Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղբայր, ես հայ եմ եւ վերջ, ի՞նչ սփյուռքահայ»

Մայիս 04,2019 12:30

Հարցազրույց հայաստանյան մշակույթի մի քանի ոլորտում միաժամանակ «ներկա» Օշին Եղիազարյանցի հետ

– Պարոն Եղիազարյանց, վերջին շրջանում ձեր սփյուռքահայի անունը հոլովվում է հայաստանյան մշակութային մի քանի ոլորտներում միաժամանակ՝ ճարտարապետություն, կինո… Ասում են, որ ձեր գործունեությունը կապված է Արցախի հետ: Փաստում են, որ Շուշիի իսլամական դպրոցը «դարձրել եք» հայկական մշակութային կենտրոն եւ այլն, եւ այլն: Հիմա էլ խորացել եք հայկական հնաոճ գորգերի եւ խճանկարների բիզնեսում: Չգիտենք ինչքանով է համապատասխանում իրականությանը, որոշել եք հիմնել ակադեմիա: Ո՞վ եք դուք:

– Անվանս շուրջ պտտվող խոսակցությունների մեծ մասի հետ համակարծիք եմ, բացի բիզնես ոլորտում գործունեություն ծավալելուց: Ես մշակույթի մարդ եմ: Սկսեմ «սփյուռքահայ» որակումից, ինչի հետ չեմ հաշտվում: Եղբայր, ես հայ եմ եւ վերջ, ի՞նչ սփյուռքահայ… Ծնվել ու մեծացել եմ Իրանում, ապա տեղափոխվել Ֆրանսիա, ուսանել աշխարհի նշանավոր կրթարաններից Փարիզի Ժաք Լըքոքի հիմնած թատերական բարձրագույն արվեստի դպրոցում եւ կինոարվեստի համալսարանում:

Որպես ճարտարապետ աշխատել եմ ֆրանսիական տարբեր կազմակերպություններում: Ժաք Լըքոքի դպրոցում հանգրվանել է «Հանգստի քանդակ» կավե աշխատանքս: Շուրջ տասնհինգ տարի առաջ մշտական բնակություն հաստատելով Հայաստանում, որպես ճարտարապետ մասնակցել եմ սահմանամերձ գյուղերում իրականացված տարբեր կառույցների աշխատանքներին: Թատերական ոլորտում էլ թեեւ որեւէ աշխատանք չեմ վարել, բայց մշտապես փնտրտուքների մեջ եմ եղել, ինչը շարունակվում է մինչ օրս: Առանց չափազանցության ներկա եմ գտնվել բառացիորեն բոլոր հանրահայտ թատերական ռեժիսորների փորձերին:

Արցախյան թեմաներով երկրաշարժից մինչ վերջերս նկարահանել եմ վավերագրական ֆիլմերի շարք: Առաջին անգամ հայրենիք եմ եկել երկրաշարժից անմիջապես հետո: Ի դեպ, ֆրանսիական պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել եմ արցախյան բանակցություններին Գորբաչովի նշանակած Արցախի տեր ու տիրական Արկադի Վոլսկու հետ…

Արցախում գործունեությանս մասին երկար կարող եմ խոսել: Լաչինում Բերդաձորի կամրջի կառուցման ծախսերն էինք հոգացել…

Որպես նկարիչ հանդես եմ եկել ռեժիսոր Աղմոն ֆոր Քոփոլայի ժամանակին Կաննի միջազգային փառատոնին ներկայացված «C…Q…» լիամետրաժ ֆիլմում:

Ինչ վերաբերում է Շուշիի իսլամական դպրոցին, այո, երկու տարի է, ինչ ավարտել եմ դպրոցի վերականգնման ու վերանորոգման աշխատանքները, որը շուտով «հանդես կգա» իբրեւ հայկական մշակութային կենտրոն: Դա էլ ասեմ. քաղաքական ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է կենտրոնի բացումը:

Հա, հիշեցի, 1991-97թթ. ճանաչված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հետ եվրոպական TV-ների պատվերով իրականացրել ենք ֆիլմերի շարք: Այդ նպատակով Հայաստանում ստեղծվեց 150 աշխատատեղ: Եթե կուզեք իմանալ, մուլտֆիլմերի համար անհրաժեշտ նյութերը ներկրել եմ Եվրոպայից…

Ներկայացնեմ զբաղվածությունս գորգագործության ու խճանկարչության ոլորտում: Կրկնեմ, որ դա բիզնես չէ, ավելին՝ շուրջ 30 տարի Հայաստանի հետ կապված ոչ մի աշխատանքս բիզնես նպատակ չի հետապնդել: Այս պահին պետական մակարդակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Արարատի մարզի Նշավան գյուղում ակադեմիա հիմնելու ուղղությամբ, որտեղ հայկական գորգերի թանգարանում կցուցադրվի շուրջ 300 գորգ (IV դարից): Կբացվեն աշխատատեղեր, կարտադրվեն ժամանակակից գորգեր եւ վերանորոգման կարիք ունեցող թանկարժեք գորգերը դրսից կբերեն հայաստանյան ակադեմիա: Մեկ կարեւոր հանգամանք. ուսանողները զուգահեռ կաշխատեն ու կվարձատրվեն…

– Շուրջ ութ տարի առաջ ձեր պրոդյուսերությամբ, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի «Անպոչ ճգնավորը» ֆիլմը, որը ըստ էության նկարագիրն է Հայաստանի սոցիալական եւ քաղաքական իրավիճակի, ավելին՝ ֆիլմի գործողությունները կատարվում են նախագահական նստավայրում, տարաբնույթ խոսակցությունների առիթ տվեց: Այս առիթով փակագծեր կբացե՞ք:

– Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում դեռեւս լիիրավ չեն պատկերացնում պրոդյուսերի դերը: Այո, այս ֆիլմը ընտրվել էր «Ոսկե ծիրանում» ցուցադրվելու համար, բայց ես այն, իբրեւ պրոդյուսեր, արգելեցի… Զարմանքս մեծ էր, երբ իմացա, թե ցուցադրվել է ֆիլմի աշխատանքային տարբերակը… Չերկարացնեմ, հետո ֆիլմի պրեմիերան կայացավ. գլխավոր՝ նախագահի դերում նկարահանվել է Աշոտ Ադամյանը, հնչում են Էդվարդ Միրզոյանի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները «Հովեր» երգչախմբի կատարմամբ: Նկատեմ, որ ամեն ինչ վատ չէ հայաստանյան մշակութային դաշտում: Օրինակ, հիշում եմ իմ միջնորդությամբ պետական կամերային նվագախմբի ելույթը Թբիլիսիում Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ…

– Մեզ հայտնի է ձեր հիմնած հիմնադրամի գործունեությունը, բայց ոչ ամբողջովին: Հետաքրքիր է, դա զուտ մշակութայի՞ն է:

– Հիմնադրամս անվանել եմ «Փրունյուս Արմենիկա», թարգմանաբար՝ «Հայկական սալոր»: Պահը եկել է. ասեմ, որ աշխարհում ծիրանի ծառի անվանումը ոչ թե աբրիկոտ է, այլ փրունյուս Արմենիկա, եւ հիմնադրամիս շնորհիվ է, որ իրականացնում եմ ձեռնարկներս: Այո, հիմնադրամս «ճամփորդում է ու ճամփորդում»: Եվ եթե հայկական սալորը կամ ծիրանը՝ նկատի ունեմ մեր մշակույթը, չճամփորդեն՝ կմահանան:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

03.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ներողություն, բայց ամեն անգամ, երբ Իրանի հայը Հայաստանը անվանում է իր հայրենիք, ես տարակուսում եմ. իսկ միթե Իրանում հայերը չեն բնակվում իրենց բնօրրանում? Հո իրենք չեն գաղթել Իրան՝ Երևանից կամ Հայաստանի այլ մասերից, չէ? Իրենք Իրանում դարեր շարունակ ապրում են Հայաստանի պատմական տարածքների վրա՝ իրենց բուն հայրենիքում: Նույն հարցը վերաբերում է նաև Թուրքիայում ապրող հայերին: Ես ոչ թե պնդում եմ, այլ տարակուսում եմ, որովհետև իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է, որ կոնկրետ տարածքի բնիկը այդ տարածքն այսօր իրենը չի համարում: Խոսում եմ ոչ թե պետության մասին, այլ՝ պատմական, բնիկ տարածքների: Կապ չունի, պետության անունն ինչ է այս պահին, կարևորը նա է, որ դու քո սեփական հողի վրա ես, թե չէ?

    • Հ.Շ. says:

      Հարցը սակայն հողով չի վերջանար…

      Շատ երկար ժամանակ, ես ալ խորապէս կը հաւատայի – կամ երեւի՝ կ’ուզէի, կը ջանայի հաւատալ – թէ էական տարբերութիւններ չկան տարբեր տարածքաշրջանների հայ ծագումով էակների միջեւ: «Մէկ Ազգ, Մէկ Ժողովուրդ, Մէկ Հայրենիք», եւայլն. Հայոց Ազատագրական Շարժումի գաղափարական հիմունքների ամենակարեւորը:

      Այժմ հասած եմ այն եզրակացութեան որ այդ ըմբռնողութիւնը ոչ միայն չի համապատասխանէր իրականութեան, այլ կրնայ վնասակար հանդիսանալ: Անհրաժեշտ է որ ճանաչենք մեր ներքին, ներազգային տարբերութիւնները: Որպէսզի ըստ այնմ, կարծր իրականութեան հիման վրայ, շարունակուի մեր Պատմութիւնը: Եւ ոչ թէ պատրանքների, զուտ զգացումների վրայ:

      Գիտեմ որ ցաւագին հաստատում մըն է, սակայն միւս մօտեցումը այլեւս ինծի համար համազօր է ինքնախաբէութեան:

      Դարերի խորքէն՝ Արեւմտեան Հայաստանէն սերած, եւ մի քանի սերունդներէ ի վեր այս կամ այն երկրում բնակող հայը, չի կրնար լրջօրէն նկատուիլ որպէս «հայրենակիցը»՝ սերունդներէ ի վեր հարաւային կովկասի մէջ ծլած ու աճած հային:

      Let’s keep it real, ինչպէս կ’ըսեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031