Երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն օրերս խորհրդարանում պատասխանում էր լրագրողների հարցերին, ու լրագրողները նրան բաց չէին թողնում` Անանյանը մի պահ նեղսրտեց, թե` ինչ եք ուզում: Սկանդալ, հուշեց օպերատորերից մեկը: Այո, Հայաստանում այժմ գլխավոր գործող անձն ու քաղաքական-տնտեսական-բարոյական-իրավական-լրատվական գործիքը դարձել է սկանդալը (կներեք օտար բառի համար, բայց դա է լայնորեն համապատասխանում տեղի ունեցողին):
Սկանդալ է` Ծառուկյանը մոռանում ու առաջին դեմքով է խոսում խորհրդարանում, սկանդալով միայն քաղցը հագեցնող լրագրողների հարցերին ի պատասխան, գործարարի կաշվի միջից մոռանալով դուրս գալ: Ու նրա դեմ գործ է ուղարկվում ՀՔԾ:
ՊՎԾ տնօրեն Սանասարյանը դուր չի գալիս ոմանց` ռուսներին, հակասորոսականներին, ԱԱԾ պետին, ու ահա գործ է հարուցված նրա դեմ: Սկանդա՞լ չէ, բա ինչ է, 100 տոկոսանոց սկանդալ, ԶԼՄ-ներում ու քաղաքական դիսկուրսներում ոնց է եռում թեման:
Սկանդալ, սենսացիոն նյութ կա՞, հարցում են միմյանց լրագրողները, անգամ վարչապետն է թրենդի մեջ` այնպիսի պատկերավոր բառապաշարով է խոսում, որ կարծես ուզում է նյութ տալ մշտապես սկանդալի սոված ԶԼՄ-ներին: Համենայնդեպս` ամեն կառավարության նիստում մի քանի նրա դիտարկումներ միշտ սկանդալ սնելու առիթ տալիս են ստեղծագործ երեւակայությամբ մեր ԶԼՄ-ներին:
Կարդացեք նաև
Բոլորը քաղաքալրատվական միահյուսված դաշտում սրտատրոփ սպասում են ԱԺ նախագահ Աարարատ Միրզոյանի հայտարարությանը` Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով` ախ, ինչ սկանդալ է: Կարեւոր չէ` «իրավական, թե քաղաքական տիրույթում գտնվող», բոլոր տիրույթների դեպքում սկանդալ է, առաջին կարգի սկանդալ: Ասել են, չէ, Հայաստանում օլիգարխիա չկա, մեր մոտ սեփականատերեր են, բայց դուրս է գալիս՝ Ծառուկյանն օլիգարխ է, ո՜ւխ:
Մեդվեդեւը հեգնեց Փաշինյանին, ամա՜ն, ահավոր սկանդալ էր, տեսա՞ր…
Սկանդալով կերակրվող մեր քաղաքական եւ լրատվական դաշտերը լիուլի ստանում են սկանդալով կառավարվող պետություն, որտեղ ամեն ինչ շարունակվում է նախ կատարվել ԶԼՄ-ների հրապարակումների մեջ, հետո` կյանքում: Ինչպես եւ առաջ: Վաղը Ծառուկյանի շուրջ սկանդալը միգուցե հարթվի, քանի որ Փաշինյանի ու «Իմ քայլի» շահերից այս պահին չպիտի որ բխի անկանխատեսելի ելքով քաղաքական լարվածությունը, եթե, իհարկե, այս բոլորը մարդկանց զբաղեցնելուն չեն ուղղված, Սանասարյանով հանդերձ: Կամ միգուցե Ծառուկյանի խմբակցությունն, իրոք, վայր կդնի լիազորություններն ու սահմանադրական ճգնաժամ կառաջացնի խորհրդարանում` արտահերթ ընտրությունները որպես հետեւանք ունեալով հեռանկարում, ու դրանում իրենց պատկառելի ավանդը կունենան էլի լրագրողները` ուղղորդված կամ ինքնաբուխ, որոնք Ծառուկյանին տեսնելով` միանգամից այնպես են հարձակվում, որ Ծառուկյանն իրեն կորցնելով դուրս է գալիս օրենսդիրի բաճկոնից ու հայտնվում իրեն ավելի հատկանշական գործարարի մաշկի մեջ: Նայած սկանդալն ինչին է ուղղված` սահմանադրական ճգնաժամ առաջացնելուն, թե՞ իր խնդիրների լուծմանը սպասող ժողովրդին շեղելուն:
Այն, որ բոլորով ասում են` հիմա կառավարության ձախողումը Հայաստանի ձախողումն է, ու սա ասում են նախկիններից մինչեւ ներկա ընդդիմություն`անկեղծ չեն ախր, այլապես դանակները ձեռքներին բոլորով չեին սպասի, որ եզն ընկնի:
Հինգ-վեց քաղաքական բեւեռի հովանու տակ գտնվող լրագրողների սկանդալների մղումը ոչ թե իրենց մղումն է, այլ տերերի, լրագրողներին մեղադրելը մեղադրողի անտեղյակության ցուցիչ կլիներ:
Հին ու նոր տերերին հավասարապես կարելի էր կոչ ուղղել, եթե, իհարկե, նրանք որեւէ կոչ հասկանային, թե` ձեր պատգամավորներին հանձարարեք ոչ թե ինֆարկտի հասցնել Ծառուկյանին, այլ ուղղակի բովանդակային աշխատանքով զբաղվել, Ծառուկյանին ասեք` թող խմբակցության ղեկավարությունը հանձնի կամ «հարգարժան պրոֆեսորին», կամ լրագրողների համակրանքը վայելող Նառային, ու գնա հանգիստ իր բիզնեսով զբաղվի: Չնայած դրանից ինչ պիտի փոխվի` թղթերով ամեն ինչ կարգին կլինի, բովանդակությամբ` ոչ: Բայց գոնե ինտրիգն ու սկանդալը կպակասեն:
Թե չէ` ԱԺ միջանցքներից հիմա գալիս է այն հոտը, որը գալիս էր 1990-անների սկզբին, երբ հեծանիվը ՀՀՇ-ն նոր էր հայտնագործում, ու ամեն հայտնագործված հեծանիվ հետո մի նոր խմբավորման առանցքն էր դառնում իշխող կուսակցության ներսումՙ բազմակարծության պատրանք ստեղծելով:
Եվ, որքան էլ զարմանալի` ներխմբային հակադրությունների` միմյանց դեմ գործ ու ցուցմունք տալու, մամուլային խարդավանքների առումով` նոր խորհրդարանականները ամենեւին էլ տարբեր չեն ոչ նախկիններից, ոչ էլ ավելի նախկիններից: Այդ հոտը կա եւ կառավարության իրարամերժ, այդ թվում` ՀՀՇ-ի նավթալինի գզրոցներից հանած կենտ նշանակումների մեջ, եւ «Իմ քայլի»` արդեն միմյանց դեմ խմբերով սրճախմության թեմաներում, ինտրիգ ու ինքնահավանություն պարունակող ժպիտներում, որոնցում կարծես նոր զարգացումներ են նշմարվում:
Բայց սկանդալը շատ է, ու արդեն խեղդում է, հեռացնում մարդկանց միտքը բովանդակային խնդիրներից, հաշվետվողականությունից ու պարտավորությունից: Իրար դեմ դավեր նյութելը գրված է բոլորի ճակատներին: Մի՛ արեք, պարզապես մի արեք: Քաղաքականներից սկսած` մինչեւ լրագրողներ, երկիրն է մեղք:
Ստեփան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Այսօրվա իրավիճակը առավել պատկերավոր նկարագրված է:Ընդհանրապես,իշխանությունները՝մեր կամ մյուս երկրների,եթե չեն կարողանում իրենց քաղաքացիներին հացուկարագ առաջարկել,կերակրում են սկանդալներով,պատերազմի վտանգներով,հակահեղափոխությամբ՝ժողովուրդին զբաղեցնում են…..