Այն, ինչի մասին «Առավոտը» գրում էր ավելի քան 20 տարի, վերջապես բարձրաձայնվեց Ազգային ժողովի նախագահի կողմից՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտարարությամբ: Քաղաքականության եւ բիզնեսի այն համակցումը, որը Հայաստանում գոյություն ունի 1995 թվականից, անընդունելի է օրենքի եւ էթիկայի նորմերի տեսանկյունից: (Ամբողջությամբ դրանից խուսափել հնարավոր չէ ոչ մի երկրում, բայց քաղաքակիրթ աշխարհում դրա համար գործում են հատուկ կարգավորումներ):
Այն պահից, երբ Հայաստանի առաջին գումարման ԱԺ-ում հայտնվեցին Կոմբիկերի Վլադի կամ Կարամելի Հարութի նման կերպարներ, պարզ դարձավ, որ մեր երկրում «վայրի կապիտալիզմը» վերջնականապես հաղթել է, եւ պատգամավորները, «փող թափելով», գալիս են խորհրդարան ոչ թե ընտրողների, քաղաքացիների, այլ իրենց սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու: (Ի դեպ, նույն վիճակն էր 1920-ականների ԱՄՆ կոնգրեսում): Որպես կանոն, նման պատգամավորները չափազանց պասիվ են զուտ օրենսդրական աշխատանքում, շատերի կրթությունն էլ թույլ չի տալիս հասկանալու, թե որն է այս կամ այն օրինագծի իմաստը: Բայց փոխարենը նրանք չափազանց ակտիվ են, երբ խոսքը գնում է իրենց բիզնես շահերի մասին:
2018 թվականի հեղափոխությունից հետո պատգամավորական այդ «ուղղության» ամենացայտուն ներկայացուցիչը մնաց Գագիկ Ծառուկյանը: Եկեք անաչառ լինենք այս եւ մնացած գործարարների գնահատականը տալիս: Ես վստահ եմ, որ խոշոր գործարար լինելու համար, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների դեպքում, որոշակի տաղանդ է պետք: Այո, Ծառուկյանի բիզնեսները վճռական զարգացումներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հանգուցյալ եղբոր շնորհիվ, բայց, եթե նույն արտոնությունները տային, օրինակ ինձ, ես, միեւնույն է, չէի հարստանա, որովհետեւ այդ բնագավառում ընդունակություններ չունեմ: Ծառուկյանն իսկապես շատ մարդկանց է օգնել, նպաստել է Հայաստանում մի քանի սպորտաձեւերի զարգացմանը՝ մանավանդ այն տարիներին, երբ նույն երկրորդ նախագահը հատուկ հետաքրքրություն էր դրսեւորում սպորտի հանդեպ:
«Երկրի դրվածքը» ստիպեց նրան մտնել խորհրդարան սկզբից անհատապես, իսկ այնուհետեւ՝ հատուկ դրա համար ստեղծված կուսակցության՝ ԲՀԿ-ի հետ՝ իր բիզնեսների համար վստահելի տանիք ապահովելու համար: Նույն ձեւով են վարվել մի քանի տասնյակ այլ գործարարներ՝ սկսած, կրկնեմ, 1995 թվականից:
Կարդացեք նաև
Հիմա «երկրի դրվածքը» փոխվել է, ինչի մասին գրում է իր հայտարարության մեջ ԱԺ նախագահը: Ամենաիմաստուն որոշումը, որը կարող է կայացնել պարոն Ծառուկյանը, պատգամավորական մանդատը ինքնակամ վայր դնելն է, որը թույլ կտա ԲՀԿ խմբակցության մնացած պատգամավորներին անկաշկանդ զբաղվել քաղաքականությամբ:
…Գագիկ Ծառուկյանը ներկայիս ԱԺ պատգամավորներից ամենախոշոր գործարարն է: Բայց արդյո՞ք միայն նա է զբաղվում ձեռնարկատիրությամբ: Արդյո՞ք այլ բիզնեսմեններ չկան ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցություններում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լաւ… ուրեմն ինչո՞ւ թոյլ տուին որ ներկայանայ ընտրութիւններին… Այն ատեն, երբ ամէն բան լրիւ իրենց կամքէն կախեալ էր, եւ կարող էին հեշտօրէն արգիլել իր թեկնածութիւնը: Այն ատեն, չէի՞ն գիտեր որ այս մարդը առեւտրական մեծ գործերով կը զբաղուի…
Այն ժամանակ, հնազանդօրէն իրենց ուզածը սկսաւ կատարել, հետեւաբար իր պարագային «Երկրի դրվածքի» փոփոխութեան հարց չկար: Հազիւ որ իրենց հանդէպ կեցուածքը փոխուեցաւ, մէկէն անդրադարձան որ, ո՜հ, չի կարելի, ««Երկրի դրվածքը» փոխվել է» :
Եւ ահա, նոր քաղաքական դրամա մը: Դեհ, քիչ մըն ալ այս պատմութեան վրայ ժամանակ թող վատնեն, ինչու չէ, քանի որ արդէն մնացեալ ամէն բան իւղի նման ընթանում է, հեզասահ եւ շատ արդիւնաւէտ:
(Ամէն պարագայի՝ օ՛խ ըլլայ իրեն: )
Պարոն Հ.Շ. այս իրավիճակը ինձ հիշեցնում է PKP (Pierre Karl Péladeau) քաղաքականություն մտնելու անհաջող փորձը…երևի ինչ որ իրավական կարգավորումներ են պետք բոլոր երկրներում???օրինակ PKP ն ֆորմալ ‘հրաժարվեց’ իր բիզնեսը կառավարելուց…
այո, կարելի է նշել՝ Քէպէք նահանգի այդ վարչապետի պարագան. նաեւ կայ նոյնանման նախընթացը Գանատայի վարչապետ՝ Paul Martin-ի. սակայն թիւրիմացութիւն չլինի, Փելատոյի հրաժարումը ոչ մի կապ ունէր այս նիւթիւն հետ. իսկ Մարթէնն ալ արդէն ամբողջացուց իր պաշտօնավարութեան ժամանակամիջոցը.
այդպիսի իրաւական կարգաւորումներ հարկաւոր են անշուշտ բոլոր երկիրներում. սակայն Հայաստանի պարագային կամայական են, եւ շատ շեշտակի է քաղաքական ազդակը, ամենակոշտ մակարդակի վրայ. այսինքն, «օրինականը» մակերեսային պատրուակ մըն է միայն… անհամեմատօրէն աւելի կեղծ ու ձեւական, քան մնացեալ աշխարհի երկիրներու երեւի ինիսուն տոկոսին.
վերեւ ըսածս ալ այդ է՝ իբրեւ թէ «սկզբունքային» մօտեցումով, խորքին մէջ քաղաքական ստոր ու կեղտոտ խաղ է որ տեղի կ’ունենայ. դերակատարների կողմէ որոնք իշխանութեան տիրացան, այն հիման վրայ որ երկիրը պիտի փրկէին այդ վատ սովորութիւններից
Ի՞նչ ԱԺ, ի՞նչ նախագահ, ի՞նչ դրվածք, ի՞նչ պարոն…