Ներմուծվող ցեմենտի վրա 22 հազար դրամ տուրք կիրառելու նախաձեռնությունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն է եղել: Այսօր Aravot.am-ն նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց՝ այդ նախաձեռնությամբ կռիվ գցեցիք ԲՀԿ-ի եւ «Իմ քայլ»-ի միջեւ: Նախարարը մեր դիտարկմանը լուռ ժպիտով պատասխանեց: Իսկ թե՝ արդյոք արդարացի է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պահանջը՝ տուրք սահմանել նաեւ ներկրվող կլինկեր շինանյութի համար, նախարարը պատասխանեց նախապատմությունը ներկայացնելով, թե սկզբում ինչպես է ներկայացվել նախագիծը եւ ինչ նպատակ ուներ:
17 տարի առաջ ձեռք բերած «Արարատցեմենտ» գործարանը Գագիկ Ծառուկյանը պատգամավոր դառնալուց հետո հանձնել է հավատարմագրային կառավարման, Ծառուկյանը պնդում է, որ ինքը բիզնեսի հետ կապ չունի: Երբ պարզվեց, որ նախագծում կլինկերի վրա տուրք սահմանելու դրույթը չկա, գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին կրճատելու մասին ծանուցումներ ուղարկեց, հետո ցույցեր եղան, հետո Ծառուկյանը հանդիպեց ցուցարար աշխատակիցների հետ ու խոստացավ, որ չի կրճատի, բայց, նրանց ասաց, որ ինքը չէ ժողովրդի թշնամին, այլ՝ համապատասխան հանձնաժողովի այն անդամները, որոնք չեն ուզում կլինկերի վրա տուրք կիրառվի:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի եւ «Արարատցեմենտի» ղեկավարության պահանջի արդարացիությանը՝ նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց. «Մենք նախաձեռնությունը ցուցաբերել ենք, որպեսզի պաշտպանվեն տեղական արտադրողները, եւ ի սկզբանե չտարանջատելով կլինկերի կամ ցեմենտի համար տուրքը: Մտածում էինք, որ խոսքը առավելապես վերաբերում է ցեմենտի արտադրողին, հետո հասկացանք, որ 100 -ը գերազանցող աշխատատեղեր կան նաեւ այն կազմակերպություններում, որտեղ կլինկերից ցեմենտ են արտադրում՝ կատարելով որոշակի արտադրական ծախսեր, վճարելով աշխատավարձեր եւ այլն: Բնականաբար, եթե կիրառվեր հարկի տուրքի նույն դրույքաչափը, ապա նրանք միանգամից կփակվեին, որովհետեւ չէին կարող այդ բարձր տուրքը վճարելով հետո էլ արտադրական ծախսեր անել ու շարունակել մնալ մրցունակ»:
Նախարարի խոսքերով՝ առաջացավ խնդիր, թե որքա՞ն են նրանց ծախսերը, որքա՞ն է նրանց ինքնարժեքը եւ արդյոք պե՞տք է տուրք լինի.«Առաջին տպավորությունը այն է, որ կլինկերի գնման հարկերը վճարելու՝ առանց տուրքի, տեղափոխման ծախսերի, վերամշակման ինքնարժեքի այսօրվա եղած թվային ցուցանիշների արդյունքում եզրակացությունն այն է, որ իրենց ինքնարժեքը տեղական արտադրողի ինքնարժեքին է հավասար, եւ որեւէ տուրք սահմանելով կարող է լինել իրենց ծախսերի ավելի բարձր մակարդակ, քան ցեմենտի խոշոր արտադրողներինը: Առաջին ընթերցմամբ որոշվեց, որ քվեարկվում է առանց այդ կետի, հետո անդրադառնում ենք դրա մանրամասն համեմատություններին»:
Կարդացեք նաև
Այդ խնդրի շուրջ աշխատանքային քննարկումները շարունակվում են: Նախարարն ասաց, որ չի ցանկանում առաջ ընկնող եզրակացություններ կամ ենթադրություններ անել. «Ուզում եմ վստահեցնել, եթե պարզվի, որ իրենց հավասար պայմաններում պահելու համար պետք է կլինկերի որոշակի տուրքի կիրառում, ապա երգակցությունը կլինի դա: Եթե վերջում պարզվի, որ այդպիսի տուրքի կիրառությունն անհավասար, անմրցունակ պայմանների մեջ կդնի այդ փոքր արտադրողներին եւ իրենք շուկայից դուրս կգան աշխատատեղերը փակելով, համապատասխանաբար որոշում կկայացվի, որ չի կիրառվելու: Սպասենք, մի քանի աշխատանքային քննարկումներ են լինելու, կավարտվեն, նոր որոշումը բոլորին հայտնի կդառնա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Սահմանելով ցեմենտի վրա 22000հազար տուրք Կառավարությունը հովանավորում է ցեմենտ արտադրողներին,որոնք դեռ մի բան էլ բողոքում են:Ցեմենտի տուրքը պետք է լիներ 50000×23%/100=11500դրամ,որտեղ 50000-ը Հայաստանի ներսում ցեմենտի գինն է: Սահմանելով 22000հազար կառավարությունը խախտում է սպառողների իրավունքները: