Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանակական առումով զինադադարի ռեժիմի խախտումները կտրականապես նվազել են». Դավիթ Բաբայան

Մայիս 03,2019 20:50

«Մենք գործ ունենք նույն հակառակորդի հետ, որը չի փոխել իր ծրագրերը, տեսլականն ու վերաբերմունքը ՀՀ եւ Արցախի հանրապետության նկատմամբ:  Տարօրինակ երեւույթ չկա: Սա մեզ համար անակնկալ չպետք է լինի, բնական իրավիճակ է»,-անդրադառնալով Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ հակառակորդի կրակոցներին՝ ասաց ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վերջին ընթացքում հակառակորդի կրակոցներից նյութական կորուստներ շատ ենք ունեցել, պարոն Բաբայանն ասաց՝ ոչ:

Նրա խոսքով, քանակական առումով զինադադարի ռեժիմի խախտումները կտրականապես նվազել են. «Սա փաստ է, որեւէ մեկը չի ժխտում, մենք շատ բարձր ենք գնահատում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունները, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը չի վերանայել իր տեսլականը: 2018-ը Ադրբեջանի պատմության մեջ զորավարժությունների առումով աննախադեպ է  եղել՝ տանկերի, զրահատեխնիկայի, ռազմական օդանավերի, զինվորների քանակով ամենահագեցած զորավարժություններն էին, 2019-ը՝ նույնպես, արդեն երկրորդ անգամ է Թուրքիայի հետ են զորավարժություններ իրականացնում, հիմա էլ ընթանում են ու կրում է «Աթաթուրքի» անունը, հասկանալի է, չէ՞՝ սա էլ է հստակ պատգամ, թե իրենք ինչ են ուզում, ինչը եւս մեկ անգամ մեզ հուշում է, որ չպետք է կտրվենք իրականությունից ու հանկարծ մոռանանք՝ ում հետ գործ ունենք ու ինչ երկրի հետ. Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս որպես մեկ միասնական ճակատ, դիմադրելու հնարավորություն կա՞, իհարկե՝ կա, պետք է լինենք միասնական, մեր զինված ուժերը լինեն մշտապես մարտունակ»:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հայաստանյան այցին՝ պարոն Բաբայանն ասաց՝ նրանք մշտադիտարկում են իրականացնում ու դա կարեւոր առաքելություն է, որը թույլ է տալիս պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. «Հիմա գուցե կարելի ասել՝ ավելի լավ է այսպես անեին, ավելի լավ է այնպես անեին, բայց աշխարհաքաղաքականությունը բարդ երեւույթ է, միշտ պետք  է հաշվի առնել նաեւ իրականությունն ու այս իրականությունից չկտրվել»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արեւելյան (Ակնա) հատվածում  տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արեւելյան  (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգներից արձակել է շուրջ 330 կրակոց:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031