Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան է կազմում մեր տնտեսության հարկային պոտենցիալը, և որքան հարկ չի հաջողվել հավաքել նախորդ տարիներին․ «168 ժամ»

Մայիս 04,2019 10:25

Ապրիլի 18-ին Կառավարության նիստի ժամանակ խոսելով հարկային եկամուտների մասին` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց․ «Մենք առավելագույնս մեր հավաքվող եկամուտները պետք է մոտեցնենք մեր հարկային պոտենցիալին կամ պետք է համաձայնենք, որ չունենք ստվեր, չունենք որևէ խնդիր։ 2018թ. համար մոտավորապես 438 մլրդ դրամ ավելի պակաս է մեր գնահատականով, քան թե մենք փաստացի հավաքել ենք՝ հանած արտոնությունների մասը, դա չհաշված»։

Ավելի ուշ, լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ արձագանքելով այս հայտարարությանը, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանն ասաց․ «Կա հարկային ծախս և հարկային պոտենցիալ հասկացություններ: Բյուջետային ուղերձում նշված է, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ: Հավանաբար, խոսքը դրա մասին է եղել, պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթել է»։

Այն, որ երկու գերատեսչությունների գնահատականները հակադրվում են միմյանց հետ, թերևս, բնական է, քանի որ գործ ունենք մի կողմից՝ հարկային քաղաքականությունը մշակողի, իսկ մյուս կողմից՝ դրա իրացնողի հետ։ Իսկ քանի որ չունենք Ատոմ Ջանջուղազյանի մատնանշած այն իրավիճակը, որ վստահաբար պնդենք՝ չունենք ստվեր, չունենք որևէ խնդիր, ապա այս հակասությունը լինելու է շարունակական, իսկ այդ ստվերի և խնդիրների համար Ֆինանսների նախարարությունը վատ վարչարարության համար մեղադրելու է ՊԵԿ-ին, իսկ ՊԵԿ-ը՝ օրենսդրական բացերի համար՝ Ֆինանսների նախարարությանը։ Սակայն այստեղ առավել կարևորը ոչ թե այդ հակադրվող գնահատականներն են, այլ բուն բովանդակությունը՝ որքան է կազմում մեր տնտեսության հարկային պոտենցիալը, և որքան հարկ չի հաջողվել հավաքել նախորդ տարիներին։

Գալով արդեն բուն նյութին և խոսելով հարկային ստվերի, հարկային ծախսերի և հարկային պոտենցիալի մասին՝ նախ պետք է հասկանանք, թե դրանցից ո՞րն ի՞նչ է իրենից ներկայացնում, և առհասարակ ի՞նչ կառուցվածք ունի այս համակարգը։ Այս թեմայով արտասահմանյան հեղինակների կողմից մի շարք հրապարակումներ են արվել, որոնցից առավել լավ և հանրամատչելի բնութագրումը ներկայացված է Էրիկ Հութթոնի կողմից ԱՄՀ կայքում հրապարակված հետազոտության մեջ։ Ըստ այս ուսումնասիրության՝ Համակարգի երկու առանցքներն են հարկային օրենսդրությունն ու հարկային վարչարարությունը, որոնց տարբեր կոնֆիգուրացիաներով ձևավորված մակերեսներն իրենցից ներկայացնում են համակարգի բաղադրիչները՝ համաձայն ստորև ներկայացված կառուցվածքի․

Այսպես, գործող օրենսդրության և իրականացվող փաստացի վարչարարության պայմաններում հավաքագրված հարկային եկամուտները, ներառյալ՝ նաև հարկային ծախսերը (տրամադրված արտոնություններ), հանդիսանում է հարկային եկամուտների փաստացի մակարդակը, որը գծապատկերի վրա ներկված է կանաչ գույնով։ Ինչ վերաբերում է հարկային ծախսերին, ապա դրանք իրենցից ներկայացնում են օրենքով կամ ենթաօրենսդրական ակտերով, կառավարության որոշումների միջոցով տնտեսության ճյուղերին կամ առանձին կազմակերպություններին տրամադրված հարկային արտոնությունները, և յուրաքանչյուր տարվա համար ներառվում են տվյալ տարվա բյուջետային ուղերձ-բացատրագրի 3-րդ բաժնում, իսկ վերջին տարիների բաշխումը ներկայացված է աղյուսակում։

2019 թվականին այս ցուցանիշը կազմել է շուրջ 442․3 մլրդ դրամ, որի մասին լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հիշատակեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Այս 442,3 միլիարդը ստվերի և հարկային պոտենցիալի հետ որևէ կերպ չի ասոցիացվում, այն ՊԵԿ-ի կողմից մշտապես հաշվարկվել է և եղել տեսադաշտում։ Սակայն այն կապ չունի նաև Ֆինանսների նախարարի հնչեցրած ցուցանիշի հետ, որին կանդրադառնաք ստորև։

Երկրորդ բաղադրիչը՝ ներկված կապույտ գույնով, հանդիսանում է վարչարարության ճեղքը։ Բնականաբար, ոչ միայն Հայաստանում, այլև մնացած երկրներում վարչարարությունը չի կարող իդեալական և 100 տոկոսանոց լինել, և դրա համար էլ տարեցտարի Միջնաժամկետ ծախսերի ծրագրով այս ուղությամբ բարելավում ենք թիրախավորում՝ ՀՆԱ-ի 0,2 տոկոսի չափով։ Արդյունքում՝ վարչարարության ոչ լիարժեքության հետևանքով չհավաքագրված եկամուտները ձևավորում են հարկային վարչարարության ճեղքը։ Իսկ վերոնշյալ երկու բաղադրիչների հանրագումարը, այսինքն՝ կանաչ և կապույտ քառակուսիները միասին, իրենից ներկայացնում է ընթացիկ հարկային պոտենցիալը գործող օրենսդրության պայմաններում։ Առավել պարզ ասած, սրանք հարկային այն եկամուտներն են, որը կունենանք, եթե ՊԵԿ-ն աշխատի կատարյալ և անթերի։

 

Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031