Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության մեջ կան տարաբնույթ մեկնաբանություններ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել որոշ դիտարկումներ։
Որոշ ուժեր՝ առանց գործի մանրամասներին ծանոթանալու, նախապես մեղադրանքը համարում են շինծու և առիթը բաց չեն թողնում հասարակական կարծիքը Ազգային անվտանգության ծառայության դեմ ուղղելու համար ։
Չնայած նրան, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քանիցս հայտարարել է, որ հանրությունը հնարավորություն է ունենալու գնահատել առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, հրապարակ է նետվել մի միֆ, համաձայն որի ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը «կարվել» է ԱԱԾ-ի կողմից և շինծու է, իսկ ավելի համոզիչ թվալու համար հորինվել են որոշ «հիմնավորումներ»։
Անդրադառնանք դրանցից մի քանիսին։
Կարդացեք նաև
Հասարակական տրամադրությունների վրա ազդելու նպատակով շրջանառվում է վարկած, համաձայն որի ԱԱԾ-ն, իբր, «գործ է կարել» Դավիթ Սանասարյանի վրա, քանի որ Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայությունը միակ կառույցն է, որ կարող է ստուգումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայությունում։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի, ցանկանում եմ անդրադառնալ այս վարկածի տրամաբանությանը։
Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, թե իրոք ՊՎԾ-ն միակ կառույցն է, որ կարող է ստուգումներ անցկացնել ԱԱԾ-ում, արդյո՞ք դա բավարար պայման է, որպեսզի ԱԱԾ-ն ցանկություն ունենա մեկուսացնել Դավիթ Սանասարյանին։ Եթե, դիցուք, ենթադրենք, որ Դավիթ Սանասարյանը այդ եղանակով չեզոքացվում է, արդյո՞ք դրանից հետևում է, որ ՊՎԾ այլևս նոր ղեկավար չի ունենալու և ՊՎԾ նոր ղեկավարը այլևս զրկված է լինելու ԱԱԾ-ում ստուգումներ անցկացնելու հնարավորությունից, իհարկե ոչ։
Կամ, եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, կստացվի, որ ԱԱԾ-ն պետք է յուրաքանչյուր նոր ՊՎԾ պետի վրա «գործ կարի», որպեսզի իրեն հանկարծ որևէ մեկը չստուգի։ Մի՞թե սա տրամաբանական է, կամ մի՞թե այսպիսի կարծիքը կարող է տեղ ունենալ հանրային դիսկուրսում ։
Հաջորդ տարածված վարկածի համաձայն, Դավիթ Սանասարյանը միակ հեղափոխական պաշտոնյան է, ով տիրապետում է ազդեցության այդպիսի լծակների , հիմնականում նրան համեմատելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ, և նշվում է նաև, որ իբր, ուժայինները ցանկանում են նրան չեզոքացնել, քանի որ իրենք հեղափոխական չեն, իսկ Դավիթ Սանասարյանը հեղափոխական է։
Սա նույնպես հասարակական գիտակցության վրա մանիպուլյատիվ ազդեցություն գործելու հերթական հնարքն է։
Իմ գնահատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է հեղափոխական կադրեր բոլոր այն պաշտոններում, որտեղ դա հնարավոր էր անել, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պաշտոն զբաղեցնելը պահանջում է որոշակի առանձնահատուկ գիտելիքներ և հմտություններ, կամ օրենսդրությամբ սահմանված են հստակ պահանջներ։
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի առաջին կետերը հստակ սահմանում են, թե ովքեր կարող են զբաղեցնել համապատասխանաբար ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոնները։
Համաձայն այդ կարգավորումների, ԱԱԾ տնօրեն և Ոստիկանապետ կարող են նշանակվել համապատասխան մարմիններում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած կամ վերջին երեք տարում գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած այն ծառայողները, ովքեր ունեն գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում։
Այսինքն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունը այստեղ սահմանափակված էր որոշակի պայմաններով, և դժվար թե ընդդիմադիր դաշտից կամ հեղափոխության մասնակիցների շրջանակից հնարավոր լիներ գտնել այս պայմանները բավարարող հարմար թեկնածուներ, հետևաբար վարչապետի ընտրությունը պետք է կանգ առներ համակարգում աշխատած պրոֆեսիոնալ կադրերի վրա, որոնք, բնականաբար, ի պաշտոնե չէին կարող որևէ կերպ առնչություն ունենալ հեղափոխական գործընթացների հետ։ Հետևաբար, այս համատեքստում պաշտոնյաների բաժանումը հեղափոխականի և ոչ հեղափոխականի, տեղին չէ։
Առաջադրված մեղադրանքի անհիմն լինելու մասին հայտարարությունները ևս մի շարք հարցեր են առաջացնում։ ՀՀ Դատախազությունը անկախ մարմին է, և եթե մեղադրանքը անհիմն է, ապա ինչո՞ւ քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը չի վերացնում Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշումը, և ի վերջո, պետք չէ մոռանալ, որ քրեական գործը հարուցվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։
Այսինքն, քրեական գործը հարուցվել է ոչ թե ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունների, այլ Առողջապահության նախարարի դիմումի ուսումնասիրության արդյունքում, հետևաբար ենթադրել, որ ԱԱԾ-ն ծրագրել և անհամբեր սպասել էր, որ առողջապահության նախարարի դիմումի հիման վրա իրականացված քննության արդյունքում պետք է մեղադրանք առաջադրի Դավիթ Սանասարյանին, ուղղակի աբսուրդ է։
Եվս մեկ կարևոր հանգամանք․ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ վստահում է վարչապետին, և օրերս հանդիպել է նրա հետ։
Դավիթ Սանասարյանի նման շատերս վստահում ենք վարչապետին, և այդ վստահությունը հիմք է տալիս պնդելու, որ որևէ ԱԱԾ տնօրեն, անգամ մեծ ցանկության դեպքում, չէր համարձակվի «գործ կարել» որևէ ՊՎԾ պետի վրա, սա ակնհայտ է, քանի որ այս քայլը համարժեք կլիներ ազատման դիմում գրելուն։
Իմ տպավորությամբ, Արթուր Վանեցյանը շատ կցանկանար, որ այս քրեական գործը քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ մեկ ուրիշ քննչական մարմնում, քանի որ այդպիսով ազատված կլիներ կեղծ շահարկումներից, ԱԱԾ-ն վարկաբեկելու փորձերից և ավելորդ գլխացավանքից ։
Ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում Դավիթ Սանասարյանին և համոզված եմ, որ քննությունը կպարզի ճշմարտությունը, և եթե նա անմեղ է, ապա առաջիկայում դա կապացուցվի։
Այդուհանդերձ, դատապարտելի են ԱԱԾ-ին հանիրավի վարկաբեկելու և հասարակության մեջ ԱԱԾ-ի նկատմամբ անվստահություն սերմանելու փորձերը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանի կողմից ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո՝ կատարված հետևողական աշխատանքի շնորհիվ, կառույցի հեղինակութունը հասարակության շրջանում էապես բարձրացել է, և սա պետք է լուրջ ձեռքբերում համարել։
Հայկ ԱՐԱՄՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ, ԻՐԱՎԱԳԵՏ