Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և շնորհավորել ապագա լրագրողներին և դասախոսական կազմին:
Արման Թաթոյանը ներկայացրել Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել լրագրողների աշխատանքի կարևորությանը ժողովրդավարության կայացման, հասարակությունում այլակարծության խթանման հարցերում։
«Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի և լրագրողների դերը այդ փոփոխությունների հարցում: Լրագրողի մասնագիտական աշխատանքը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։ Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:
USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ուսանողները Պաշտպանին են ուղղել նաև իրենց հետաքրքրող հարցերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, կանանց իրավունքների, խոսքի ազատության, սոցիալական մեդիայում ատելության խոսքի տարածման, քրեակատարողական հիմնարկներում անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ