«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու առաջադրված 65 հոգուց արդեն 3-ը ինքնաբացարկ են հայտնել: Ինքնաբացարկ հայտնողների թվում է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Մեզ հետ զրույցում ՔՊ վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ որոշել են՝ վարչության թվակազմն ավելանալու է: Նախկինում 13-ի փոխարեն լինելու է 21 անդամ:
Առաջադրվելու համար ՔՊ վարչության անդամի թեկնածուները պետք է վճարեն 50 հազար դրամ այսպես ասած «մուտքի գումար» եւ եւս 150 հազար դրամ՝ ընտրապայքարին մասնակցելու համար: Թեկնածուն կարող է քարոզարշավից հետո, մինչեւ քվեաթերթիկները տպագրելը հրաժարվի մասնակցել, այդ դեպքում 150 հազար դրամն էլ չի տա: Իսկ եթե թեկնածությունը մնաց, ընդհանուր առմամբ 200 հազար վճարելու է: Մեր հարցին՝ այդ գումարի չափը նախորդ ընտրությունից հետո փոխվե՞լ է՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Թեկնածուները առաջադրման համար գումար են տալիս, որպեսզի համաժողովի ծախսը փակվի: Դա համաժողովի ծախսն է, այն ժամանակ 100 հազար էր, հիմա՝ 200 հազար է: Որպեսզի կուսակցության անդամավճարների բյուջեից չգնա, դրա համար է»: Նախկինում ՔՊ վարչության անդամի թեկնածուները վճարել են 50 հազար դրամ առաջադրվելու եւ 50 հազար դրամ՝ ընտրապայքարի մեջ մնալու համար: Վահագն Հովակիմյանի բացատրելով՝ հիմա ծախսերը շատացել են. «Հիմա ավելի մեծ դահլիճ պետք է վերցնենք, որովհետեւ պատվիրակների թիվն ավելացել է: Մի ամբողջ օր գնալու է, պատվիրակները պետք է սնվեն, ջուր խմեն: Մենք նույնը արել ենք այն ժամանակ, երբ ընդդիմություն էինք, ուղղակի հիմա իշխանություն ենք, ուշադրություն են դարձնում: Եթե մեզանից մյուս կուսակցությունները ընդօրինակեն դա՝ շատ լավ կլինի»:
Հարցին՝ այն, որ ՔՊ վարչության անդամ առաջադրվելու համար պիտի 200 հազար փող մուծեն, դա չի՞ կաշկանդի, կարող է մեկն ուզում է առաջադրվել, բայց այդքան փող չունի՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ դրա լուծումն էլ ունեն. սկզբում թեկնածուն մուծում է միայն 50 հազար դրամ, իսկ 150 հազար դրամը վճարում է քարոզարշավից հետո. «Դու քարոզարշավի ժամանակ հնարավորություն ունես թիմ հավաքել, մարդիկ, ովքեր կուզեն, որ դու անպայման առաջադրված լինես, քո կուսակցական ընկերները կարող են 1000-1000 դրամ հավաքեն ու տան, որ դու չհրաժարվես այդ մտքից, մենք նման դեպք ունեցել ենք: Բայց դու մինչ այդ պետք է քո կուսակցական ընկերներին համոզես, որ դու օգտակար ես, կարող ես օգուտ տալ, նպաստել կուսակցության զարգացմանը եւ այլն»:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ առաջադրված 62 թեկնածուներից, եթե այլեւս ինքնաբացարկ հայտնողներ չլինեն, ՔՊ բյուջեում կհավաքվի 12 մլն 400 հազար դրամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ