանությունը` հանուն հավատքի հեղելով իրենց արյունը, նահատակվելով հանուն Քրիստոսի: Հայոց Հովվապետի խոսքով, հեղված այդ արյունը առավել ևս զորացրել է մեր ժողովուրդների բարեկամությունը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկու ազգերի և պետությունների միջև այդ բարեկամությունը այսօր էլ շարունակում է զորանալ և բարի արդյունք պարգևել` մաղթելով, որ այս նվիրական հողի վրա հայ ժողովրդի զավակները շարունակեն իրենց օրհնյալ կյանքը և մշտապես զորեղացնեն ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը:
Տոնական օրեր և գեղեցիկ հոգևոր ապրումներ պարգևելու համար Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այցի կազմակերպիչ Եզնիկ արքեպիսկոպոսին, Խորեն վարդապետին և եկեղեցական վարչության անդամներին:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց Հունաստանի կառավարությանը և Կրետեի նահանգային ու քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ իրենց ազնիվ հոգատարության, ինչպես նաև հոբելյանական այս տոնախմբությանը բերած նշանակալի նպաստի համար:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքը բարձրացրեց Կրետեի և նրա հավատավոր ժողովրդի համար` հայցելով Երկնավորի Սուրբ Աջի հովանին նրա խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի համար: Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված պայծառ ու արգասավոր պահի երկու ժողովուրդների հավատքը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ