Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ» լեգենդար ֆուտբոլային թիմի նախկին ավագը խմբագրությունում էր, ինչո՞ւ

Մայիս 04,2019 13:00

Գյումրեցի կիսապաշտպան Ռուդիկ Եղիազարյանը եղել է «Արարատ» լեգենդար ֆուտբոլային թիմի ավագը, խաղացել թիմում 1964-1971թթ.: 1965-ին ստացել է փոքր ոսկե մեդալ՝ ԽՍՀՄ բարձրագույն խումբ մտնելու համար:

Նա ժամանակից շուտ է թողել ֆուտբոլը, քանի որ ոտքի հետ կապված երեք ծանր վիրահատություն է տարել:

Մեր ֆուտբոլիստը երկու բարձրագույն կրթություն է ստացել. ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտն ու ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Ֆուտբոլը թողնելուց հետո նա աշխատել է որպես ֆուտբոլի դպրոցի տնօրեն (ի դեպ, այդ դպրոցն է Համլետ Մխիթարյանը հաճախել-Ռ.Մ.), Երեւան քաղաքի կանաչապատման վարչության պետ, գյուղնախարարության շինարարական իրերի կոմբինատի տնօրեն:

1989 թվականին մեկնել է Սիբիր, հիմնադրել անտառտնտեսություն, եւ միջոցներ ուղարկել Գյումրի ՝աղետի գոտու վերականգնման համար:

75-ամյա կենսաթոշակառուն ասում է, որ իր բարեգործություններից անմասն չի մնացել նաեւ Արցախը:

Ի՞նչն է մեր անվանի մարզիկին բերել խմբագրություն:

«Հինգ տարի է՝ չեմ կարողանում վաճառել իմ սեփական բնակարանը, որովհետեւ համասեփականատեր եմ՝ պահանջում են դատարանի որոշում: Դատարան եմ ներկայացրել բազմաթիվ փաստաթղթեր, սակայն մի քանի վայրկյան լսելով ինձ՝ մերժել են հայցապահանջս: Իսկ պատասխանողները նիստին չեն էլ մասնակցում»,-ասում է նա:

Ռ. Եղիազարյանը դիմել էր նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը առաջին ատյանի վճիռը թողել է անփոփոխ:

«Գուցե մեր դատավորները չգիտեն, որ դատավորը խոսող օրենքն է, օրենքը՝ համր դատավոր: Ես ցավում եմ, որ իմ երկրում կան դատավորներ, որոնք վճիռ են կայացնում, զրկում հայցվորին սեփական բնակարանը վաճառելու իրավունքից, փաստորեն, դատապարտում չբուժվելու, սովի մատնվելու՝ չվախենալով անկանխատեսելի հետեւանքներից»,-հուզված ասում է Ռ. Եղիազարյանը:

Նշենք, որ Ռ. Եղիազարյանը 1995 թվականից որեւէ տեղ չի աշխատում, ստանում է 45 000 դրամ թոշակ, իսկ Վճռաբեկ դատարանն էլ օրեր առաջ մերժել է նրա բողոքը պետտուրքի 20 000 դրամ գումարը չմուծելու պատճառաբանությամբ:

Ռ. Եղիազարյանի դատական գործն ուսումնասիրելուց պարզեցինք, որ նա դիմել էր ընդհանուր իրավասության դատարան, իր սեփականություն հանդիսացող 100.16 քմ հողատարածքից 67.86քմ-ի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով:

Պատասխանողները երկուսն են՝ հարեւանները՝ Ա.Կարապետյանն ու Ս. Բեկնազարյանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այս տարվա հունվարի 30-ին բողոքը մերժել է:

Հայցվորին պատկանում է վիճելի տան առաջին հարկի 141 քմ մակերեսը, պատասխանող Ա.Կարապետյանին՝ տան նկուղային հարկի 73,3 քմ մասը, իսկ Ս. Բեկնազարյանին՝ բնակելի տան առաջին հարկի եւ կիսանկուղային հարկի 100քմ մակերեսը:

Նշված հողամասն էլ ծանրաբեռնված էր մի հարկանի տնով, որը կողմերն օգտագործում են փողոց դուրս գալու համար:

Ընդհանուր սեփականությունը անբաժանալի է:

Տարիներ առաջ, պատասխանող Ս. Բեկնազարյանի հայրը դատարանով հրաժարվել է ընդհանուր սեփականություն հանդիսացած 100,16 քմ հողամասի 31քմ մակերեսի նկատմամբ սեփականության իրավունքից՝ հօգուտ Ռ. Եղիազարյանի:

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մնացել է կառույցներից ազատ մի հողատարածք՝ 69,16քմ, որն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Ռ. Եղիազարյանին ու պատասխանող Ա. Կարապետյանին:

Ըստ Ռ. Եղիազարյանի, Քաղօրենսգիրքը հնարավորություն տալիս է «համատեղ սեփականության մասնակիցների մասնակցությամբ, դրա բացակայության դեպքում, դատարանի վճռով ընդհանուր գույքի նկատմամբ սահմանել այլ անձանց բաժնային սեփականություն»:

Նկատենք, որ վերաքննիչ դատարանը մերժել էր տարեց հայցվորի բողոքը հետեւյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ այն դեպքում, երբ առկա է համատեղ սեփականություն եւ որոշված չէ համասեփականատերերից յուրաքանչյուրի բաժնի չափը, դատարանը նախ պետք է որոշի յուրաքանչյուրին հասանելիք չափը, ապա նոր կարող է ճանաչել սեփականության իրավունքը տվյալ բաժնի նկատմամբ: Այսինքն՝ այն պարագայում, երբ ներկայացված չէ բաժինը որոշելու, այն սահմանելու պահանջ, դատարանն իրավասու չէ ճանաչել որեւէ մեկի սեփականության իրավունքը պահանջած բաժնի մասով, եթե չի ներկայացվել բոլոր համասեփականատերերի համաձայնությունը՝ բաժինները համաձայնեցված չափով սահմանելու վերաբերյալ»:
Մինչդեռ, վերաքննիչ դատարանը գործում առկա փաստաթղթերին ծանոթանալու դեպքում, կպարզեր, որ արդեն իսկ առկա է դատարանի վճիռ՝ հօգուտ Ռ. Եղիազարյանի, պատասխանողներից Ս. Բեկնազարյանի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին:

Այսքանով հանդերձ՝ տարօրինակ եզրահանգման է եկել դատարանը. «Հայցվորի վկայակոչած վճիռը բավարար չէ Ս. Բեկնազարյանի՝ տվյալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք չունենալու մասին հետեւություն անելու համար»:

Դատարանի վճիռը, եթե բավարար չէ որեւէ իրավական հետեւություն անելու համար, այդ դեպքում ինչու են հենց դատարանի վճիռները բողոքարկվում, իրավական գնահատականներ տրվում, օրինական ուժ ստանում, ինչպես հայցվորի նշած օրինական ուժ ստացած վճիռը: Որն է «ասնավանի» այդ դեպքում:

Ըստ ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների. «Պատասխանող Ա. Կարապետյանի եւ հայցվոր Ռ. Եղիազարյանի համատեղ սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ բաժիններ սահմանելու եւ նոր միայն բաժնի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ ներկայացնելու անհրաժեշտություն չկա»: Բայց չէ՞ որ Ռ. Եղիազարյանը դատարանին ներկայացրել էր, որ շինություններից ազատ հողատարածքը բաժանվել է կողմերի միջեւ, իսկ Ս. Բեկնազարյանը համասեփականատեր չի հանդիսանում նշայլ հողամասի նկատմամբ:

Ռ. Եղիազարյանն ասում է, որ ուզում է իր բաժինն ազատ տնօրինել, ուզում է, որպեսզի կարողանա զբաղվել իր առողջական խնդիրներով, որեւէ մեկից կախում չունենալով, իր սեփականությունը տնօրինելով, վաճառելով, սակայն ելքը չի գտնվում, եւ պահանջում է բեկանել վերաքննիչի որոշումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

03.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031