Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր շարունակեց քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին տեղեկացրեց, որ քննիչը կալանք է դրել Ռոբերտ Քոչարյանի՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող գույքի՝ բնակարանի, բանկային հաշիվների եւ ակտիվների վրա: Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ամփոփելով իրենց բողոքը, համոզմունք հայտնեց, որ երկրորդ նախագահի գույքի վրա կալանք քնելու քննիչի որոշումն ապօրինի է, քանի որ 2018թ.-ին կալանք սահմանելու ժամանակ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս առաջադրված չի եղել կաշառք ստանալու մեղադրանք. «Ռոբերտ Քոչարյանի գույքն անգամ չի գնահատվել, որպեսզի պարզ լիներ՝ գույքը բավարա՞ր է դատական ծախսերն ապահովելու համար»: Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտպանի մոտեցումն անհիմն համարեց: Նրա խոսքով՝ գույքի վրա կալանք դնելն իրավաչափ նպատակ է հետապնդել՝ նախաքննության ընթացքում հնարավոր քաղաքացիական հայցերը եւ դատական ծախսերն ապահովելու նպատակով:
«Դրանք կարող են ի հայտ գալ նաեւ դատաքննության ընթացքում: Ողջամիտ է, երբ կա երեք միլիոն դոլարի կաշառքի մեղադրանք, որի պայմաններում բնակարանն արգելանքի տակ է դրվում՝ բռնագանձման նպատակով»,-համոզմունք հայտնեց մեղադրողը: Ապա Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ Քոչարյանի աշխատասենյակից առգրավված են նրա բանկային փաստաթղթերը, օրինական կարգով ձեռքբերված հրազենը՝ մի քանի օրինակ, նույնականացման քարտը, աշխատանքային պայմանագիրը. «Այս ամենը գործով իրեղեն ապացույց չի ճանաչվել, ինչո՞ւ մինչ օրս չի վերադարձվում»: Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը պարզաբանեց՝ զենքերը պատկանում են Ռոբերտ Քոչարյանին, ուստի կարող են տնօրինվել միայն նրա կողմից, հետևաբար նրա՝ կալանավորված լինելու պարագայում որեւէ այլ անձի հսկողության ներքո չեն կարող հայտնվել: Իսկ բանկային եւ մյուս փաստաթղթերին դատախազը նախընտրեց այս պահին չանդրադառնալ:
Քոչարյանի պաշտպանը պնդեց. «Խուզարկության ժամանակ քննիչը նշել է, որ այդ առարկաները կապ չունեն գործի նյութերի հետ: Օրինակ՝ նույնականացման քարտը որեւէ կերպ չի կարող կապ ունենալ քրեական գործի նյութերի հետ, իսկ բանկային քարտը չի կարող կապ ունենալ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ»: Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը դատարանը կշարունակի հունիսի 6-ին ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում ՀՀ սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նա կալանավորված է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ