Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Մխոյանի նմաններն են կերտում պատմությունը․ ԵԿՄ վարչության փոխնախագահ

Մայիս 04,2019 16:02

Ծիծեռնակաբերդում ամփոփված ազատագրական պայքարի հինգ նվիրյալներից մեկը Մուշեղ Մխոյանն է՝ ազատամարտի լեգենդար հրամանատար Վոժդը:

Մուշեղ Մխոյանը ծնվել է 1951թ. Երևանում: Ղարաբաղյան շարժման առաջամարտիկը նաև առաջիններից մեկն էր, ով գիտակցելով զինված պայքարի անհրաժեշտությունը, փորձեց միավորել ազատամարտիկներին՝ 1989թ. Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորելով «Միավորված ուժերի շտաբը»՝ ՄՈՒՇ-ը:

1988-1991թթ. Մ. Մխոյանն իր կամավորական ջոկատով մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Կռվել է Երասխում, Կոռնիձորում, Նոյեմբերյանում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Տավուշում:

Քաջարի հրամանատարի համար ճակատագրական եղավ հատկապես Տավուշի սահմանների պաշտպանությունը. զոհվեց 1991թ. մայիսի 4-ին Մովսես գյուղի մատույցներում:

ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մուշեղ Մխոյանի պատվին է անվանակոչվել Երևանի հ. 68 դպրոցը:

Նվիրյալ հայորդու, լեգենդար հրամանատարի հիշատակը հարգելու համար այսօր Ծիծեռնակաբերդում էին հավաքվել ԵԿՄ անդամները՝  վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մարտական ընկերները, հարազատները, դպրոցականներ:

Օրհնության կարգից հետո հերոսի անունը կրող դպրոցի սաները ներկայացրեցին քաջ հայորդու, հերոս հրամանատարի, առաջնորդի կյանքն ու փառապանծ մարտական ուղին:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, կարևորելով նման հիշատակի միջոցառումները, ասաց. «Վոժդն իր ապրած կյանքով օրինակ պիտի դառնա սերունդների համար: Դեռ շատ տղաներ կան, որ մեծ դերակատարություն են ունեցել մեր պետականության կայացման գործում, բայց ստվերում են մնացել»:  «Նման միջոցառումներով մենք բոլորին անուն առ անուն հիշելու ենք և ազատամարտի իրական պատմությունն ենք փոխանցելու սերունդներին»,- նշեց Երկրապահի ղեկավարը:

ԵԿՄ վարչության փոխնախագահ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի խոսքով՝ «Մուշեղ Մխոյանի նմաններն են կերտում պատմություն: Իսկ պատմությունը սկսվում է այնպիսի մարդկանցով, որոնք կարողանում են անմնացորդ նվիրվել ազգային պայքարին: Այդպիսին էր և Մուշեղը»:

Զինակիցներն էլ հիշում են, թե ինչ նվիրումով էր Մուշեղը խիզախումների ու մարտի առաջնորդում իրենց: «Ջոկատը հավատում էր նրան: Ոչ միայն իր ջոկատի, այլ ընդհանուրի կողմից էր Վոժդ ընտրվել: Նա հավատում և սպասում էր այսօրվան», – պատմում են մարտական ընկերները:

 ԵԿՄ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031