Աշխարհի ամենաբարձր կամուրջները իմ պետության ղեկավարներն են կառուցել, որպեսզի հեշտ լինի կյանքից հեռանալն ու հաճելի լինի:
– Տեսեք,-տեսեք,, թե ոնց է սավառնում անթև հրեշտակը:
– Փառք Տիրոջը, որ հրաշք արեց՝ մեր աղոթքներին պատասխանելով: Հիմա հավատում ենք դատական համակարգին ու հավատում ենք, որ մեր կենսագրությունները ոչ ոք չի կեղծել, երբ նորածին էինք և պառկած էինք ճաղավանդակներով մեր մահճակալներում, իսկ մեր մայրերը գրոշներ էին հաշվում, որպեսզի հարկ վճարեն: Խոսքն այստեղ առնչվում է հարկային քաղաքականությանը, համաձայն որի՝ հարկման ենթակա են հանրապետության բոլոր այն մայրերը, ովքեր երեխա են կերակրում կրծքով:
– Չափազանցնում եք: Ճիշտ է, բոլորս էլ աբորիգեն ենք՝ անտաշ, անկիրթ ու խաչագող, բայց ձեր խոսքը խիստ հիմարություն կարող ենք համարել: Նման օրենք մարդկության ամենաստոր թափթփուկներն անգամ չեն հորինել:
Կարդացեք նաև
– Դո՛ւք, մոտավորապես հարգելի տիկին, որ կյանքում տեղեր եք զբաղեցրել մեծ հետույքի և սրան-նրան հետույքով տեղահան անելու շնորհիվ, հիմա լավ կլինի լռեք:
Եվ այսպես…
Ըստ Հարկային տեսչության օրենսդրության՝ կուրծքը կնոջ սեփականությունն է, բայց հղիացող կինը շատ լավ գիտի, որ կաթով պիտի կերակրի իր երեխային ապագայում: Ասել է թե՝ հղիության գնացող յուրաքանչյուր կին կազմակերպում է արտադրական պրոցես, իսկ նրա կաթը հարկման ենթակա միավոր է դառնում իմ պետության ներսում:
– Անե՜ծք…
– Ի՜նչ օրհնություն…
– Բայց չէ՞ որ սա մեր հարկային քաղաքականության պարծանքն է…
Քանզի հղիացող յուրաքանչյուր կին հսկիչ դրամարկղային մեքենա է ստանում հղիանալուն պես, ընդ որում՝ անվճար: Կրկնում եմ՝ անվճար: Ամեն անգամ, երեխային կրծքով կերակրելուց հետո, իմ երկրի ստնտու մայրերը ֆիքսում են սույն գործողությունը հսկիչ դրամարկղային մեքենայի օգնությամբ, իսկ վարչապետի համար առանձնահատուկ սիրելի կտրոնը դնում են երեխայի բարձի մեջ՝ բմբուլները հարստացնելով, պետության բյուջեն հարստացնելով և անխափան հնազանդվելով իմ պետության հարկային քաղաքականությանը:
– Փառք Տիրոջը, որ մեզ տվեց կամուրջ, երեխա, և հղիությունից չխուսափող քաջ կանայք:
Հիմա դառնանք այն իրավիճակին, որտեղ մեկ միության մեջ էին բերանբացները, բարձր կամուրջն ու երկնքում սավառնող անթև հրեշտակը:
– Սա Միքայելն է,- բղավում էին ոմանք՝ հրեշտակին մատնացույց անելով,- ահա վերադառնում է մեր Տերը:
– Չհավատա՛ք,- հրաբորբոք առարկում էին առավել զգուշավորները,- ինչ հրեշտա՜կ, ինչ բա՜ն..
– Չեք տեսնո՞ւմ, ադրբեջանցի լրտես է, ասել է թե՝ անսարք օդաչու:
– Խունկ ծխեք, որպեսզի մաքուր գտնվեք՝ Տիրոջ փառքին դեմհանդիման,- չէին հանգստանում ինչ-որ բաներից ներշնչվողները:
Եվ մինչ խունկ էին ծխում, քանզի ծխախոտն այլևս թանկացել էր անմատչելի լինելու աստիճան, ծակ կոշիկներով քաղաքացին ծեփվեց հողաթմբին:
Անքննելի են գործերն Աստծո:
Ու եթե Աստված լավագույն ծաղիկներն է պռճոկում երկրից, որպեսզի իր մոտ՝ մի տեղ ցանի, ապա ո՞վ էր կամրջից ինքնաբերաբար ընկնող և հիմա՝ կամրջի տակ թավալվող այս քաղաքացին, որ ծաղկակաղամբի պես դեղին-սփրթնած էր գիտակցական կյանքում: Այստեղ ամենակարևոր հանգամանքը չի կարող ինքնասպանությունը լինել, քանզի յուրաքանչյուր ոք բարձր կամրջից ցատկելու ազատությունն ունի իր երկրում, այլ ամենակարևորը մեզ համար ամոթալի այն արարքն է, որ կապ ունի քաղաքացու գիտակցական կյանքի և գիտակցական կյանքում գրոշանոց մի հարկ չվճարելու հետ:
Ինչպես և արդարացիորեն ասել է Տերը (պաշտոնը՝ Քրիստոս)՝ Աստծունը՝ Աստծուն, Հարկայինինը՝ Հարկայինին: Ու քանի որ Հարկայինի բաժինը չէր ճարվում ոչ մի կերպ, քաղաքացին ստիպված վճարեց հենց այն, ինչը վաղ թե ուշ Աստծուն պիտի պատկաներ (ստանդարտ արարողակարգ):
Անցան շարքային ամիսներ, տարին կիսվեց ի վերջո, բայց հրեշտակի սխրանքով իր մահկանացուն կնքած քաղաքացին դեռ դիահերձարանում էր, ավելի ճիշտ՝ սույն հաստատության սառնարանում: Քանզի աբորիգենների պետության հարկային օրենքն ունի ուշագրավ մի դրույթ, համաձայն որի՝ երիցս անիծված է այն մարդը, ով հետմահու հարկեր է թողել պետությանը: Այսօրինակ մարդու դիակը չի կարող հողին հանձնվել հավիտյանս հավիտենից:
– Բայց, ներեցեք, եթե վերոնշյալ անշունչ առարկան չի կարող հողին հանձնվել, ապա ինչի՞ն կամ ո՞ւմ հոգածությանը պիտի հանձնվի ի վերջո:
Ամեն առավոտ, Աստծո ամեն առավոտ, մեզ քաջածանոթ հանգուցյալի հարազատները գալիս էին դիահերձարան՝ դիակն ընդունելով, իսկ հետո գերեզման էին տանում իրենց բեռը, բայց և փոր ու փոշման վերադառնում էին ավելի ուշ, որովհետև հանրապետության բոլոր գերեզմանների բոլոր փոսերի մոտ Հարկային տեսչության չինովնիկներն էին կանգնած:
– Եկեք սառնարանով հանդերձ թաղենք՝ որ դրսից չերևա, թե ներսում ինչ ենք դրել, ավելի ճիշտ՝ ո՛ւմ ենք դրել,- առաջարկել էր հանգուցյալի կինը, բայց դիահերձարանը հրաժարվել էր սառնարան տրամադրելուց: Նույնիսկ՝ անսարք:
Ես հասկանում եմ, հարգելի ընթերցող, որ ձեր տրամադրությունը խիստ փչացրել եմ՝ շարադրելով ծանրագույն մանրամասներ, որոնք իրականություն են ավաղ: Կարող եմ անդրադառնալ և մեր կենսափիլիսոփայության զավեշտական կողմերին: Որոշ ժամանակից ի վեր, Հարկային տեսչության աշխատակիցները ՀԴՄ-ներ էին բաժանել նաև փողոցներում կանգնող սուրբ կույսերին, որոնք եթե հղիանում են, ապա՝ միմիայն սուրբ հոգուց: Բայց կուսությունը չեն կորցնում երբեք, քանզի կուսության կորստի դեպքում ավելացված արժեքի հարկ պիտի վճարեն:
Հարկման ենթակա միավորներ են նաև խոսքն ու երգերը: Չգիտեմ, թե այս փայլուն միտքը հատկապես ում գլխում է ճառագել, բայց կարող եմ ցուցանել Հարկային տեսչության օրենսգիրքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Քանի որ բերանի ապարատը ևս ինքնօրինակ գործարան է, ասուն քաղաքացու յուրաքանչյուր խոսք պետք է ընդունվի իբրև արտադրական միավոր: Նույնն է պարագան նաև երգերի դեպքում Բայց քանի որ երգը նաև մեղեդի ունի, յուրաքանչյուր խոսքի համար պետք է գանձվի 120 ՀՀ դրամ հարկավճար, իսկ մեղեդիով արտաբերվող յուրաքանչյուր բառից՝ 250 ՀՀ դրամ և 12 ԱԺՀ մանաթ»:
Որպեսզի ծախսը մի քանի տեղ բաժանվի, իմ պետության մարդիկ պայմանավորվում են հացառատ սեղանների մոտ, ու երբ գալիս է երգ ասելու ժամը, քանզի գինովցած մարդկանց սրտերն են երգում նախ և առաջ, ոմանք բառերն են արտասանում առանց մեղեդու, ոմանք էլ մեղեդին են հնչեցնում առանց բառերի, որպեսզի հնարավորինս քիչ հարկվեն տվյալ քեֆից՝ տվյալ ամսվա կտրվածքով:
Ուզում եմ հիշեք, որ աշխարհի ամենաբարձր կամուրջները իմ պետության ղեկավարներն են կառուցել:
– Ինչպիսի գեղեցկությո՜ւն,- հիանում են զբոսաշրջիկները:
– Հավատարմության երդում տուր ինձ հենց այս կամրջի վրա,- պահանջում են սիրահարները:
– Երեխաներ, ձեզանից առաջ գիտության դասերն են սերտել ձեր հայրերն ու պապերը: Այն ժամանակ կամուրջները դեռ չէին բարձրացրել:
Կամուրջների վրա են հնչում հայրենիքին ծառայելու երդումները, եկեղեցուց դուրս եկող նորապսակներն այլևս չեն շտապում, այլ կանգնում են կամրջի վրա՝ մթնշաղից առաջ և էլի որոշ բաներից առաջ:
Եվ ընդամենը խիստ խելացի և պետության համար խիստ վտանգավոր ուսյալները գիտեն, թե կարևոր ինչ դերակատարում ունեն բարձր կամուրջները հարկային քաղաքականության դաշտում:
Հ.Գ.- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենը, սկսած բախտավոր ժամանակների 2020 թվականից, ամեն առավոտ, ժ. 8:30-ի սահմաններում կհնչեցնի Հարկային տեսչության հիմնը, այն է՝ Դոլարի թըմբըլը, լա՛-լա՛, հա՛, հա՛, հա՜…
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ