Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տարածքում առաջնային խնդիրներից են ենթակառուցվածքները, ճանապարհների ոչ բարվոք վիճակը․ «Փաստ»

Մայիս 04,2019 11:39
Այս օրերին շատերն են նկատել, թե որքան շատ են զբոսաշրջիկները Հայաստանում: Մեր երկիրը շարունակում է հյուրընկալել զբոսաշրջիկների ամենատարբեր երկրներից: Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը մեծապես աճել է:

Մեր զրուցակիցը նշում է, որ զբոսաշրջիկներին հիմնականում առաջարկում են այցեր պատմամշակութային վայրեր: «Այս առումով Հայաստանը հարուստ երկիր է: Վերջին շրջանում զարգանում է նաև արկածային տուրիզմը: Ամբողջ աշխարհում գյուղական, էկոտուրիզմը մեծ թափ է առնում: Մարդիկ ավելի շատ են ձգտում բնական միջավայրին՝ բնական սնունդ, մաքուր օդ: Այս առումով բավական մեծ պոտենցիալ ունենք: Միջազգային շատ ծրագրեր հենց այս ուղղության վրա են շեշտը դնում և ծրագրեր իրականացնում՝ հատկապես գյուղական տուրիզմը զարգացնելու համար», – փաստում է Դավոյանը՝ ընդգծելով, որ այս կերպ փորձ է արվում լուծել նաև մարզերի բնակիչների զբաղվածության հարցը, և տուրիզմն ինչ-որ առումով նպաստում է ապակենտրոնացմանը:

Հայաստանի տարածքում առաջնային խնդիրներից են ենթակառուցվածքները, մասնավորապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Տեղեր կան, որ մայրուղիները, ասենք, վերանորոգված են, բայց մայրուղուց թեքվում ենք դեպի գյուղեր և պատմամշակութային կոթողներ տանող ճանապարհները և բախվում խնդիրների: Պատմամշակութային հուշարձանների մեծ մասն անհասանելի է տրանսպորտի տեսակետից: Տուրիստները ստիպված են լինում ոտքով քայլել դեպի մշակութային կոթողները: Ունենք շատ հետաքրքիր քարանձավներ, որոնք միանշանակ կհետաքրքրեն զբոսաշրջիկներին, բայց նախ դրանք անհրաժեշտ է դարձնել տուր ապրանք:

Ամենակարևորը՝ ունենք ճանաչելիության հարց: Մեր մասին պետք է շատ իմանան դրսում: Այս հարցում մեզ պետք է աջակցեն նաև մեր դեսպանատները: Դրանք տարվա մեջ գոնե մեկ անգամ պետք է հավաքեն տուրիստական ասոցիացիաների ղեկավարներին, ներկայացնեն Հայաստանը: Պատկերացրեք՝ դա որքանով օգտակար կլինի մեր երկրի համար:

Հիմնական և ամենակարևոր խնդիրներից է ուղիղ չվերթների բացակայությունը: Տոմսերի գների պատճառով բավականին թանկանում է նաև տուրփաթեթի արժեքը: Շատ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում Վրաստանով: Այդ դեպքում հիմնական տուրօպերատորը դառնում է Վրաստանը: Մի քանի օրով խմբին բերում են Հայաստան, ցույց տալիս մեր երկիրը, գումար աշխատում և հեռանում: Իսկ եթե լինեն ուղիղ չվերթներ Հայաստանի և այլ երկրների միջև, ապա մարդիկ ուղիղ չվերթով կժամանեն մեր երկիր: Այս ոլորտում պետությունը շատ լուրջ անելիք ունի»:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031