Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ գաղտնի բան կա, կա նաև կոռուպցիա․ Զեյնալյանը կրկնում է նախկինների հիմնավորումները․ «Ժամանակ»

Մայիս 04,2019 11:17

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն ու դրան կառավարության անդամների, մասնավորապես՝ վարչապետի արձագանքը իսկական «հակամարտության» առիթ է դարձել։ Երկու օր է՝ փոխադարձ մեղադրանքներ են հնչում միմյանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը: «Սա լեգիտիմ շահ է, և կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ասել էր արդարադատության նախարարը:

Նախագծին արձագանքած Նիկոլ Փաշինյանն էլ հեգնել էր. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»:

Վարչապետը նշել էր, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, այս ոլորտում թաքուն բան չեն անում և եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն: «Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավել բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության համար, դա բացվում է բոլոր՝ պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս»,- ասել էր վարչապետը։

Վարչապետի այս արձագանքին ի պատասխան՝ չէր ուշացել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի արձագանքը։ «Մեր մասին կեղծ լուրեր են տարածվում: Մենք ահաբեկչության հետ բնավ կապ չունենք»,- ասել էր Մարուքյանը՝ հիշեցնելով, որ նախագծով ԼՀԿ-ն առաջարկում էր հրապարակել երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը, որ ժամանակին հրապարակվում էին, հետո՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, գաղտնի դարձավ, փոփոխել՝ հետ բերելով նախկին տեսքին, այսինքն՝ դրանք կրկին հրապարակային դարձնել:

 

«Թրանսփարենսի ինթերնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խորապես զարմացած է նախագծի վերաբերյալ նոր իշխանությունների՝ վարչապետի, առավել ևս՝ արդարադատության նախարարի արձագանքից։ Նրա խոսքով՝ նախկինում, երբ այդ տեղեկությունները բաց էին, երբևէ որևէ խնդիր չի առաջացել, սակայն Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ ընդունվեց «Գնումների մասին նոր օրենքը, պաշտոնյաների մասին այդ տեղեկությունները դարձան գաղտնի։ Իսկ այնտեղ, որտեղ գաղտնի բան կա, կա նաև կոռուպցիա: «Պարոն Զեյնալյանի պնդումները լիովին կրկնում են այն հիմնավորումները, որոնք նախկին իշխանության ներկայացուցիչները բերեցին, և «Գնումների մասին» ներկա օրենքով դրանք դարձան գաղտնի։ Մեղմ ասած՝ զարմացած եմ, որ նույն պատկերը կրկնվում է նաև հիմա։ Կուզենայի նման բան չասվեր կառավարության նիստի ժամանակ, նման պնդումներ չարվեին»,- ասաց Հոկտանյանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031