Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը, որը անցյալ շաբաթ դժվարությամբ կարողացավ մուտք գործել Հայաստան, հոդված է հրապարակել՝ վերլուծելով՝ ինչն է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո:
«Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցել ուղիղ մեկ տարի առաջ 2018թ. ապրիլ-մայիսին: Ցուցարարներն ունեին երեք գլխավոր պահանջ՝ ապամոնոպոլիզացում և կոռուպցիայի դեմ պայքար, ազատ ընտրություններ և 2008թ. մարտի 1-ի սպանությունների քննություն:
Ապամոնոպոլիզացիա. Հայաստանում մենիշխանությունները եղել են կոռուպցիայի և քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հարստացման գլխավոր աղբյուրը: Իշխանությանը մոտ կանգնած անձանց համար ներմուծման արտոնությունները վերաբերում էին ամեն ինչին՝ սկսած դիզվառելիքից, բենզինից, շաքարից մինչև բանան: Ընդհանուր առմամբ մոնոպոլիզացված է եղել մոտ 20 հազար անուն ապրանքների ներկրում:
Այսօր դա չկա: Ընդհանրապես: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այժմ կարող է օրենքի շրջանակում Հայաստան ներկրել այն ամենը, ինչը անհրաժեշտ է համարում: Ես ինքս ականատես եմ եղել ռեստորատորների զրույցին, որոնք հանգիստ քննարկում էին՝ ինչպես Հայաստան ներկրել և վաճառել փայտածուխ և մրգեր:
Կարդացեք նաև
Կոռուպցիայի դեմ պայքար. Հայաստանը հեղափոխությունից հետո բախվեց նույն խնդիրներին, ինչ Ուկրաինան: Դատախազության և նախաքննական մարմինների միջին օղակը, ինչպես նաև դատական մարմինները նախկինի պես նույնականացվում են հանրապետականների հին ռեժիմի հետ: Գլխավոր պատճառը կադրերի պակասն է և նոր մարդկանց համապատասխան պատրաստվածության բացակայությունը: Հետևանքը աղմկոտ դատական գործերի բացակայությունն է և դատարանների և դատախազությունների մակարդակով նախկին ռեժիմին համակարգված դիմադրություն ցույց տալու անկարողությունը:
Կոռուպցիայի մակարդակը զգալիորեն նվազել է միայն ոստիկանության հասարակական անվտանգության բլոկում: Մյուս ճյուղերում ուղղակի կոռուպցիան փոխակերպվել է բարեփոխումների սաբոտաժի և նախկին պաշտոնյաների և քաղաքական գործիչների հանցագործությունների քննության խոչընդոտման: Այսօր Հայաստանը այսպես կոչված «անցումային արդարադատության» նոր մեխանիզմների շեմին է: Այդ թվում Քրեական օրենսգրքում անօրինական հարստացման մասին հոդվածի ավելացում և հակակոռուպցիոն մարմինների (այդ թվում՝ հակակոռուպցիոն դատարանի) ստեղծման մասին քննարկումներ:
Մարտի 1-ի սպանությունները. 2008թ. բողոքի ակցիաներ էին տեղի ունենում ամբողջ երկրում, որոնք վերածվեցին Երևանում իրավապահ ուժերի հետ բախումների: Դրա հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվեցին: Եվ չնայած սպանությունները մինչև վերջ չեն բացահայտվել, գործում առաջընթաց կա: Հայտնաբերվել է «N0038 գաղտնի հրամանը»՝ զինվորականներին մարտական զենք բաժանելու, մարտական խմբեր ձևավորելու մասին, և պարզվել է, որ կրակոցների ժամանակ ցուցարարների մոտ զենք չի եղել: Այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանինը գտնվում է կալանքի տակ և մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզում է հայտարարված, նա թաքնվում է Մոսկվայում:
Ազատ ընտրություններ. Նախքան հեղափոխությունը ընտրություններն անցնում էին մեծ թվով մարդկանց ժամանակավոր գումար աշխատելու ռեժիմով, որոնց կամավոր կամ սպառնալիքներով ներգրավում էին ձայների գնման ենթակառուցվածքներում: Շտաբների մեքենան ձևավորվում էր МММ-ի սկզբունքով: Մեկ ձայնը միջինը արժեր 10-20 դոլար: Մարդիկ ձայնը ծախում էին միայն նրա համար, որ «միևնույն է, նրանք հաղթելու են» և «եթե ես գումար չվերցնեմ, ուրիշն է վերցնելու»: Ձայների գնման գումարը վճարում էին նախկին նախագահի մերձավոր շրջապատի գործարարները և նրա ազգականները, որոնք հետո մենիշխանություններ ձևավորելու իրավունք էին ստանում: Այսօր այդ ամենը չկա: Արդեն հեղափոխության ընթացքում նորաձև էր դարձել ցանկացած տեսակի ձայների գնման մասին բարձրաձայնելը: Ձայների գնման այդպիսի շտաբները և մեխանիզմները փլուզվել են, և երբեմնի իշխող կուսակցությունը պարտվել է ընտրություններում՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:
Խորհրդարանում և կառավարությունում մեծամասնություն են կազմում հասարակական կազմակերպությունների անդամները և նախկին ընդդիմադիրները:
Հանրության ուղղակի նույնականացումը իշխանության հետ, գումարած մշտական հետադարձ կապը քաղաքացիների հետ, հիանալի արդյունք են տալիս. չնայած բոլոր վերը նշված խնդիրներին՝ Փաշինյանի կառավարությունը շարունակում է հսկայական աջակցություն վայելել: Ինչպես գրում են տեղի ընդդիմադիր լրատվամիջոցները, «կառավարութան ղեկավարի վարկանիշը նվազել է և տատանվում է 52-53%-ի սահմաններում»: Մասամբ դա ճիշտ է. Փաշինյանն իշխանության է եկել մոտ 90% աջակցությամբ: Բայց իշխանություն ստանալուց մեկ տարի հետո թիկունքում ունենալ բնակչության մեծամասնության աջակցությունը, համաձայնեք, մեծ բան է:
Նոր թիմի գլխավոր զենքը առավելագույն կերպով հանրային լինելն է, մշտական հաղորդակցությունը և պատրաստակամությունը՝ իրերն անվանել իրենց անուններով: Դրա համար նրան ներում են բազմաթիվ սխալներ, ոչ պրոֆեսիոնալիզմը և նախկին ռեժիմի բազմաթիվ պաշտոնյաների՝ ազատության մեջ գտնվելը: Գլխավորը, երկրում մթնոլորտը փոխվել է. մարդիկ հիշում են՝ ինչպես է ամեն ինչ եղել, տեսնում են՝ ինչպես է ջանք գործադրում նոր թիմը, և պատրաստ են օգնել նրան ռևանշի սպառնալիքի առաջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ