Սույն թվականի ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ի թիվս անցած օրվա ընթացքում կատարված դեպքերի և պատահարների վերաբերյալ հաղորդագրությունների, տեղադրել էինք ներքոնշյալ հաղորդագրությունը.
«Ս.թ. ապրիլի 30-ին ժամը 20:30-ի սահմաններում, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Վ. Ս-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի և Հադրութի շրջանի բնակիչ, 1968թ. ծնված Վ. Բ․-ի վարած «Տոյոտա-իպսում» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1974թ.ծնված Ա. Ա․-ն և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ս․-ն ու ուղևորներ` Ասկերանի շրջանի բնակիչներ, 1984թ. ծնված Թ. Մ․-ն, 2004թ. ծնված Ա. Ս․-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը»:
Ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայում երթևեկել են Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի բնակիչներ, 1980թ․ ծնված վարորդը, վերջինիս` 2004թ ծնված անչափահաս որդին և 1984թ․ ծնված ուղևորը։
ԱՀ ոստիկանության հաղորդագրության մեջ խստորեն պահպանվել է ինչպես անմեղության կանխավարկածը, այնպես էլ անձանց վերաբերյալ անձնական տվյալները, սակայն ի հեճուկս դրա, էլեկտրոնային որոշ պարբերականեր «Վահան Բադասյանը կասկածելի է համարում տեղի ունեցած ավտովթարը» վերտառությամբ հրապարակել են հոդվածներ առ այն, որ Վահան Բադասյանը կասկածներ է արտահայտում վթարի առաջանցման վերաբերյալ։
Բացի այդ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերեր մտացածին և անհիմն ենթադրություններով փորձել են դեպքին այլ` քաղաքական երանգ հաղորդել։
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ նշենք, որ փաստի առթիվ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում ստուգումներ են իրականացվում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակված են փորձաքննություններ, վերցվել են բացատրություններ և այլն։
Հավաստիացնում ենք, որ օրենքով սահմանված ժամկետներում ստուգումների արդյունքներով ճանապարհատրանսպորտային պատահարը կստանա իրավական գնահատական։
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհարկի շահարկումներից և սպասել ստուգումների արդյունքներին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ