Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների նկատմամբ սեռական բռնության 47 տոկոսը հենց իրենց ընտանիքներում է կատարվում․ իրավապաշտպան

Մայիս 04,2019 20:12

Դեռևս 2018թ. ապրիլին քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ երեխաների դեմ հանցագործությունների թվի աճ կա և դրանց գերակշիռ մասը կազմում են սեռական բնույթի հանցագործությունները: Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններին բազմիցս իր խոսքում անդրադառնում է նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և որպես վիճակագրական տվյալ նշում, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության 47 տոկոսը հենց իրենց ընտանիքներում է կատարվում։

Հետազոտության այս ցուցանիշը բավական մտահոգիչ է։ Այս նախադասությունը հուշում է, որ երեխաների հանդեպ նման վարքագծի դրսևորող են դառնում նաև մտերիմ անձինք՝ ծնող, դայակ, ազգական, խորթ ծնող։ Հոգեբանները փաստում են, որ երեխաների հանդեպ սեռական բնույթի գործողությունները խախտում են նրանց առողջ հասունացման ընթացքը, որն էլ վտանգված է տարաբնույթ հոգեկան շեղումներով: Անչափահասի սեռական անձեռնմխելիությունը խախտելը քրեական օրենսգրքով պատժելի արարք է, սակայն այս երևույթին, բացի տվյալ անձի կողմից ցուցաբերած հանցավոր դրսևորումներին, բազմաթիվ հոգեբանների և հոգեբույժների կողմից տրվում է նաև մասնագիտական գնահատական:

Ընտանիքում և ընդհանրապես երեխայի հանդեպ կրկնվող սեռական ոտնձգություն կատարած, կամ երեխային պարբերաբար սեռական բնույթի խաղերի մեջ ներգրավված հասուն անձի հոգեբանական բնութագիրը` հոգեբանների և հոգեբույժների կողմից հիմնականում տրվում է մեկ բառով՝ պեդոֆիլիա, որի բժշկական լուծումն, ըստ մասնագետների, համառ ջանքեր է պահանջում, թե հոգեբույժի, թե արդեն իսկ իր խնդիրը գիտակցող անձի կողմից։ Միջազգային հետազոտությունները պարզել են, որ պեդոֆիլիա ախտորոշումը հանդիպում է հիմնականում տղամարդկանց մոտ և հազվադեպ՝ կանանց:

Վերջին երկու տարում գործող մասնավոր հոգեբուժական կենտրոններից մեկի փոխտնօրենի հետ զրուցելիս փորձեցի ճշտել, թե արդյոք ունեցել են պեդոֆիլիա ախտորոշմամբ հիվանդ, իսկ տնօրենը սարսափած նայեց դեմքիս և անհանգստացած պատասխանեց` ո՛չ, սակայն միևնույն ժամանակ ավելացրեց, որ հոգեբույժի մոտ մի քանի այցելության դեպքում նոր այդպիսի եզրակացության կարելի է հանգել։

Հոգեբան Անուշ Ալեքսանյանն էլ նշեց, որ մեր երկրում բացառություն չեն այն դեպքերը, երբ ծնողը պեդոֆիլիայով է տառապում, սակայն նույնիսկ այդ պարագայում նա խորհուրդ չտվեց առանց տվյալ ծնողի գիտության, օրինակ մեկ այլ խնդրի պատրվակով նրան ներգրավել հոգեբանի կամ հոգեբույժի պարբերական խորհրդատվության, շեշտելով որ պեդոֆիլիայով տառապող անձինք շատ լավ գիտակցում են, որ իրենց կատարածը քրեական օրենսգրքով պատժելի հանցագործություն է, և հաշվի առնելով այդ հանգամանքը, թեպետ իրենց վարքագիծն անկառավարելի է դառնում երեխայի հանդեպ ունեցած իրենց գրեթե անհաղթահարելի սեռական ցանկության պարագայում,  այնուամենայնիվ գործում են ոչ թե բացահայտ, այլ գաղտնի։

Հոգեբանի խոսքով բուժումը պետք է լինի պեդոֆիլիայով տառապող անձի գիտակից մոտեցմամբ, քանզի այն ուղղված է ոչ թե դեղորայքային միջոցներով լիովին ապաքինվելուն, այլ էմոցիաները կառավարելուն: ՀՀ-ում պեդոֆիլիայի հնարավոր բուժման համընդհանուր տեսակետ լսելու համար սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանից հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացանք, որ մեր երկրում հնարավոր տարբերակներից կարող է կիրառվել անդրոգենային բլոկը, որի դեպքում անձի մոտ ընդհանրապես դադարում են սեռական ցանկությունները և այն  կիրառվում է բացառապես տվյալ անձի համաձայնությամբ և ամբողջ կյանքի համար է:

Հոգեբանի դիտարկմամբ ընտանիքում նման երևույթները բացահայտելը չափազանց դժվար է, հատկապես երբ խոսքը գնում է մանկահասակ երեխաների մասին, հաշվի առնելով մի կողմից երեխայի սերն ու վստահությունն իր ծնողի կամ ընտանիքի այլ անդամի  հանդեպ, մյուս կողմից ընտանիքի անդամների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած վստահությունը: Մասնագետի խոսքով երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունն անհետևանք չի մնում երեխայի հոգեբանության վրա, և հիմնվելով մասնագիտական գործունեության մեջ հանդիպած օրինակների վրա` նշեց, որ երեխան արդեն հասուն տարիքում հիշելով ծնողի կողմից իր հանդեպ կատարած անբարո գործողությունները, նույնիսկ այդքան տարի անց, պատահում է, որ հոգեկան խանգարում է ունենում:

Ընտանեկան օրենսգրքի 59 հոդվածը ծնողական իրավունքներից զրկելուն է վերաբերվում, որի «դ» կետում նշված է , որ երեխայի սեռական անձեռնմխելիությանը ոտնձգելու դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից: Քրեական օրենսգրքի 139, 141, 142, 166  հոդվածներով սահմանված են անչափահասի հանդեպ սեռական ոտնձգության կամ անբարո գործողությունների ներգրավելու՝ հանցագործությունների  համար նախատեսված պատիժները, և ծանրացնող հանգամանք է համարվում, եթե նման գործողությունները  կատարվել են ծնողի, մանկավարժի կամ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականությունը:

Մանկահասակ երեխաները չգիտակցելով իրենց հետ կատարվածը սովորաբար լռում են, իսկ այն հարցին, թե երեխայի հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու դեպքում, որ տարիքի երեխայի խոսքը կարող է հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելուն, փաստաբան Հրանտ Անանյանը պատասխանեց՝ «Ցանկացած տարիքի, հատկապես, եթե խոսքը տվյալ երեխային է վերաբերվում»:

Ընտանիքում երեխայի իրավունքները պետք է առաջնային լինեն, սակայն վիճակագրությունը փաստում է, որ դրանք բազմաթիվ անգամ խախտվում են հենց ընտանիքում և հաշվի առնելով ընտանեկան փակ մթնոլորտը կարելի է եզրակացնել, որ այդ իրավախախտումները շատ դեպքերում չեն բացահայտվում և հետևաբար կրկնվելու վտանգ են պարունակում:

Երեկ լրատվական կայքերից մի քանիսն անդրադարձան անչափահասի նկատմամբ հերթական սեռական ոտնձգությանը։ Սյունիքի մարզի գյուղերից մեկում տղամարդն իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն էր ունեցել և դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ: Քրեական գործի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել էր ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ըստ տարածված տեղեկատվության` դեպքը տեղի էր ունեցել անտառում և լուրը հասանելի էր դարձել հարևաններին, որոնք էլ դիմել էին ոստիկանություն։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031