Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք ԵՄ արտահանում ենք առավելապես հանքահումքային ռեսուրսներ, իսկ ԵԱՏՄ՝ վերջնական սպառման ապրանք

Մայիս 04,2019 16:24

Ինչո՞ւ ԵԱՏՄ անդամակցությունն այնքան արդյունավետ չէ Հայաստանի համար եւ ո՞վ է մեղավորը: Տնտեսագետ Կառլեն Մկրտչյանի կարծիքով պատճառը պետք է մեզանում փնտրել:

«Շատ է խոսվել հնարավոր այլընտրանքների մասին: Երբ 2015 թվականին Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, մտահոգություն կար, որ գուցե ճիշտ ճանապարհը Եվրամիությունն է եւ տնտեսական հարաբերությունները պետք է այդ ուղղությամբ խորացնել: Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա: Պետք է նայել Հայաստանից ԵԱՏՄ տարածք ու Եվրամիություն արտահանվող ապրանքների կառուցվածքը: Մենք Եվրամիությանը առավելապես հանքահումքային ռեսուրսներ ենք առաջարկում: ԵՄ երկրների կտրվածքով մեր հիմնական գործընկերը Գերմանիան է, ուր մոտավորապես $ 445 միլիոնի արտահանում ունենք: Ու այն ամբողջովին կազմում են պղինձն ու մոլիբդենը: Իսկ ԵԱ տնտեսական տարածք արտահանվում է առավելապես վերջնական սպառման ապրանք՝ գինի, կոնյակ, պահածոներ, միրգ, բանջարեղեն… Այսինքն, կառուցվածքի առումով մեզ համար շատ ավելի կարեւոր է վերջնական սպառման ապրանքների արտահանման ծավալների մեծացումը, ինչի հնարավորությունը Եվրասիական միությունը մեզ ընձեռում էր: Այլ բան է, որ իմ խորին համոզմամբ, լիարժեքորեն չենք օգտագործում՝ ինչ ԵԱՏՄ-ն մեզ տալիս է: 150 միլիոնանոց շուկա մուտքը շատ կարեւոր հանգամանք է մեր տիպի փոքր տնտեսություն ունեցող երկրի համար: Բայց մեր տնտեսությունը, տնտեսվարող սուբյեկտները դեռեւս բավարար չափի մրցունակություն չունեն այդ շուկայում որոշակի նիշա զբաղեցնելու համար»,-ասաց Կառլեն Խաչատրյանը:

Հարցին, թե տնտեսվարողներից մեկն ապրանքաշրջանառության նվազումը կապում էր քաղաքական պատճառների հետ, բանախոսը պատասխանեց. «Անշուշտ, քաղաքական հանգամանքները տնտեսական պրոցեսների վրա ազդեցություն ունեն, բայց չեմ կարծում, թե մենք էական նվազում ունենք: Ավելի շատ պետք է հաշվի առնել այն, որ վերջին տարիներին պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի տնտեսությունն էլ առանձնապես լավ վիճակում չէ եւ դա ԵԱՏՄ տարածքում բոլոր երկրների տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցել է: Պիտի հաշվի առնել նաեւ, որ Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների տնտեսությունները համադրելի չեն, ի տարբերություն Հայաստանի եւ ԵԱՏՄ ցանկացած երկրի, որտեղ տնտեսական հարաբերությունների խորացման ավելի մեծ պոտենցիալ կա ու կրկնում եմ, որ Հայաստանը բավարար չափով չի օգտագործում այդ պոտենցիալը»:

Կառլեն Մկրտչյանի կարծիքով դրա պատճառը պետք է փնտրել ոչ թե Ռուսաստանում, ԵԱՏՄ մյուս երկրներում, այլ Հայաստանում: «Մենք առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապրանքների մրցունակության բարձրացման վրա, որի ուղղությամբ քայլեր առանձնապես չեն ձեռնարկվում: Այստեղ այլ հանգամանք էլ կա: Կարող ենք ասել, որ պետք է բիզնեսն ինքնուրույնաբար չարչարվի,պայքարի ու հասնի էֆեկտիվության, որի արդյունքում ինքնարժեքը կնվազի, հետեւաբար, ապրանքն էլ մրցունակ կդառնա: Բայց մյուս կողմից էլ շատ կարեւոր է պետության վարած քաղաքականությունը մի կողմից բիզնես միջավայրի բարելավման, մյուս կողմից, օրինակ, հարկային քաղաքականության իրականացման ընթացակարգերի պարզեցման իմաստով: Այս ուղղությամբ վերջին երեք-չորս տարիներին շոշափելի քայլեր չեն արվել»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031