Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր հայրենիք ունենալու տեսլականը

Մայիս 04,2019 12:00

Վերջին օրերի տեղեկատվական հոսքը առնվազն ալավերդցիների համար ինչ-որ տեղ սփոփիչ տեղեկատվություն բերեց. ոչ միայն եւս երկու ամսով հետաձգվում է «Վալլեքս» խմբի ընկերությունների «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների ազատումը եւ կրճատումը, այլեւ ՀՀ կառավարություն է ներկայացվում հայեցակարգային պլան՝ պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկման եւ աղացագնդերի նոր արտադրության կազմակերպման մասին։ Այս տեղեկատվությունը թերեւս կարելի է հույսի եւ լույսի շող համարել աշխատանքից ազատման իրական վտանգ ունեցող ավելի քան 700 աշխատողների համար։ Այս ամենով հանդերձ պետք է նկատել, որ ծրագրվող քայլերը ժամանակավոր են, իսկ Ալավերդու բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները՝ լարված եւ երկարաժամկետ լուծումների կարոտ։ Հուսով ենք, որ այս պարագայում «Վալլեքսը» կառավարության հետ համատեղ կգտնի ժամանակավոր լուծումների բոլոր հնարավորությունները եւ Ալավերդին չի դառնա գործազրկության կիզակետ, մանավանդ, որ այդպիսի նախադրյալ ստեղծվել է նաեւ Թեղուտի հանքավայրի փակումով եւ դեռեւս անհայտ հեռանկարով։

Նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Ալավերդում պղնձարդյունաբերության զարգացմանը, գիտեն, որ խնդրի հիմնարար լուծումը նոր ու ժամանակակից գործարանի կառուցումն է։ Հենց դա էլ կարող է դառնալ այն փրկօղակը, որը Լոռվա աշխարհի այս վայրում հնարավորություն կտա շարունակել պղնձի ձուլումը՝ դրանով անընդհատ լուծված ունենալով Ալավերդի քաղաքի եւ շրջակա շատ բնակավայրերի հիմնախնդիրները։ Ալավերդու մասին այս տեղեկատվությանը զուգահեռ աչքովս ընկավ եւս մեկ լուր այն մասին, որ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվել է համագործակցության «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովը՝ մասնակցությամբ 60 երկրների, 37 երկրների ղեկավարների։ Համաժողովի ընթացքում համաձայնության են եկել 283 ծրագրերի շուրջ, որի արժեքը կազմել է 64 միլիարդ դոլար։ Իմ մոտ հարց առաջացավ. իսկ չէ՞ր կարող դրանում լինել Ալավերդու պղնձաձուլական գործարանի կառուցման ծրագիրը, որը տեւական ժամանակ քննարկվում է չինական կողմի հետ, մանավանդ որ նմանօրինակ պայմանագրեր կնքվել են մեր հարեւան երկրների հետ՝ ծանրակշիռ նեդրումային գումարներով։

Հիմա ի՞նչ է ստացվում. խաղից դուրս իրավիճակում ենք հայտնվո՞ւմ՝ բավարարվելով օգնության ծրագրերով, թե՞ հանդես ենք գալիս լուրջ ու հիմնավորված ծրագրերով եւ դրանք առաջարկում ենք չինական կողմին: Այլ խոսքով, ակտիվ մասնակցում ենք նման համաժողովներին, ուր աշխարհաքաղաքական եւ տնտեսական առանցքային խնդիրներ են լուծում։ Ես, օրինակ, կուզենայի, որ իմ երկրի նախագահը կամ վարչապետը մասնակցեին այդ համաժողովին ու վստահ եմ, որ եթե ոչ այս անգամ, ապա հաջորդ նման համաժողովից հետո մեր պատվիրակությունը տուն կվերադառնա մեր տնտեսության զարգացման տեսլականների կոնկրետ ծրագրերով ու դրանց ֆինանսավորումով, մանավանդ Չինաստանուն ջերմ ու բարեկամական վերաբերմունք կա Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Դրանում համոզվել եմ բազմիցս, մանավանդ, երբ 2-3 տարի առաջ «Կարծիք» ստեղծագործական խմբով «Այդքա՜ն հեռու, այդքա՜ն մոտիկ Չինաստանը» խորագրի ներքո տեսաֆիլմերը պատրաստելիս: Պետք էր տեսնել այն պատրաստակամությունը, որ ունեին չինացի բարձրաստիճան պաշտոնյաները, տարբեր ընկերությունների ղեկավարները, մտավորականները, պարզապես հասարակ մարդիկ Հայաստանի նկատմամբ։ Այն ժամանակ քննարկվում էր անգամ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հնարավորությունը։ Նրանք էլ էին ընդգծում, որ շարունակելով մարդասիրական աջակցությունը Հայաստանին (օրինակ՝ շտապօգնության մեքենաների տեսքով), պետք է ներդրումային լուրջ ծրագրեր առաջարկել, ինչպես, օրինակ, Չինաստանն անում է Վրաստանում, Ադրբեջանում։ Իսկ այդ երկրներում ներդրումների գումարները միլիարդ դոլարներով են հաշվվում։ Հուսով ենք, որ այս առումով մեզ մոտ դեռ ամեն ինչ կորած չէ. եւ գո՞ւցե մեր երկրի ղեկավարների այցերի միջոցով հնարավոր կլինի Հայաստանը ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում։

Իսկ մենք վերադառնանք Ալավերդի եւ պաշտպանենք այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել թեկուզ գործարանի ժամանակավոր գործարկման հետ կապված։ Ինչ խոսք, որ նման լուծումները համարելով կարեւոր ու անհրաժեշտ, Ալավերդում միաժամանակ պետք է ունենալ ժամանակակից ու բնապահպանական առումով անվնաս մետալուրգիական արտադրություն, որի շարունակությունը կարող է լինել մալուխի եւ այլ արտադրատեսակների ստեղծումը։ Այս ամենի հետ կապված նման հաղորդագրությունները հույս ու հավատ են, բայց դրանք կարիք ունեն ավելի մանրամասնելու, պարզաբանելու, վերլուծելու։ Անհրաժեշտ կլինեն եւ հանրային քննարկումներ, որին պատրաստ են բոլոր նրանք, ովքեր անհանգստացած են Ալավերդու եւ տարածաշրջանի բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Ավելին՝ 2019-ը թումանյանական հոբելյանական տարի է, որն էլ իր բարի ուղերձները կբերի, որ մեզանից եւ ոչ մեկը չկորցնի հզոր հայրենիք ունենալու Թումանյանական տեսլականը։ Իսկ դրան պետք է հասնել ամեն օր պայքարելով։

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

«Լոռվա ձոր» հայրենակցական

միության նախագահ,

բանասիրական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ, 

03.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031