Հետհեղափոխական Հայաստանում ամեն փոփոխություն ներկայացվում է որպես հեղափոխություն: Հենց այս տրամաբանությամբ էլ հայտարարվեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը:
Տնտեսական կոչվող հեղափոխության նպատակը, ըստ դրա գաղափարախոսների, ՀՀ բնակչության կենսամակարդակի բարելավումն է: Հասկանալի է, որ հեղափոխական էնտուզիազմը շատ արագ կսպառվի, եթե դրա դրական արդյունքները չզգան Հայաստանի քաղաքացիները:
Հայաստանի ՀՆԱ-ի 20%-ը ապահովող հանքարդյունաբերությունը գտնվում է տնտեսական լճացման մեջ, պայմանավորված թե՛ միջազգային շուկաներում այդ հումքի գների անկմամբ եւ թե՛ այդ ոլորտում ներդրումների բացակայությամբ: Ըստ այս ոլորտի մասնագետների, ներդրումների բացակայության պատճառներից մեկը «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակն է, որը ոչ մի լուծում չի ստանում:
Մոտ 1 մլրդ դոլար ներդրում ապահովող ընկերության գործունեությունը փաստորեն կասեցվել է եւ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այս իրավիճակի լուծման համար: Եթե վերջինս իրականացնի իր սպառնալիքը եւ դիմի միջազգային արբիտրաժային դատարան, ապա ՀՀ-ն կարող է հայտնվել բավական տհաճ իրավիճակում, հսկայական տուգանքներ մուծելով այդ ընկերությանը:
Կարդացեք նաև
Բարվոք չէ իրավիճակը նաեւ էներգետիկայի բնագավառում, բացի նրանից, որ վերացվել է այդ նախարարությունը, իսկ դրա մնացորդները չգիտես ինչու մտցվել են տարածքային կառավարման նախարարության մեջ, չկան ներդրումներ նաեւ այս բնագավառում: Մինչեւ թավշյա կոչվող հեղափոխությունը կար որոշակի պայմանավորվածություն Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերության հետ, որը պետք է 10 տարում մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարեր այս բնագավառում:
Սակայն ՀՀ-ից այս ընկերության դուրս մղումից հետո, ավտոմատ կերպով դադարեցին գործել նաեւ ներդրման մասին պայմանավորվածությունները: Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը, ցավոք սրտի, զարգանում է դանդաղ տեմպերով, մինչ օրս կառուցվել է դեպի Իրան ձգվող 3-րդ բարձրավոլտ գծի միայն 15%, թեեւ, ըստ պայմանագրի, այն պետք է շահագործման հանձնվեր 2019թ-ին:
Էներգետիկայի բնագավառում լրջագույն ռիսկեր կան պայմանավորված ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծման խնդրով: Բանն այն է, որ այդպիսի շուկայի ստեղծումը հնարավորություն կտա այսուհետ էլեկտրաէներգիա ձեռք բերել նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից եւս, եւ եթե այնտեղ այն էժան լինի, ապա տեսականորեն ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը) էլեկտրաէներգիա կարող է ձեռք բերել դրսից, հրաժարվելով նմանատիպ գնումներ կատարել Հայաստանում գործող ՋԷԿ-երից եւ ՀԷԿ-երից:
Հետեւաբար բնական հարց է առաջանում. արդյոք ՀՀ-ում արդեն գոյություն չունեցող էներգետիկայի նախարարությունը կամ նրան փոխարինող տարածքային նախարարության մասնագետները հաշվի են առնում այս ռիսկերը եւ խնդիրները: Արդյոք քայլեր են ձեռնարկում նմանատիպ սցենարների զարգացումը կանխարգելելու համար եւ այլն:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ոլորտը տարին սկսել է 14 տոկոս անկումով, ինչը փաստում է, որ խոսակցությունները տնտեսական աճի մասին անիմաստ են: Աճող տնտեսությունում էլեկտրաէներգիայի սպառման ցուցիչները միայն ավելանում են, այլ ոչ թե նվազում:
Հայաստանում տնտեսական «հեղափոխության» իրականացման համար հարկավոր են ոչ թե մեծ երազողներ, այլ բիզնես մտածելակերպով օժտված եւ տնտեսագիտական խորը գիտելիքներ ունեցող անձինք: Կառավարությունը պետք է համալրվի հենց նմանատիպ արհեստավարժ մասնագետներով, որոնք եւ կարող են իրականացնել տնտեսական ու տնտեսագիտական զարգացման հրաշքներ: Սակայն այդ «հրաշքները» կատարվում են ոչ թե ցանկություններով, այլ սթափ հաշվարկերով, որոնք այսօրվա կառավարությանը եւ նրա ղեկավարությանը հասու չեն: Առայժմ:
Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում